Առեւտուրը «մեռել» է

26/05/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանյան հայտնի «Գումի» շուկայում վաճառողներից շատերն առեւտուր չլինելու պատճառով այն աստիճանի ագրեսիվ են դարձել, որ անգամ մոռանում ես, թե ինչի՞ համար ես շուկա գնացել:

Շուկա մտնողին թվում է, թե ինքը մասնակցում է աննախադեպ ցուցահանդեսի` սկզբից հայկական ավանդական չրեղենի անձեռնմխելի տեսականին է, որին հայ գնորդները պետք է հեռվից նայեն, հետո իրենց էլիտարությամբ գնորդին բարձրից նայող ոչ տեղական բանջարեղենն ու մրգերն են, որոնք իրենց` դասականության ձգտող ռաբիսի քողի տակ ծածկում են կարմիր բողկի, կանաչու տեսականու «մելիզմաշատ» բողոքները: Թեպետ սրանք արդեն պակաս գին չունեն: «Նախորդ տարի ավելի էժան էր: Օրինակ, կարմիր բողկն ու կանաչին մի 50 դրամով թանկացան` 150-200 դրամի են հասել: Դե, մենք ուրիշներից ենք գնում, էդ ուրիշներն էլ՝ գյուղացիներից»,- պատմում է տիկին Բուրաստանը, ով կանաչ սոխի «պարանոցից» բռնած, ասես, առեւտուր չանելու մեղավորին էր պատժում: Մինչդեռ «էլիտար» հարեւանները երիտասարդ վաճառողի ձեռքով հերթով լոգանք էին ընդունում, որովհետեւ իրենք հո խառը կանաչի չե՞ն, որ իրենց պակաս-պռատը չերեւա: «Էս տարի պոմիդորն էլ, բադրիջանն էլ, իրոք, թանկացել են: Օրինակ` բադրիջանի մի հատը 700 դրամ է, կիլոն` 1500, նայած: Անցած տարի ավելի էժան էր` մի հատ բադրիջանը 500 դրամ էր»,- նշում է վաճառողը: Վերջինիս համոզմամբ՝ բանջարեղենի եւ մրգերի գների բարձրացումը պայմանավորված է գազի, պարարտանյութերի թանկացմամբ: «Նայեք, էս սաղ բանջարեղենը պառնիկի ա: Հիմա, ասենք, էս բադրիջանը պիտի աճի շատ բարձր ջերմությամբ: Գյուղացիներն էլ գազով են տաքացնում էդ պառնիկինը, դե, գազն էլ թանկացավ, այսինքն` իրենց ծախսերն էլ շատացան: Պլյուս դրան էլ պարարտանյութերն էլ թանկ ու կրակ են` մի պարկն արժե 9000-12.000 դրամ»,- ասում է վաճառողը` նկատելով, որ իրենք` վաճառողները, ինչքան էլ դժգոհեն առեւտրից, այնուամենայնիվ, հացի փողն աշխատում են: Մինչդեռ վաճառող երիտասարդի կարծիքով՝ միակ տուժողը գյուղացին է, ով իր չարքաշ աշխատանքի արդյունքը իրենց է հանձնում գրեթե կոպեկներով: «Մենք հլա մի 150 դրամի օգուտ ենք անում, բա գյուղացի՞ն: Չնայած խեղճ գյուղացուն էլ մնում ա` ստացած փողով մակարոն առնի` ուտի, ու էդպես ամբողջ տարի մակարոնի փող ա աշխատում գյուղացին»,- ավելացնում է վաճառողն ու շարունակում իր «ազնվազարմներին» տեսքի բերել: Իսկ տիկին Ջուլիկն էլ, թեեւ համոզված է, որ այսօր էլ առեւտուր չի լինելու, բայց իր մշտական պարտականությունն է կատարում` ելակը դասավորելով փոքրիկ ամաններում: Վաճառողուհին, ով արդեն 16 տարի է` աշխատում է «Գումի» շուկայում, զարմանում է, որ մի ժամանակվա «Գումի» շուկայում առեւտուր չկա: «Արդեն երկրորդ տղայիս եմ բանակ ճանապարհել: Լավ-վատ ապրել ենք: Չնայած առաջ առեւտուրը շատ լավ էր: Որ ասեմ՝ գները բարձրացան, չէ: Դե ելակինը նույնը մնաց` 1800-3000 դրամ ա: Առաջ խմորեղենի ցեխերից գալիս էին մեզնից հատապտուղ առնում, հիմա չէ, որովհետեւ սուպերմարկետներից են առեւտուր անում բոլորը»,- դժգոհում է տիկին Ջուլիետան` փորձելով գտնել սուպերմարկետի ու շուկայի տարբերությունները: Ըստ նրա` երկուսի պարագայում էլ գները նույնն են, բայց ամենամեծ տարբերությունն այն է, որ սուպերմարկետներում մարդկանց «տեղ ու դադար» չկա, իսկ իրենք, ասես, պարապուրդի մեջ են: Նույնն ասացին նաեւ մսամթերքի վաճառքի կետերում, որտեղ նախորդ տարվա համեմատ՝ գներն իջել են` խոզի միսը 3500-ից հասել է 2500-ի, իսկ տավարի մսի գինը մեկ շաբաթ առաջ 100 դրամով թանկացել է: «Առեւտուր համարյա չկա: Չէ, դա մենակ խոզի գրիպի հետ չի կապված` առնողն առնում ա, չառնողն էլ չի առնում: Կամ էլ մենք ի՞նչ կապ ունենք Մեքսիկայի հետ: Արդեն մի տարի ա` էս վիճակն ա»,- նշում է մսավաճառը, ում հարեւան մսավաճառները պարապությունից խորովածի պատրաստություն էին տեսնում: Սա կարծես նոր «ֆիլմ» է, որի վերնագիրը շփոթության տեղիք է տալիս` Մենք ենք, մեր հոգսերը, որի խորովածի հոտը հաստատ գյուղացին չի զգա, փոխարենը ամեն օր կապրի այն հույսով, որ Գյուղատնտեսության «մինիստրությունը» իրենց օգնելու է: Ու նրան հետաքրքիր չէ այն, թե Երեւանում իր բերքը ինչքանով են վաճառում: Նրան միայն հետաքրքիր է այն, թե երբ ի վերջո պետությունը կօգնի իրեն: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահագ Մարտիրոսյանից: Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին նախարարությունում շատ խառը վիճակ է, նախարարը փոխվել է, ու մարզային այցելությունների մեջ է, հարցերն էլ պետք է ուղարկել գրավոր տարբերակով, որոնց պատասխանները վարչության պետի հավաստմամբ` կլինեն 10 օրվա ընթացքում: Այս պարագայում զարմանալին այն է, թե ընդհանրապես ի՞նչ կապ ունի նախարարը այն հարցերի հետ, որոնք, ըստ երեւույթին, որեւիցե առնչություն չունեին նախարարի` նոր կամ հին լինելու հետ: Ինձ միայն հետաքրքրում էր այն, թե պետությունն ինչով է օժանդակում գյուղացուն: «Դա գիտեք` ի՜նչ գլոբալ հարց է»,- ասացին նախարարությունում: