Նախօրեին ավարտվել է Կաննի 62-րդ փառատոնը, որ մեկնարկել էր մայիսի 13-ին եւ իր հիմնական մրցույթում ընդգրկել 20 ֆիլմեր, այդ թվում` այնպիսի ճանաչված ռեժիսորների աշխատանքներ, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը, Լարս ֆոն Տրիերը, Քվենտին Տարանտինոն: Բայց վերջիններից եւ ոչ մեկը չի արժանացել Գլխավոր մրցանակին` «Ոսկե արմավենուն» (Palme d’Or), որն այս տարի բաժին է հասել ավստրիացի ոչ պակաս հայտնի ռեժիսոր Մայքլ Հանեկեին «Սպիտակ ժապավեն» (The White Ribbon) ֆիլմի համար: Կանն 2009թ. երկրորդ մրցանակը` «Գրան- պրին», ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարը «Նահապետ» (A Prophet) ժապավենի համար: Կինեմատոգրաֆում ունեցած մեծագույն վաստակի համար հատուկ մրցանակ է շնորհվել 86-ամյա ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ռենեին: Ժյուրիի մրցանակը կիսել են 2 ռեժիսորներ` բրիտանուհի Անդրեա Առնոլդը եւ կորեացի Պարկ Չան-Վուկը:
Կաննում տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Շառլոտ Գեյնսբուրը Լարս ֆոն Տրիերի «Հակաքրիստոս» (Antichrist) ֆիլմում իր դերի համար, իսկ լավագույն դերասան` Քրիստոֆ Վալցը, Քվենտին Տարանտինոյի «Անամոթ սրիկաները» (Inglօrious Bestards) ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար մրցանակի է արժանացել «Գարնանային տենդ» (Spring fever) ֆիլմի հեղինակ, կորեացի ռեժիսոր Լու Յեն, իսկ լավագույն ռեժիսուրայի համար է մրցանակ շնորհվել ֆիլիպինցի Բրիլանտե Մենդոզային «Կինատայ» ֆիլմի համար:
Կաննի այս տարվա կարճ ֆիլմերի մրցույթում «Ոսկե արմավենի» մրցանակով լավագույնն է ճանաչվել պորտուգալացի ռեժիսոր Ժոաո Սալավիզայի «Արենան»: «Սպիտակ ժապավենի» ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Մ. Հանեկեն այս տարի փառատոնին մասնակցում էր արդեն 9-րդ անգամ, որից 6-ը` գլխավոր մրցույթում: 2001թ. Հանեկեի «Դաշնակահարն» արժանացել էր Կաննի «Գրան-պրիի», իսկ 2005թ. նա լավագույն ռեժիսոր էր ճանաչվել «Թաքնված» ժապավենի համար: