Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր վերջին ելույթում խոսել է էթնիկ փոքրամասնությունների տեղահանման պատմական փաստերի մասին: Մասնավորապես, Թուրքիայի վարչապետը էթնիկ փոքրամասնությունների տեղահանումը որակել է որպես «ֆաշիստական գործողություն»: Երկրի որոշ վերլուծաբանների գնահատմամբ, սա էական քայլ է Թուրքիայի վարչապետի կողմից: Ըստ փորձագետների, Էրդողանի այդ ելույթը պատմական առաջընթաց է, քանի որ սա առաջին անգամն էր, երբ բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է, որ Թուրքիայում անցյալում եղել են էթնիկ փոքրամասնությունների անօրինական եւ ապաժողովրդավարական տեղահանումներ: Սակայն, ինչպես ընդգծել են էթնիկ փոքրամասնությունների համայնքների անդամները, խոսքերը պետք է գործողությամբ ապացուցել, որոնք նպատակաուղղված կլինեն կարգավորելու այդ փոքրամասնությունների խնդիրները: Էրդողանը նման ելույթով հանդես է եկել երկրի Դյուզչե նահանգում` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարեկան շրջանային կոնգրեսի շրջանակներում: Նշենք, որ Էրդողանի ելույթը մասնավորապես վերաբերում է Ստամբուլում 1955թ. սեպտեմբերի 6-ին եւ 7-ին գրանցված դեպքերին, երբ կատաղած ամբոխն այրել է հունական խանութներ եւ տներ: Դա տեղի է ունեցել կեղծ լուրերի շրջանառությունից հետո, թե իբր Սալոնիկում այրել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տունը: Իրականացված ջարդերից հետո բազմաթիվ հույներ, ովքեր ծնվել եւ ապրել էին Ստամբուլում, ստիպված էին լքել քաղաքը: