Վայնասունի պատճառը փողի պակասությունն է

25/05/2009

«Եթե 2008 թվականի վերջին տրված պետական վարկերը ԱՄՆ-ում հաջողությամբ ետ վերադարձվեն մինչեւ աշուն, ապա աշնանն այնտեղ կսկսվի տնտեսության վերականգնումը: Դա նշանակում է, որ Ռուսաստանում այդ վերականգնումը կսկսվի 3-9 ամիս հետո՝ կախված նաեւ նավթի գների դինամիկայից»,- մեր թղթակցի հետ զրույցում ներկայացնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման հնարավոր ժամկետների վերաբերյալ իր կանխատեսումները, հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ինչ վերաբերում է Հայաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ժամկետներին, ապա, ըստ Հ. Բագրատյանի, դա տեղի կունենա ամերիկյան տնտեսության վերականգնման փուլի սկզբից 6-12 ամիս անց, այսինքն` 2010 թվականի գարնանը կամ աշնանը: Իսկ մինչ այդ, մասնավորապես 2009 թվականին, ՀՀ նախկին վարչապետի կանխատեսումներով, Հայաստանի Համախառն ներքին արդյունքի անկման ցուցանիշը կլինի 6.5-11 տոկոսի միջակայքում: Ի դեպ, մենաբանելով այն հանգամանքը, որ մինչեւ վերջերս Հայաստանի տնտեսության մասին միայն «երկնիշ հայտարարություններ» անող իշխանությունները վերջերս սկսել են ավելի շատ խոսել տնտեսական ճգնաժամի մասին, Հրանտ Բագրատյանն ասել է. «Գրեթե բոլորը բիզնես ունեն: Տեսան, որ փողը պակասում է: Էլ ո՞նց կլիներ: Վայնասուն բարձրացրին, թե ճգնաժամ է ու վերջ: Ընդ որում, շատ հարցերում հիմա նրանք ավելի պեսիմիստ են, քան ընդդիմությունը: Հասկանալի է` իրենց փողը պակասել է»: