Հայկական քաղաքատնտեսության տրակտատ

25/05/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Առաջարկը ծնում է պահանջարկ»,- մոտ 200 տարի առաջ ասել է ֆրանսիացի տնտեսագետ Ժան Բատիստ Սեյը։ Բացատրությունը պարզ էր. նա գտնում էր, որ գերարտադրություն չի կարող լինել. արտադրության ընթացքում գոյանում են եկամուտներ՝ աշխատավարձի, հումքի եւ վառելիքի համար կատարված ծախսերի, շահույթի տեսքով։ Հետո այդ եկամուտները ստացած մարդիկ գնում են ապրանքներ եւ ծառայություններ, այսինքն՝ ձեւավորում են պահանջարկ։ Ու ելնելով այս տրամաբանությունից՝ Սեյը պնդում էր, որ ամբողջական առաջարկը միշտ հավասար է ամբողջական պահանջարկին։

Այս հիպոթեզը տնտեսագիտական մտքի պատմության մեջ մտել է «Սեյի օրենք» անունով։ Հետագա ժամանակների տնտեսագետները, իհարկե, «սխալ հանեցին» Սեյին՝ նշելով, որ մարդիկ իրենց եկամուտներն ամբողջությամբ չեն ծախսում։ Սեյը մոռացել էր մի շատ կարեւոր գործոն` խնայողությունները։ Լինում են դեպքեր, երբ պահանջարկը փոքր է լինում առաջարկից, ու առաջանում է լճացում։ Եվ հենց այդ դեպքերում է կարեւորվում պետության դերը, որը պետական ծախսումների միջոցով փորձում է մեծացնել պահանջարկը եւ խթանել արտադրությունը։

Ի՞նչ կապ ունի պատմական այս փոքր էքսկուրսը մեր օրերի հետ։ Բանն այն է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային քայլերից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ղեկավարվում են Սեյի երկարաշունչ «Քաղաքատնտեսության տրակտատ, կամ պարզ շարադրանք այն եղանակի, որով ձեւավորվում, բաշխվում եւ սպառվում են հարստությունները» վերնագրով աշխատությամբ: Եվ այսպես, ի՞նչ է արել եւ ի՞նչ է անում հայրենի կառավարությունը՝ ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար։ Առաջին հերթին ուշադրություն է դարձնում շինարարության ոլորտին։ Կառուցապատողներին 20 միլիարդ դրամի պետական երաշխիքներ տալու մասին արդեն շատ է գրվել։ Սակայն, ինչպես երեւում է, կառավարությունն առանձնահատուկ հոգատարությամբ է վերաբերվում այս ոլորտին։ Մասնավորապես, կառավարությունն իր վերջին նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեւակերպմամբ, սա «աննախադեպ օրենքի նախագիծ է» եւ կրելու է ժամանակավոր բնույթ, հակաճգնաժամային բովանդակություն ունի։ Իսկ օրենքն այն մասին է, որ խոշոր նախագծերի իրականացման պարագայում պետությունը սուբսիդավորելու է դրանք այն գումարի չափով, որքան այդ նախագիծը հարկային մուտքեր է ապահովում մեր բյուջե։ Կամ, եթե ավելի պարզ ասենք, դրանք ազատվում են հարկերից։ «Այդպիսով, պետությունը ոչ մի վնաս չի կրում, այլ խթանում է, որպեսզի խոշոր ներկրողներ (ըստ երեւույթին վրիպակ է, թերեւս վարչապետը նկատի է ունեցել ներդրողներին, չնայած՝ ո՞վ գիտի – Բ.Թ.) հայտնվեն մոտակա երկու տարվա ընթացքում»,- կառավարության նիստում ասել է վարչապետը (http://www.gov.am/am/ news/ item/7295/)։ Ամեն ինչ ճիշտ է, սակայն նշենք, որ հայրենի կառուցապատողները (որոնք իշխանության ներկայացուցիչներ կամ նրանց հովանավորյալներ են) չեն հապաղի ձեւական օտարերկրյա մասնաբաժին ձեւակերպել որեւէ Ջոն Սմիթի անունով ու օտարերկրյա ներդրողի քողի տակ հանգիստ ազատվել հարկերից։

Ինչեւէ, անցնենք առաջ։ Հակաճգնաժամային մյուս քայլերը վերաբերում են փոքր ու միջին ձեռնարկատիրությանը ցուցաբերվող աջակցությանը։ Դեռ մայիսի սկզբին կառավարությունն ընդհանուր առմամբ 1.3 միլիարդ դրամի ֆինանսական ռեսուրսներ տրամադրեց թվով 7 ընկերությունների։ Իսկ երկու օր առաջ տեղի ունեցած նիստում կառավարությունը որոշել է «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք՝ 746 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Բացի այդ, կառավարությունը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի

11-ի «Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009թ. ծրագիրը հաստատելու մասին» N 1480-Ն որոշման հավելվածում։ «Այս որոշումն ունի նաեւ հեռահար նպատակ։ Ստանալով ռուսական վարկը, մտադիր ենք զգալի հատկացումներ կատարել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Դուք տեղյակ եք, որ մենք ՀԲ-ի հետ բանակցում էինք, եւ մեր պահանջարկը ՓՄՁ-ի համար կազմում էր 250 մլն դոլար։ Անցյալ տարի շուրջ 15 մլրդ դրամ հատկացրինք ՓՄՁ-ին, այս տարի ԱԺ-ն վավերացրեց մեր համաձայնագիրը ՀԲ-ի հետ՝ եւս 50 մլն դոլար տրամադրվեց։ Ահա այժմ ռուսական վարկից նույն նպատակին կհատկացվի շուրջ 30 մլն դոլար։ Միջոցներ են հատկացվելու նաեւ հիպոթեքային հիմնադրամին։ Հուսով ենք, որ այս միջոցառումները նույնպես կնպաստեն ճգնաժամի բացասական ազդեցության մեղմմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Փաստորեն՝ բոլոր քայլերն ուղղված են առաջարկի խթանմանը։ Պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հայրենական ապրանք ու ծառայություն մատակարարողներին։ Թվում է՝ ճիշտ ուղու վրա ենք։ Բայց եթե մի քիչ մտածենք, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Ենթադրենք, պետական աջակցություն ստացած ընկերությունները սկսեցին արտադրել ու շուկա դուրս բերել իրենց արտադրանքը։ Ո՞վ է լինելու գնորդը։ Դրսի շուկաներում անգամ նախաճգնաժամային պայմաններում հայկական ընկերությունները չէին կարողանում մրցակցել, իսկ ներքին շուկայում այժմ ամեն ինչ բարդացել է։ Հասարակ մի օրինակ. ՀՀ առեւտրային բանկերի մեծ մասը փաստացի դադարեցրել են սպառողական վարկավորումը։ Իսկ վարկեր տրամադրելու դեպքում վարկավորումն իրականացնում են հիմնականում դոլարով։ Պատճառը դրամի նկատմամբ անվստահությունն է։ Այս մասին կառավարությունում դժվար թե չիմանան։ Դե, իսկ հիպոթեքային վարկ ստանալը դարձել է սխրանքի պես մի բան։ Եթե սրան էլ գումարենք դրսից եկող մասնավոր տրանսֆերտների ծավալների նվազումը եւ գործազրկության աճը, ապա պատկերն ավելի լիարժեք կդառնա։

Այս ամենի մեջ կա մի հետաքրքիր նրբերանգ եւս։ Գործարարներին պետությունը ոչ թե անվարձահատույց օգնություն է տրամադրում, այլ վարկ։ Իսկ վարկերը, ինչպես հայտնի է, հարկավոր է վերադարձնել՝ տոկոսներով հանդերձ։ Տա Աստված, որ ֆինանսական ռեսուրսներ ստացած բոլոր ընկերությունների (եւ ոչ միայն նրանց) ծրագրերը հաջողվեն։ Սակայն, այդուհանդերձ, մի պահ մտածենք՝ ի՞նչ կլինի, եթե նրանք ձախողվեն, սնանկանան եւ չկարողանան վերադարձնել վարկերը։ Այդ դեպքում՝ պետությունն է պարտավոր լինելու վճարել այն գումարները, որոնք տվյալ ընկերություններին տրամադրել են բանկերը, քանի որ պետությունը «պետական երաշխիքներ» տալով ստանձնել է այդ ռիսկը։ Իսկ պետության գումարները, ինչպես գիտեք, գոյանում են մեր՝ հարկատուներիս վճարած գումարներից։ Այսինքն՝ տուժողը լինելու են հասարակ քաղաքացիները: Ինչպես լինում է միշտ։