«Հարկային օրենսդրության փոփոխությունները կարող են հանգեցնել կառավարության հրաժարականին»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` նշելով, սակայն, որ հրաժարական պահանջողը «Ժառանգությունը» չի լինելու: Ա. Մարտիրոսյանի այս կանխատեսումը դուր չի եկել իշխանական պատգամավորներին: «Ինչպե՞ս թե հրաժարական ենք պահանջելու: Մենք իշխանության մաս լինելով՝ մեր հրաժարակա՞նն ենք պահանջելու»,- կոալիցիոն երկվության հեռանկարից հուզված` ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը:
«Ժառանգության» կանխատեսումը անհիմն է համարել նաեւ ԲՀԿ-ն: «Ես, իհարկե, գիտեի, որ «Ժառանգությունը» շատ ունակություններ ունի, սակայն չգիտեի, որ նրանք նաեւ կանխատեսումներով ու գուշակություններով են զբաղվում»,- ասել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: «Մարդկանց պետք է զարմացներ, որ շատ երկար ժամանակ ԱԺ-ում նման բուռն քննարկում չէր լինում, ու ոչ թե հակառակը: Հարկային օրենսդրության փաթեթի վերաբերյալ ես նույնպես ունեմ իմ վերապահումները եւ հաջորդ քառօրյայում կհնչեցնեմ»,- ասել է նա:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժառանգության» կանխատեսումը որակել է որպես «հերթական սուտ»` երեւի չհասկանալով տեղեկատվության եւ կանխատեսման տարբերությունը: «Հրաժարականի մասին կանխատեսումները զուր են: Ընդդիմությունը նման լուրեր տարածելու համար չէ, այլ այլընտրանքների»,- ասել է նա: Կառավարության հնարավոր հրաժարականը երեկվա ճեպազրույցների ժամանակ հնարավոր է համարել միայն ՀՅԴ-ական պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը` նշելով, որ եթե կառավարություն չվերադառնա իր 2008թ. ծրագրով ամրագրված, ինչպես նաեւ հակաճգնաժամային ծրագրով հայտարարված նորմերին, ապա՝ «հնարավոր է անխուսափելի լինի հրաժարականը»: