Նիստը հետաձգվեց

25/05/2009

Երեկ Թբիլիսյան խճուղում գտնվող նախկին Քրեական դատարանի շենքում շարունակվեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հայցադիմումի քննարկումն ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի:

Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատի էր տվել ՀԺ-ին փետրվարի 6-ի այն հրապարակման համար, որտեղ գրված էր, թե Լեւոն Քոչարյանը Դուբայում հարբած վիճակում անկարգություն է արել եւ Ոստիկանություն է տարվել: Քոչարյանների ընտանիքը, իհարկե, որոշ լրատվամիջոցներում հերքել էր այդ տեղեկատվությունը` նշելով, որ Լ. Քոչարյանը նշված ժամանակահատվածում եւ նշված վայրում չի եղել, այնուամենայնիվ, թերթից պահանջել է հերքել հրապարակումը եւ 16 մլն 120 հազար դրամ հատուցել հասցրած վնասի համար: ՀԺ-ի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկատվություն էր խնդրել, թե Լ. Քոչարյանը 2007 թվականից քանի անգամ է բացակայել Հայաստանից եւ ուր է գնացել: ԱԱԾ-ն այդ տեղեկատվությունը չէր տվել, պատճառաբանելով, թե դա անձնական բնույթի է: Տ.Աթանեսյանը դիմեց դատարանին ԱԱԾ-ից այդ տեղեկությունը ստանալու համար, բայց մերժում ստացավ: Փաստաբանը նաեւ դիմել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ոստիկանությանը՝ ճշտելու համար, թե կրտսեր Քոչարյանը երբեւէ բերման ենթարկվե՞լ է: Էմիրաթներից պատասխան է եկել, թե միջպետական համաձայնագրի համաձայն՝ այդ տեղեկությունը ստանալու համար պետք է դիմել դիվանագիտական խողովակներով: Եվ Տ.Աթանեսյանը ՀՀ Արդարադատության նախարարությանն է խնդրել այդ հարցով դիմել: Մինչ այդ երեկ Քոչարյանների փաստաբան Արփինե Մելիքբեկյանն ու Սարգիս Գրիգորյանը դատարանին են ներկայացրել պաշտպանյալի 2008թ. ապրիլի 30-ին ստացած դիվանագիտական անձնագիրը, որտեղ ԱՄԷ-ի վիզա չկար: Սակայն Տ. Աթանեսյանը չի բացառել, որ Լ.Քոչարյանն ունենա եւս մեկ այլ անձնագիր: Փաստաբանը նաեւ դատական նիստը 2 ամսով հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի այդ ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարությունը կարողանա ստանալ ԱՄԷ-ից ուղարկվող պատասխանը: Դատավոր Արայիկ Մելքումյանը մերժել է նաեւ այդ միջնորդությունը` դրա համար հիմք ընդունելով Քոչարյանների պաշտպանի ներկայացրած մի գրություն, որը ստացել էին ԱՄԷ-ի Արտաքին գործերի նախարարությունից: Գրության համաձայն՝ Լ.Քոչարյանը ԱՄԷ-ում ոչ մի իրավախախտում չի կատարել, չի ձերբակալվել, մինչդեռ մինչ այդ շեշտվում էր, որ նա Դուբայում չի եղել: Այս գրությունը թարգմանել եւ կնիքով վավերացրել է ԱՄԷ-ում ՀՀ հյուպատոս Մարատ Մելիքյանը: Եվ բոլոր միջնորդությունների մերժման պատճառով, որպեսզի պաշտպան Աթանեսյանը կարողանա դատավոր Արայիկ Մելքումյանին ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը ներկայացնել, մինչեւ մայիսի 26-ը ժամանակ խնդրեց: Դատավորը նիստը հետաձգեց մինչեւ մայիսի 26-ը, ժամը 12:15-ը: