Ինչ եւ ինչպես են հայերը խոսում հեռախոսով

20/07/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ասում են՝ «Ավտոմեքենան ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց»: Դուք
կարող եք համաձայնել կամ չհամաձայնել այս արտահայտության հետ: Անձամբ ես
համաձայն չեմ, որովհետեւ ճանաչում եմ մարդկանց, որոնց համար ավտոմեքենան
ոչ ճոխություն է, ոչ էլ փոխադրամիջոց, այլ, օրինակ, մեծ հավաքածուի
ընդամենը մի նմուշ: Սակայն այսօր մենք կխոսենք ոչ թե ավտոմեքենաների, այլ
հեռախոսների եւ հեռախոսակապի մասին: Վերաձեւակերպելով՝ կարելի էր ասել, որ
«Հեռախոսը ոչ թե ճոխություն է, այլ կապի միջոց»: Սակայն Դուք հասկանում
եք, չէ՞, որ այսօր հեռախոսը ոչ մեկն է, ոչ էլ մյուսը. այն ընդամենը
երեխայի խաղալիք է, իսկ բջջային հեռախոսները, լավագույն դեպքում`
ժամացույց:

 Ես հասկանում եմ, որ այս օրերին խոսել հեռախոսակապի մասին՝
նշանակում է ձեռ առնել մի ամբողջ ժողովրդի, որովհետեւ ինչ էլ ասես,
կընկալվի որպես սեւ հումոր: Բայց քանի որ, ինչպես ասում են՝ «տե՞նց բաներ
ա գլխներովս անցել», ես, ամեն դեպքում, կփորձեմ անդրադառնալ այս հարցին:

Սկսենք նրանից, որ հեռախոսակապը դասվում է մարդկության այնպիսի
նվաճումների թվին, ինչպիսիք իրենց ժամանակին եղել են անիվը, ներքին այրման
շարժիչը կամ էլեկտրականությունը: Քանի որ ժամանակին մենք զրկված ենք եղել
էլեկտրականությունից, կապի բացակայությունով մեզ չես վախեցնի: Հետագայում
այդ նվաճումը ողջ աշխարհում դարձավ մարդկանց հաղորդակցվելու միջոց: Իսկ
Հայաստանում հեռախոսը ոչ միայն կապի միջոց է, այլեւ՝ լրատվամիջոց: Այս
իրողությունն ունի երկու բացատրություն: Նախ՝ ի սկզբանե հայ կանայք (եւ ոչ
միայն կանայք) հասկացան, որ բամբասելու համար պարտադիր չէ հանդիպել սուրճի
սեղանի շուրջ, դրա համար արդեն կա հեռախոս: Իսկ երկրորդ պատճառը հայկական
լրատվամիջոցների «պրոֆեսիոնալիզմն» է, որի հետեւանքով մարդիկ ստիպված են
ինֆորմացիա ստանալ այլ աղբյուրներից:

Հիմա անդրադառնանք վերջին օրերի կապի (չի բացառվում՝ ոչ միայն կապի,
այլեւ՝ տրանսպորտի) «օրգիաներին»: Հուլիսի մեկից «ԱրմենՏելն» ընտրել է նոր
կարգախոս` «Եկեք խոսենք»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք
նախօրոք գիտեին, որ առանց գալու եւ իրար հետ հանդիպելու խոսելն անհնար է
լինելու: Իսկ հիմա ուշադրություն դարձրեք «Վիվասելի» կարգախոսի վրա` «Ձեր
լավագույն ընտրանքը»: Անգամ ՀՀ ԱԺ ոչ մի պատգամավորի մտքով չէր անցել իր
նախընտրական կարգախոսում օգտագործել «ընտրանք» բառը: Ես չեմ կարող ասել,
թե Լիբանանում կամ Ղարաբաղում ինչ է նշանակում «ընտրանք» բառը, բայց
հաստատ կարող եմ ասել, որ Հայաստանում այդ բառը կարող է օգտագործվել
լավագույն դեպքում «ընտրանքը դու ես» բառակապակցության տեսքով:

Ես համոզված եմ, որ հաջորդ ամսվա 10-ին «ԱրմենՏելի» SIM-բաժանորդների
ամսական վարձավճարներում ներգրավված կլինի ծառայության գումարը:
Յուրաքանչյուր քիչ թե շատ նորմալ ընկերություն ոչ միայն գումար չէր գանձի
այսպիսի խայտառակ սպասարկման համար (անկախ նրանից, թե ինչ կամ ում
պատճառով է վատացել կապի որակը), այլեւ, իրեն դատի չտալու եւ բաժանորդների
սիրտը շահելու համար, կտրամադրեր մի քանի արտոնյալ պայմաններ: Բայց եթե
հիշում եք, ես ասացի՝ քիչ թե շատ նորմալ ընկերություն: Իսկ մեզ մոտ չի
կարող լինել քիչ թե շատ: Մեզ մոտ ընդամենը երկու ընկերություն է, երկուսն
էլ՝ աննորմալ: Ով կասի, որ ես սուտ եմ ասում, թող առաջինն ինձ SMS
հաղորդագրություն ուղարկի:

Այս տողերից կարելի է ենթադրել, որ ես ռեալիստ եմ: Ես կրկին համաձայն չեմ.
ես օպտիմիստ եմ եւ համոզված եմ, որ մենք ունենալու ենք լավ «կապեր», որոնք
օգտագործելու ենք ոչ թե բամբասանքի, այլ երկրի զարգացման նպատակով, ինչպես
դա արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Ուզում եմ հիշեցնել, որ երբ մենք
քաղաքակիրթ էինք, նրանք ծառերի վրա էին: