«Պաշտոնապես Հայաստանում գազը մատակարարվում է 125 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց: Իրականում, դա այդպես չէ: Այնտեղ՝ սահմանի վրա, գործում է միջնորդական մի կառույց, իսկ հայ եւ ռուս չինովնիկները դրա մեջ իրենց մասնաբաժինն ունեն, եւ վերջնական սպառողներին գազը մատակարարվում է, կարելի է ասել, եվրոպական գներով»,- «1news.az» կայքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը: Նրա խոսքերով, «չկա այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանն ասում է, իսկ Հայաստանը` կատարում»: Ըստ Պրիտչինի,Հայաստանին օգնությունը տրամադրվում է ոչ միայն Կրեմլի անմիջական հրահանգով, այլեւ Սփյուռքի, տնտեսական կառույցների միջոցով, որոնք այդքան էլ չեն ուղղորդվում Կրեմլի կարծիքով: «Տվյալ դեպքում հարցը կապված է այնպիսի ապրանքի հետ, ինչպիսին է գազը, որին Ռուսաստանում քաղաքականությունից բարձր նշանակություն է տրվում: «Գազպրոմը» պետություն է պետության մեջ: Այն, որ կրճատվել է Իրան-Հայաստան խողովակաշարի տրամագիծը, կատարվում է «Գազպրոմի» շահերից ելնելով, որպեսզի հետագայում այլ երկրներ գազ փոխադրելու նույնիսկ փոքր հնարավորություն չլինի: Այսինքն, այստեղ գլխավորը ոչ թե Ռուսաստանի, այլ «Գազպրոմի» շահերն են, որն ունի տնտեսության բանալին»,- հայտարարել է Պրիտչինը` ավելացնելով. «Գազպրոմը» հայտարարում է, որ եթե ցանկանում եք հարաբերականորեն էժան գազ ստանալ, ապա մենք պահանջներ դնելու իրավունք ունենք»: Քաղաքագետն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով. «Ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանին ձեռնտու չէ հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ նա կորցնում է Հայաստանում իր օլիգարխիկ-մենաշնորհային ներկայությունը»: