Օլեգ Յանկովսկու մահը որոշակիորեն մթագնեց շաբաթը: Գոնե նրա արվեստի սիրահարների համար շաբաթը չափազանց գորշ կթվար, եթե չլինեին երկու՝ բառացիորեն վառ իրադարձություն, որոնց գումարվեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` Մայիսի 28-ին, Հանրապետության օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու:
Սակայն ամեն բան՝ հերթով: Առաջին վառ, կարելի է ասել` վարդագույն, իրադարձությունը Աֆղանստանի արեւելքում տեխասցի 19-ամյա զինվոր Զախարի Բոյդի քաջագործությունն էր. մայիսի 11-ի առավոտյան այս զինվորը, այն բանից հետո, երբ թալիբները առավոտ կանուխ հարձակվել են իրենց զորամասի վրա, կիսամերկ, միայն վարդագույն վարտիքով եւ հողաթափերով, նետվել է պաշտպանելու բլոկպոստը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, ըստ լրատվամիջոցների, նախ ցանկություն է հայտնել անձամբ ծանոթանալ քաջարի զինվորի հետ, ապա ասել է հետեւյալը. «Կարող եմ ընդամենը կռահել թալիբների ռեակցիան: Միայն պատկերացրեք` ձեր նշանակետից տեսնում եք մի երիտասարդի` վարդագույն անդրավարտիքով եւ հողաթափերով: Հոգեբանական առումով սա մի հրաշալի նորամուծություն է, որ կարելի է կիրառել ռազմական գործում»:
Սակայն նման «հրաշալի նորամուծությունը» Հայաստանի դեպքում վաղուց է աշխատում. վառ գույներով հակառակորդին եւ, պատկերացրեք, նաեւ իր անձի հանդեպ խիստ անտարբեր շարքային հեռուստադիտողներին շոկի մեջ գցելու ռազմավարությունը Հայաստանում կիրառում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս դեպքում, վարդագույն, ավելի ճիշտ` կարմիր է նրա շապիկը: Սպիտակ սպորտային կոշիկները, սպիտակ տաբատն ու ձյունաթույր վերնաշապիկը ամբողջացնում են մրցակցին շոկի մեջ գցելու նրա, ենթադրում ենք, ոչ նախապես մշակված ծրագիրը: Սակայն, եթե հաշվի առնենք, որ վերոնշյալ հագուստով նա դիմավորեց նաեւ Հայաստան ժամանած Խորվաթիայի նախագահին, ենթադրում ենք, որ այստեղ խնդիրը ոչ թե իմիջմեյքերների ոչ այնքան գրագետ աշխատանքն է, որքան ճաշակը: Սակայն տեխասցի զինվորի վարդագույն հագուստն ու պարոն Ծառուկյանի վառ կարմիր շապիկը, արդեն նշեցինք, շաբաթվա միակ լուսավոր կետերը չեն:
Եվ այսպես, ինչպես Աժ նախագահն ավետեց, համաներում հայտարարելու եւ Մարտի մեկի գործով ձերբակալվածներին ազատ արձակելու բազմաթիվ առիթներից (Սեպտեմբերի 21, Ամանոր, Մայիսի ինը եւ այլն)` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նպատակահարմար գտավ Մայիսի 28-ը: Սակայն նկատենք, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո սա երկրորդ մայիսի 28-ն է: Այսինքն` պնդել, թե Հանրապետության օրը նախագահի համար այն բացառիկ արժեքներից է, որ հենց այդ օրը նա պարզապես չէր կարող համաներում չհայտարարել, չենք կարող:
Հասկանալի է, որ համաներման լուրն արդեն որեւէ ձեւով չի կապվելու երկրի նախագահի հումանիզմի կամ բարի կամքի հետ. այդ հնարավորությունը նա բաց է թողել իր երդմնակալությունից անմիջապես հետո: Գուցե համաներում հայտարարելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ հունիսին ԵԽ ԽՎ-ում դարձյալ լսվելու է Հայաստանի հա՞րցը: Հակված ենք կարծել, որ Սերժ Սարգսյանին միջազգային որեւէ կառույցում Հայաստանի հեղինակազրկվելու մտավախությունը չէր կարող ստիպել գնալ նման քայլի` համաներման. հիշենք, որ ԵԽ ԽՎ-ում առնվազն երկու անգամ Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը բավական սուր էր դրված, սակայն համաներում այդպես էլ չհայտարարվեց: Կրկնենք, անգամ հանրապետության վարկը եվրոպական կառույցում վտանգելու գնով: Այդ դեպքում ինչո՞ւ նախագահը որոշեց համաներում հայտարարել եւ այն էլ՝ Մայիսի 28-ին: Քանի որ յուրաքանչյուրն ինքը կարող է հիմնավորել իր գործողությունների տրամաբանությունը, դժվար է կողմնակի մեկին տալ ճշգրիտ պատասխան: Սակայն վստահ ենք, որ Մայիսի 28-ը պարզապես առիթ է` համաներում հայտարարելու: Օրվա խորհուրդը ուշացած այդ քայլը սոսկ ինչ-որ ձեւով արդարացնելու փորձ է:
Հետեւելով Մարտի 1-ի գործով ձերբակալվածների դատավարություններին, մասնավորապես՝ Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատավարություններին, պարզվեց, որ նրանց դատավարություններին որպես վկա դատակոչված անձանց ստիպել են կեղծ վկայություն տալ խոշտանգումների միջոցով: Ինչպես, ասենք, Մյասնիկ Մալխասյանի դատավարությանը որպես վկա դատակոչված Գագիկ Ավդալյանին, ով քաջություն է ունեցել այդ մասին բարձրաձայն խոսել: Վկաներից ոմանք սուտ ցուցմունք են տվել սեփական կամքով` դատարանում խոստովանելով, որ կեղծ ցուցմունք տալն իրենց աշխատանքն է: Իրավապահներն առանց անհարմար զգալու` գործարքի մեջ են մտել նաեւ ոչ այնքան առողջ, տկար միտք ունեցող մարդկանց հետ՝ նրանց ստիպելով կեղծ վկայություն տալ դատարանում: Եվ այս ամենը ակնհայտ դարձավ դատավարությունների ընթացքում: Խայտառակ այս դատավարություններին դատավորների մասնագիտական եւ մարդկային որակները հասցված էին մինիմումի` զրոյի: Դատերի ընթացքից պարզ դարձավ, որ վկաներին կեղտոտ գործարքներ են առաջարկվել հենց ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության եւ Քննչական վարչությունների աշխատակիցների կողմից: Այսինքն` օր օրի գաղտնազերծվում էր ողջ դատաիրավական համակարգի անմաքուր խոհանոցը: Սա կանխել հնարավոր էր միայն մի ճանապարհով` համաներում հայտարարելով: Սակայն ուշացած այս քայլը, եթե, իհարկե, Հովիկ Աբրահամյանը ցանկալին չի փորձել ներկայացնել որպես իրականություն, արդեն զորություն չունի: Կորցնելով վաղեմության ժամկետը, ամիսներով մարդկանց զնդաններում փակելուց հետո, երբ շատերը անդառնալիորեն կորցրեցին իրենց առողջությունը, համաներումն արդեն ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուժ չունի: Սա է պատճառը, որ համաներման լուրը շատերն ընդունում են` ուսերը թոթվելով: Եվ սա է պատճառը, որ տեխասցի զինվորի վարդագույն անդրավարտիքն ու ԲՀԿ առաջնորդի կարմիր շապիկն առավել մեծ ուշադրության են արժանանում, քան նախագահի հնարավոր հրամանագիրը, թող որ` համաներման մասին: