Հայ-իրանական փոխհարաբերություններն ակտիվացել են

25/05/2009

Ինչպես տեսնում ենք` 2009թ. գարունը բավականին թեժ էր հայ-իրանական շփումների տեսանկյունից: Նախ մարտի 13-ին Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին եւ հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահի հետ:

Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում նաեւ՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը վերաբերող: Այնուհետեւ` ապրիլի 3-ին, Հայաստան ժամանեց ԻԻՀ Ճանապարհների եւ հաղորդակցության նախարարը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ միասին ստորագրեց երկու հանրապետությունների միջեւ տրանսպորտային համագործակցության ընդլայնման եւ երկաթգիծ կառուցելու մասին հուշագիր:

Իսկ ապրիլի 13-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի այցը Իրան, որտեղ նա մի շարք հանդիպումներ ունեցավ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ՝ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

Այնուհետեւ` մայիսի 13-ին, գործարկվեց այդքան սպասված հայ-իրանական գազամուղը, եւ իրանական գազը սկսեց մտնել Հայաստան: Ինչպես վերջերս լրագրողներին տեղեկացրել է էներգետիկայի նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը, մեկնարկելու է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, որի մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2004թ.: Համաձայն այդ ծրագրի` Հայաստանը յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց Իրանին կտրամադրի 3 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա: Լ.Հարությունյանը նաեւ հավելեց, որ գազամուղը դեռ չի աշխատում իր ամբողջ հզորությամբ:

Այս ամենում ուշագրավ է Ռուսաստանի դերը: Բանն այն է, որ Հայաստանը ներքին սպառման համար բնական գազ ստանում է միայն Ռուսաստանից, իսկ գազամուղը Հայաստան է հասնում Վրաստանի տարածքով: Այս պարագայում եթե հաշվի առնենք վրաց-ռուսական ներկայիս չափազանց լարված հարաբերությունները, ապա գազի մատակարարումը եւ դրա դադարեցումը Ռուսաստանի ձեռքում շատ լուրջ լծակ են Վրաստանի դեմ: Ուստի, որոշ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանը հայ-իրանական գազատարով միանգամից լուծում է առնվազն 2 հարց`

1. Անհրաժեշտ պահին Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Վրաստան` այդպիսով ճնշում գործադրելով վերջինիս վրա, միաժամանակ Հայաստանի համար առանց խոշոր վնասներ հարուցելու (իրանական գազը որոշ չափով ի վիճակի կլինի կոմպենսացնել ռուսականի բացակայությունը, թեկուզ միայն գազապաստարանները լիցքավորելու հարցում). այսպիսով` «ազատվում են Ռուսաստանի ձեռքերը», եւ նա կարող է ամբողջությամբ օգտագործել իր գազային լծակները Վրաստանի դեմ։

2. Խաղաղ պայմաններում Ռուսաստանը չի կորցնում Հայաստանը` որպես իր գազի սպառման շուկա, քանի որ իրանական գազը Հայաստանը է մտնում դեռեւս շատ սահմանափակ քանակությամբ. ինչ վերաբերում է Իրանին, ապա, ինչպես արդեն նշվեց վերոշարադրյալում, Իրանը գազի դիմաց կստանա էլեկտրաէներգիա, ինչով կապահովի իր հյուսիսային շրջանները:

Հայ-իրանական մեկ այլ համատեղ ծրագիր, այն է` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, հատկապես վերջին շրջանում, երբ այդ կապակցությամբ այս տարվա ապրիլին փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կողմերի միջեւ, բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ: Խոսքը գնում է նոր երկաթգծի կառուցման մասին, որի ընդհանուր երկարությունը կազմելու է 470կմ, որից 410կմ-ն անցնելու է Հայաստանի տարածքով:

Այս ծրագիրը կապված է չափազանց մեծ ֆինանսական ծախսերի հետ, իսկ ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում դրա իրագործումը բավականին դժվար է լինելու: Իրանական կողմը, սակայն, բավականին հետաքրքիր եւ շատերի համար թերեւս անսպասելի քայլ արեց: Նա Հայաստանին արտոնյալ հիմունքներով վարկ տրամադրելու առաջարկություն արեց: Այս քայլով Թեհրանն անուղղակիորեն ապացուցեց, թե իր համար ինչ մեծ կարեւորություն է ներկայացնում Հայաստանը` Իրանի առջեւ ծագած մարտահրավերների ֆոնի վրա: Այդ երկաթգծի առկայության պայմաններում նախ առավել դյուրին են դառնում ապրանքների ներմուծման եւ արտահանման խնդիրները, Իրանը Հայաստանի միջոցով կապվում է Եվրոպայի հետ եւ վերջապես ձեռք է բերում ստրատեգիական նոր ճանապարհ: Ուստի Իրանի շահագրգռվածությունը երկաթգծի կառուցման հարցում ավելի քան մեծ է:

Իրանի նմանօրինակ ակտիվացումը տարածաշրջանում որոշ վերլուծաբաններ կապում են Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխության հետ: Ջորջ Բուշի նախագահության օրոք Իրանը բավականին պասիվ կեցվածք էր ընդունել եւ կարծես ամեն կերպ խուսափում էր իր վրա ուշադրություն գրավելուց: Ներկայումս, թերեւս որոշ ակտիվացում նկատվում է Հայաստանի հետ հարաբերություններում, սակայն դա կրում է երկկողմանի բնույթ: Վերջերս, սակայն, հետեւելով Իրանի պաշտոնատար անձանց ելույթներին` պարզ է դառնում, որ Իրանն իր պասիվ արտաքին քաղաքականությունը կամաց-կամաց փոխում է: Մասնավորապես Սերժ Սարգսյանի` Իրան կատարած վերջին այցի ընթացքում վերջինիս հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական պառլամենտի նախագահ Ալի Լարիջանին նշել է, որ նրանք ուշիուշով հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ Իրանի քայլերն ուղղված են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը: Այդ հարցին անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը: Հարցազրույցներից մեկի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում Թուրքիայի կողմից արված Կովկասյան պլատֆորմ ստեղծելու առաջարկին, եւ հնարավո՞ր է արդյոք, որ Իրանն անդամակցի դրան` դեսպանը պատասխանել է, որ Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է Հարավային Կովկասում կամ որեւէ այլ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Նաեւ հավելեց, թե այդ պլատֆորմի ստեղծման մասին բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են, եւ որ առանց Իրանի մասնակցության այն թերի կլինի:

Տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում Իրանի քաղաքականության փոփոխության մասին թերեւս հնարավոր կլինի խոսել այդ երկրում այս տարվա հունիսին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Համենայնդեպս, մինչեւ այդ ժամկետը Իրանի արտաքին քաղաքականության մեջ որեւէ կտրուկ փոփոխություն չի ակնկալվում:

Ռոբերտ ՂԱԶԻՆՅԱՆ