«JETHRO TULL»-ը Հայաստանի մասին ամեն ինչ գիտի

25/05/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Jethro Tull» հայտնի բրիտանական ռոք-խումբն այցելելով Երեւան` զարմացել էր, որ Հայաստանում ծանոթ են իրենց երաժշտությանը:

40 տարվա աշխատանքներից «Ջետրո Թալը» ընտրել էր այնպիսի կոմպոզիցիաներ, որոնք լավագույնս են բնորոշում իրենց դիմանկարը` ավելի նոր երգերը թողնելով հաջորդ այցելությանը: Խմբի ղեկավար, վոկալիստ ու ֆլեյտահար Յան Անդերսոնն ասաց. «Երբ չորրորդ անգամ գանք Հայաստան, ավելի խորը համերգ կներկայացնենք»: Իսկ հետո ավելացրեց, որ իր խոսքերը պետք է որպես ավանդական անգլիական կատակ ընդունել: «Կարծում եմ՝ ձեզ մոտ այնքան էլ հաճախ չեն գալիս հյուրեր Ամերիկայից կամ Անգլիայից ու չեն կարող հիանալ ձեր երկրով: Հյուրախաղերի ժամանակ ես սովորաբար նստում եմ հյուրանոցի սենյակում, նայում եմ պատուհանից ու «googling» եմ անում, այսինքն` «google»-ի միջոցով ինֆորմացիա եմ հավաքում այն երկրի մասին, որտեղ գտնվում եմ: Հայաստանի մասին ես ամեն ինչ գիտեմ»,- ասաց Յ. Անդերսոնն ու որպես իր «googling»-ի հաջող արդյունք` հավելեց, որ ինֆորմացիան ստացել է ամենակատարյալ ինտերնետային կայքից` Կենտրոնական հետախուզական վարչության պաշտոնական տեղեկատուից: «Գիտեմ, թե որքան բնակչություն ունենք, քանի հայ մարդ է վարակված ՁԻԱՀ-ով եւ որքան է կանանց թիվը գերազանցում տղամարդկանց քանակը: Գիտեմ, որ գեղեցիկ են ոչ միայն հայ աղջիկները, այլեւ հայ տատիկները: Գիտեմ նաեւ, որ հաջորդ տարի Հայաստանը հաղթելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթում»,- ասաց հասուն տարիքի ռոքերը, որը շատ լավ տիրապետում է պոպուլյար թեմաները պոպուլյար կերպով ներկայացնելու արվեստին: «Jethro Tull» խմբի հաջող ու երկարամյա կյանքը Յան Անդերսոնը բացատրում է այն փաստով, որ իրենք երբեք կոնկրետ մի ոճի երաժշտություն չեն կատարել. «Մենք երբեք մեծ հաջողություն չենք ունեցել «Rolling stones» կամ «Who» ռոք խմբերի նման, մենք ավելի էկլեկտիկ մոտեցում ենք ընտրել ու տարբեր երաժշտական խառնուրդներ ենք ստեղծում, որոնց մեջ կան արեւելյան, հնդկական, ֆոլք մոտիվներ, երբեմն նաեւ դասական մոտիվներ ենք օգտագործում: Մենք տարբեր համերգների համար այլ երաժիշտներ ենք հրավիրում: Այդպես ավելի աշխույժ է ստացվում, եւ հյուրերի հետ աշխատելը մեր խմբի ավանդույթներից է: Ռոքի ու ֆոլքի կոմբինացիան թույլ է տալիս անընդհատ նոր փորձարկումներ անել»,- ասաց Յ.Անդերսոնը:

Իսկ «Jethro Tull»-ի կիթառահար Մարտին Բարրը պատմեց, որ իրենք այնքան երկար են միասին աշխատում, որ իր կինն անգամ իրեն այնքան լավ չի հասկանում, որքան դա հաջողվում է Յան Անդերսոնին: Երաժիշտները խոստովանեցին (կրկին անգլիական հումորը վկայակոչելով), որ երաժշտություն լսել արդեն չեն սիրում, քանի որ համարում են, որ լավագույն երաժշտությունը լռությունն է, իսկ եթե ներշնչանք են փնտրում, ապա միայն դասական երաժշտություն են լսում: Եվ հասկանում են, որ իրենց խումբը տարբեր սերնդի ունկնդիրների շրջանում է հայտնի: «Կարեւոր ենք համարում բրիտանական երաժշտությունը հաջորդ սերունդներին փոխանցելը»,- ասացին նրանք: Յան Անդերսոնը պատմեց, որ ժամանակ առ ժամանակ «Jethro Tull»-ին է միանում նաեւ իր որդին, որը հարվածային գործիքների վրա է նվագում: «Եթե գաք երեւանյան համերգին` չմտածեք, որ հարվածայինների վրա իմ որդին է նվագում, քանի որ իրականում նվագելու է 45-ամյա սեւամորթ երաժիշտը»,- ասաց նա ու մեղմ ժպտաց: Ռոքն ու անգլիական հումորը պայթյունավտանգ խառնուրդ են դառնում տաղանդավոր մարդկանց հանդիպելով: 40 տարվա ընթացքում «Jethro Tull»-ն այնքան շատ հիանալի կոմպոզիցիաներ է ստեղծել, որ կարող է արդեն ոչ միայն նուրբ անգլիական, այլեւ` կոպիտ հայկական հումոր օգտագործել, սեփական համերգը ներկայացնելուց առաջ: «Եթե կարող եք` պահանջկոտ եղեք մեր հանդեպ, բայց եթե կարծում եք, որ կստացվի ետ պահանջել տոմսերի գումարները, ապա սխալվում եք, դա ձեզ չի հաջողվի»,- նկատեց Յան Անդերսոնը: «Jethro Tull»-ի անդամները, որոնք սովոր են փողոցի կեղտի ու փոշու միջից ակվալանգ արարել ու որպես փրկություն առաջարկել անօթեւան մարդկանց, համոզված են, որ մարդիկ են արարել իրենց աստվածներին (եւ ոչ թե հակառակը) եւ մանր կուռքերից ազատվելը նույնպես մարդկանց պարտականությունն է: