Ճապոնական մարտարվեստների հայկական ազգային ասոցիացիան Հայաստանում գործում է արդեն չորս տարի, եւ ունի ակումբներ տարբեր մարզերում, ինչպես նաեւ Երեւանում, մասնակցել է բազմաթիվ հանրապետական եւ միջազգային առաջնությունների, վերջին երկու խոշորագույն միջազգային առաջնություններն են եղել Կովկասի Բաց առաջնությունը` ինը պետությունների մասնակցությամբ, որտեղ ձեռք ենք բերել երկու ոսկե եւ երեք բրոնզե մեդալներ: Այնուհետեւ 2008թ. հուլիսին մասնակցել ենք UKKF-ի աշխարհի առաջնությանը, որտեղ ֆեդերացիան տվել է երկու ոսկե եւ երկու արծաթե մեդալներ:
– Պրն Հայրապետյան, Հայաստանում ի՞նչ եք կազմակերպում: Որտե՞ղ են գործում մարզային ակումբները:
– Մրցումներից առաջ կազմակերպում ենք ուսումնամարզական հավաքներ: Իսկ մարզումները կարող են լինել տարբեր շրջաններում` մարտարվեստը պրոպագանդելու, ընդհանուր առողջ ապրելակերպը քարոզելու նպատակով: Ինչպես նաեւ մարզումներ ենք իրականացնում Երեւան քաղաքում: Ընդհանուր մարզումները կանոնավոր են ընթանում, իսկ առաջնություններին ավելի լավ նախապատրաստվելու համար մրցումներից մոտ քառասուն օր առաջ ավելի ինտենսիվ ենք մարզվում:
– Միջազգային ի՞նչ մրցույթների եք մասնակցել մինչ այժմ եւ ո՞ր երկրներում:
– Ընդհանուր առմամբ շատ մրցույթների ենք մասնակցել եւ տարին երկու անգամ անպայման մասնակցում ենք միջազգային մրցույթների: Միջազգային մրցույթների մասնակցել ենք Մոսկվայում, Իրանում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում: Հրավերներ միշտ լինում են, սակայն մասնակցությունը նաեւ կախված է ֆինանսական հնարավորություններից: Ինչ կարողանում ենք` անում ենք մեր սեփական ուժերով, իսկ եթե նաեւ հովանավորություն է լինում, անպայման մասնակցում ենք մրցույթների եւ տարբեր ֆորումների: Երեք ամիս առաջ Հայաստանում էր գտնվում Ասիայի ֆեդերացիայի նախագահ սեւ գոտի ութերորդ դան Ակբար Էկռամին, ով անցկացրեց սեմինարներ: Հինգ մարզիկներ ֆեդերացիայից ստացան վարպետության աստիճան, երկուսը դարձան վարպետության թեկնածու, եւ երկուսն էլ՝ միջազգային մրցավար: Համագործակցում ենք Իրանի ֆեդերացիայի հետ, Իտալիայի UKKF ֆեդերացիայի, Վրաստանի Հին մարտաոճերի ֆեդերացիայի, ինչպես նաեւ hայաստանյան շատ այլ ֆեդերացիաների հետ:
– Ի՞նչ խոչընդոտներ են լինում մրցույթներ կազմակերպելիս:
– Այս տարվա օգոստոսի 20-ին եւ 21-ին կազմակերպում ենք միջազգային բաց առաջնություն նվիրված հայ մարտիկներից մեկին: Հուշամրցաշարը տեղի կունենա «Կիլիկիա» մարզադահլիճում: Այս հուշամրցաշարի նպատակը առողջ ապրելակերպի եւ սպորտի քարոզումն է: Հրավերներ ենք ուղարկել Իրանի ֆեդերացիային, Վրաստանի ֆեդերացիաներին, Ռուսաստանի մարզադպրոցներին, ինչպես նաեւ՝ ՈՒկրաինայի թիմերին: Մասնակիցները կորոշվեն ըստ հայտերի:
– Իսկ կազմակերպչական ծախսերը ինչպե՞ս են հովանավորվում:
– Կազմակերպչական ծախսերը հիմնականում կատարվում են մեր ուժերով եւ շնորհիվ այն մարդկանց, ովքեր իրենք են ցանկություն հայտնում աջակցել: Ցավոք, պետական աջակցություն չենք ստանում: Մեր իսկ ներդրումները համատեղելով՝ այնքան էլ մեծ օգնություն չի պահանջվում մեր միջոցառումները կազմակերպելու համար, ուստի, եթե լինեն մարդիկ, ովքեր կցանկանան ֆինանսապես, դահլիճով կամ այլ տեսակի աջակցություն ցուցաբերել, կարող են մեզ հետ կապ հաստատել (էլ-փոստ` [email protected]), եւ մենք հաճույքով կհամագործակցենք: Մենք մինչ այժմ մեր ուժերով մարզումներ ենք կազմակերպել մարզերում, անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն ենք տալիս անվճար մարզվել: Նաեւ նպատակներ ունենք ապագայի համար. մեծ ցանկություն կա մարզումներ կազմակերպել մանկատան սաների համար: Սպորտում ներդրված մեկ լուման տասնապատիկ վերադառնում է առողջ ապրելակերպի տեսքով: Ինչքան կարողանում ենք՝ ջանքեր ենք գործադրում մարզաձեւի զարգացման համար եւ կողքից աջակցություն լինելու դեպքում, կարծում եմ, որ արդյունքները շատ ավելի մեծ կլինեն, ինչը իր հերթին կնպաստի առողջ ապրելակերպին:
Հարցազրույցը վարեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸ