Երեկ ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի գործով դատավարության ժամանակ վկա Գագիկ Ավդալյանը մտել է Կենտրոն-Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան եւ անհետացել: Այդ մասին դիմում է ստացել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վկայի հարազատներից: Դիմումում, ըստ նրա, պնդում կա, որ 30 հոգի` դատարանի շենքի դիմաց հավաքված մարդիկ պնդել են, որ հիմնական մուտքից առնվազն վկան դուրս չի եկել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման անդամներին թույլատրվել է մտնել շենք, ուսումնասիրել, սակայն որեւէ տեղ վկա Գագիկ Ավդալյանին չեն գտել: Արմեն Հարությունյանը «Ա1+»-ին տեղեկացրել է, որ Ոստիկանության թիվ 1035 զորամասի աշխատակազմի հետ տարվող աշխատանքների գծով վաշտի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության ավագ լեյտենանտ Ղիմոյանը թույլ չի տվել, որպեսզի արագ արձագանքման ջոկատի տղաները մտնեն եւ տեսնեն, թե ինչ է կատարվում դատարանի ամբաստանյալների ժամանակավոր պահման խցում: «Այս մասը մեր տղաները չեն կարողացել տեսնել: Մենք հիմա նամակ ենք պատրաստում Ոստիկանության պետին, որպեսզի բացատրություն տա, թե ինչու Ոստիկանության աշխատակիցը կամայական կերպով թույլ չի տվել, որ մեր արագ արձագանքման տղաները ժամանակավոր պահման խցերն ուսումնասիրեն եւ համոզվեն, որ այդ վկան այնտեղ չէ: Փաստորեն մենք վստահ չենք կարող լինել՝ նա դատարանի շենքո՞ւմ էր, թե՞ ոչ»,- ասել է օմբուդսմենը: Հիշեցնենք, որ վկա Գագիկ Ավդալյանը ավելի վաղ դատարանում հայտարարել էր, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում իրենից ցուցմունքներ են կորզել բռնությունների ու ճնշումների միջոցով: Ի դեպ, երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կառավարության հետ ավանդական հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանից վկա է առեւանգվել: «Ժամեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանից վկային հատկացված սենյակից վկա է առեւանգվել: Ականատեսներից շատերը, որոնք զանգել են «Ժառանգություն» խմբակցություն, պնդել են, որ առեւանգողները եղել են ոստիկաններ»,- հայտարարել է Սաֆարյանը` ավելացնելով, թե կցանկանար, որ հայրենի կառավարությունը դրանից հետեւություն աներ: