Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ գրեթե դատարկ դահլիճում կարդացել է իր որոշումը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ: Նա անփոփոխ է թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 23-ի որոշումը: Հիշեցնենք, որ մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր էր ճանաչել 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, եւ դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: Իսկ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանները դիմել էին Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել այդ որոշումը եւ ազատ արձակել Գ. Ջհանգիրյանին: Նա անազատության մեջ է 2008թ. փետրվարի 23-ից: Նշենք, որ երեկ դատական վճիռը լսելու չի եկել ոչ Գագիկ Ջհանգիրյանը, ոչ պաշտպանները, ոչ էլ մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը: Նիստերի դահլիճում ներկա են եղել միայն լրագրողները, իսկ հարազատները բոյկոտել եւ չեն ներկայացել: