Մի քանի ամիսների ձգձգումից հետո երեկ վերջապես Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը Մոսկվայում ստորագրել են 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` ԼԻԲՕՐ + տարեկան 3% տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4%: Պայմանագրի ստորագրումից հետո Կուդրինը ասել է, որ հիմնական պարտքի մարումը կսկսվի միայն 5 տարի անց: «Վարկի պայմանները համարժեք են Հայաստանի տնտեսությունում առկա պայմաններին: Այս պայմանավորվածությունը հաստատում է երկկողմ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը,- հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը: Վարկի հետ կապված այլ տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում: Մասնավորապես այն մասին` թե կոնկրետ երբ է գումարը հատկացվելու Հայաստանին կամ արդյո՞ք այն կլինի միագումար, թե՞ առանձին տրանշերով: