Բումերանգի էֆեկտ

21/05/2009

Արդեն մի քանի օր է` ԱԺ-ում եւ դրանից դուրս ակտիվորեն քննարկվում է հարկային օրենսդրության փոփոխությունների` Կառավարության վերջին նախաձեռնությունը: Այն նախատեսում է հարկային տեսուչի ներկայություն խոշոր ընկերություններում եւ անկախ չափից` այն ընկերություններում, որոնք զբաղվում են ակցիզային ապրանքների արտադրությամբ ու ներմուծմամբ: Երեկ ԱԺ հատկապես գործարար պատգամավորները իրենց բուռն եւ արդարացի վրոդովմունքն են արտահայտել այս նախաձեռնության վերաբերյալ` այն որակելով որպես հարկային տեռոր, բիզնեսը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու միջոց, հերթական ջախջախիչ հարվածը գործարարների նկատմամբ, եւ այլն, եւ այլն: Ընդ որում, այս գնահատականների հեղինակները ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչներն են (թեեւ Հայաստանում ընդդիմություն եւ խոշոր գործարար կատեգորիաներն անհամատեղելի են), այլ միանգամայն ու չափազանց իշխանամետ գործարար պատգամավորները, որոնք մինչեւ հիմա աչքի են ընկել միայն կառավարության ներկայացրած օրինագծերին խոնարհաբար կողմ քվեարկելով: Գործարար պատգամավորները իրավացիորեն նշում են, որ հարկային մարմիններն առանց այս նախաձեռնության էլ ունեն բոլոր լծակներն ու լիազորությունները` ստվերային բիզնեսը հարկային դաշտ բերելու եւ անպարտաճանաչ գործարարներին պատասխանատվության ենթարկելու համար: Ընդ որում, այս զայրույթի հեղինակները որպես դրա վկայություն բերում են ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» ընկերության օրինակը, թեեւ բոլորն էլ գիտեն, որ վերջինիս հետ կատարվածն ընդամենը քաղաքական հաշվեհարդար էր: Սակայն տվալ դեպքում խնդիրն այլ է: Այսօր իրենց բիզնեսներին վտանգող օրինագծի դեմ արտահայտվող բոլոր գործարար պատգամավորները, չնչին բացառություններով, ծպտուն չէին հանում այն ժամանակ, երբ «Բջնիի» ու Սուքիասյաններին պատկանող այլ ընկերությունների դեմ իրականացվում էր այնպիսի հարկային տեռոր, որի համեմատ տվյալ նախաձեռնությամբ նախատեսվող միջոցառումները կարելի է որակել որպես բիզնեսին հատկացվող «պետական աջակցություն»: