Երկու հարց

21/05/2009

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը երեկ ԱԺ-ում Կառավարությանը հարց ուղղեց զբոսաշրջության վերաբերյալ: Սկսվում է զբոսաշրջության շրջանը, արդյո՞ք որեւէ քայլ արվում է, որ մեր երկրի քաղաքացիները արտերկիր գնալու փոխարեն` հանգստանան Հայաստանում, հարցրեց Մադաթյանը` կարծիք հայտնելով, թե ՀՀ-ում տուրիզմը զարգացնելու համար կարելի է քայլեր անել, որ հանգստյան վայրերում սպասարկման գներն իջեցնեն: Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ Տիգրան Սարգսյանը: «Շատ կարեւոր հարց էր»,- եզրակացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ վարչապետն ասաց, որ այդ հարցը դարձել է նաեւ կառավարության քննարկման առարկան: «Մեզ համար կարեւոր խնդիր է, որ կարողանանք նպաստավոր պայմաններ ստեղծենլ, որ մարդիկ իրենց հանգիստն անցկացնեն Հայաստանում կամ

ԼՂՀ-ում: Դա նաեւ ունի լուրջ հակաճգնաժամային բովանդակություն: Նման հանձնարարական տրվել է մարզպետներին, որ ներկայացնեն առաջարկություններ: Մենք նաեւ պետք է ուղղորդենք, որ պետական չինովնիկները իրենց անձնական օրինակով խթանեն` նախընտրեն հանգիստն անցկացնեն Հայաստանում: Դա նաեւ տնտեսական մեծ նշանակություն ունի վճարային հաշվեկշռի վրա իր ազդեցության, տնտեսական աճի խթանման, սպառման ծավալների ավելացման առումով»,- պատասխանեց վարչապետը` ակամա հաստատելով, որ ՀՀ-ում վճարային հաշվեկշիռը մեծամասամբ գոյանում է ոչ թե շարքային քաղաքացիների, այլ պետական չինովնիկների ու գործարարների ծախսերից: Նա պատասխանեց նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի` հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին: «Վերջին շաբաթներում` սկզբում Ստամբուլում, Բաքվում, հետո` Լեհաստանում Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի անգամ շատ կոշտ շեշտեց, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները լինելու են նախապայմաններով: Մի քանի անգամ ինքը, նաեւ թուրք այլ բարձրաստիճան պատգամավորներ նշեցին, թե որոնք են այդ նախապայմանները: Հենց այն երեքը, որ գիտենք` Կարսի պայմանագիրը, ցեղասպանության հետապնդումից հրաժարվելը, ինչը կարծես թե արդեն տեղի է ունենում, եւ ԼՂՀ-ի հարցը: ՀՀ-ն, սակայն, շարունակում է վստահեցնել աշխարհին ու մեզ, որ նախապայմաններ չկան: Մենք, այնուամենայնիվ, ավելի հակված ենք կարծելու, որ թուրքական տեսակետն ի վերջո հաղթելու է: Ժամանակը չէ՞ արդյոք, որ մեր կառավարությունը նորից անդրադառնա ԼՂՀ շուրջ եւ ԼՂՀ ենթակայության տակ գտնվող տարածքների վերաբնակեցմանը հայկական էլեմենտով, որովհետեւ, ակնհայտ է, որ հայկական տարրի բացակայությունն է այնտեղ տաքացնում ադրբեջանա-թուրքական ախորժակները»,- հարցրեց նա: Տ.Սարգսյանը պատասխանեց, թե նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ դիրքորոշումն ասել է, եւ այն այդ բանակցություններում չի կարող փոխվել: «Մենք երբեք չենք կարող մոռանալ ցեղասպանության մասին: Թուրքիայի հետ բանակցությունները կարող են կարգավորվել միայն առանց նախապայմանների: Ցանկացած փաստաթուղթ պետք է վավերացվի ԱԺ կողմից: Դա նշանակում է, որ ամեն ինչ լինելու է հրապարակային»,- պատասխանեց վարչապետը: «Կարծում եմ, այլեւս ժամանակը չէ խոսելու սահմանի բացման մասին, այլ մեկ սահմանակետի: Հենց ասում ենք` սահման, նրանց ախորժակը գնում է 21 թվական»,- եզրափակեց Վ.Հովհաննիսյանը: