Ոչինչ չի տեսել, ոչինչ չի հիշում

21/05/2009

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հարց բարձրացրեց Վանաձորի «Քիմպրոմ» եւ Երեւանի «Նաիրիտ» գործարանների մասին: Վարչապետը եղել է Վանաձորում եւ խոստումներ է տվել, բայց մինչ օրս որեւէ լուրջ քայլ չի կատարվել: «Մայիսի 14-ին «Նաիրիտում» լուրջ վթար եղավ, դա կարող էր Երեւանի համար շատ աղետալի լինել: Ո՞րն էր պատճառը»,- հարցրեց պատգամավորը: Հարցին պատասխանող Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երկար խոսեց «Քիմպրոմի» մասին, ասաց, թե որքան պարարտանյութ, կարբիդ կամ արհեստական կորունդ պետք է արտադրեն, որքան արտադրանք արտահանեն, ի՞նչ ընկերությունների հետ համագործակցեն: Նախարարն այդպես պատասխանը ձգձգելով` իրեն հատկացված 3 րոպեն սպառեց եւ «Նաիրիտի» մասին ասաց միայն, որ պայթյունի աղետն այնքան մեծ չէր, որքան այն, որ արդյունքում զոհվեցին 4 աշխատողներ: Իսկ «Նաիրիտի» շուրջ մութ պատմությունների մասին շարունակում են խոսակցություններ պտտվել: Մինչեւ հիմա անհայտ է, թե իրականում ով է գործարանը սեփականացրած «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության սեփականատերը: Ի՞նչ եղավ այդ ընկերության կողմից «Նաիրիտի» գնման համար Միջպետական բանկից վերցրած 70 մլն դոլարից 40 մլն-ը: Ինչո՞ւ մինչեւ հիմա «Նաիրիտը» կառավարությանը չի ներկայացնում կատարած աշխատանքների հաշվետվությունը, գործարանին հատկացված 35 մլն դոլարն արդյո՞ք փոքր ու միջին բիզնեսին Գերմանիայի հատկացրած վարկային միջոցներից է եղել, եւ այլն: Հարցուպատասխանից հետո այս բոլոր հարցերով դիմեցինք Ա.Մովսիսյանին: «Չեմ կարող սաղ հիշել: Ես չգիտեմ` ինչ գերմանական վարկ է: «Նաիրիտը» կարող է հայկական, ռուսական կամ այլ ցանկացած բանկերից միջոցներ գրավել ու աշխատել: Կառավարությունը փող չի տվել, երաշխիք չի տվել, այդ մասերին չի մասնակցում: Մենք «Նաիրիտը» վաճառել ենք 40 մլն դոլարով: Այդ ընկերությունը Մոսկվայում շինարարություն էր իրականացնում, մեկ ուրիշ տեղ այլ բան էր անում: Հետեւաբար, թե ինչքան գումար է վերցրել, դա իր գործն է»,- պատասխանեց նախարարը: Իսկ կարելի՞ է հավատալ նախարարի խոսքերին, որոնց համաձայն` նա չգիտի, թե ի՞նչ է կատարվում «Նաիրիտի» նման խոշոր ընկերությունում այն դեպքում, երբ դրա սեփականատերերից մեկը հենց իր ղեկավարած նախարարությունն է: «Նախարարությունը միայն «Նաիրիտով» չի զբաղվում, զբաղվում է մոտ 70 ձեռնարկություններով: Ես այդքան հիշել չեմ կարող»,- պատասխանեց Ա.Մովսիսյանն այն դեպքում, երբ ԱԺ ամբիոնից անգիր ասում էր «Քիմպրոմի» գործունեությանը վերաբերող ցուցանիշները: Իսկ տեղյա՞կ է արդյոք նախարարը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը որքան աշխատավարձ է ստանում «Նաիրիտի» ղեկավար կազմում աշխատելու համար: «Ես չգիտեմ, թե վարչապետը քանի եղբայր ունի, որ ասեմ` որն է աշխատում: Հիմա կասեք, թե երբվանից է աշխատում, հաստատ այն վախտվանից, որ ինքը վարչապետ չի եղել»,- ասաց Ա.Մովսիսյանը` ակամա ապացուցելով, որ հարցերին լավ էլ տեղյակ է, պարզապես պատասխանում է հարցի համեմատաբար «անվնաս» հատվածներին: