Ազգային ժողովում գնալով ավելի են շիկանում կրքերը Կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ ամբողջ օրը «տնտեսական բլոկ» ներկայացնող պատգամավորները տարբեր ձեւաչափով քննարկում էին օրենսդրական այդ նախագիծը:
Երեկ առավոտյան ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը հարցը քննարկել է նաեւ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի հետ: Քննարկմանը ներկա գործարար մի քանի պատգամավորներ մեզ հետ զրույցում ասացին, թե կառավարությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունել իրենց ներկայացրած առաջարկությունները: Օրենսդրական այս փոփոխության հիմնական խնդիրը վերաբերում է կառավարության` խոշոր ընկերություններում հարկային ներկայացուցիչ նշանակելու մտադրությանը: Պատգամավորներն ասում են, թե դեմ չեն, որ իրենց ընկերություններում հարկային ներկայացուցիչ նշանակեն, բայց դեմ են, որ այդ տեսուչը «քիթը խոթի» արտադրական, ֆինանսական ու այլ գործունեության մեջ: Գործարարների խոսքով՝ եթե կառավարության նպատակը բաց թողնվող ապրանքի քանակը կամ գինը ֆիքսելն է, ապա նրանք թող հարկային պահակակետ դնեն առաքման մուտքի մոտ ու այդտեղից հսկեն տեղի ունեցող շարժը: Միայն թե այդ տեսուչը հեռու մնա իրենց արտադրական ու առեւտրային գաղտնիքներից: Բացի խոշոր ընկերություններից, հարկային այս նորամուծությունը նախատեսվում է կիրառել նաեւ ակցիզային հարկ վճարող` ալկոհոլային խմիչք, ծխախոտ եւ այլ ապրանք արտադրող կամ ներմուծող ընկերությունների նկատմամբ: Սակայն այս դեպքում հարկային ծառայողը կարող է ներկա լինել ոչ միայն խոշոր, այլեւ մանր ու միջին` ակցիզային հարկ վճարող ընկերություններում: Օրինակ, տեսուչն իր ցանկացած օրը ցանկացած պահի եւ ցանկացած ժամկետով կարող է գտնվել տարեկան, ասենք, ընդամենը 2000 շիշ գինի արտադրող կամ 2000 տուփ ծխախոտ ներմուծող ընկերությունում:
Երեկ գործարար պատգամավորները Ս.Կարայանին բացատրում էին, որ անհնար կլինի դիմանալ ամեն ինչին միջամտող հարկային տեսուչի ներկայությանը: «Ավանի աղի գործարանի» սեփականատեր Արեգ Ղուկասյանը փոխնախարարին բացատրում էր գործնական ու հոգեբանական այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ հարկային ծառայողի անհարկի հետաքրքրասիրության պատճառով: Պարոն Ղուկասյանը բացատրում էր, որ գործարարը երկար չի կարողանա համբերել, եւ կարճ ժամանակ հետո նրանց միջեւ կոնֆլիկտ կառաջանա: «Դրա՞ն եք ուզում հասնել, ուզում եք բոլորիս իրար դե՞մ հանել, ուզում եք` տանք իրար սպանենք, թե ամեն ինչ փակենք ու գնանք»,- հարցնում էր պատգամավորը:
Շատ վատ վիճակում էր հայտնվել Ս.Կարայանը, նա չէր կարողանում հիմնավոր բացատրություններ գտնել կառավարության ներկայացրած փոփոխությունների համար: Ի վերջո, ո՞րն է ընկերություններում հարկային ծառայողի մշտական ներկայության նպատակը: «Ուզում ենք ուժեղացնել հսկողությունը խոշոր հարկատուների նկատմամբ»,- ասում է Ս.Կարայանը:
Պատգամավորները հաշվարկել են, որ այս նախաձեռնության տակ են ընկնելու շուրջ 100 խոշոր եւ 200 ակցիզային հարկ վճարողներ: Ընդ որում, գործարարների ասելով՝ այս 300 ընկերություններից ընդամենը մի քանի տասնյակն են աշխատում արտոնյալ պայմաններում` մրցակցային ու հարկային դաշտից դուրս: Մեծ մասը գոյատեւում է պետական համակարգի հետ կռիվ տալով: Բացի այդ, պատգամավորները գտնում են, որ Պետեկամուտների կոմիտեն բոլոր հնարավոր լծակներն ունի թե՛ խոշոր, թե՛ փոքր բիզնեսը հարկային դաշտ բերելու համար: Նրանք բերում էին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի օրինակը, երբ նույն հարկային մարմնի միջոցով փակեցին պատգամավորի ընտանիքին պատկանող «Բջնի» ու այլ ընկերությունները: Նրանց կարծիքով՝ այս փոփոխություններն այլ նպատակ ունեն: Շատերը վստահ են, որ սա եւս մի հարված է տեղական արտադրողին: Եթե ներկրողը կարող է իր ներմուծումը ձեւակերպել մի քանի ընկերությունների անունով եւ այդպիսով խուսափել հարկային այս տեռորից, ապա ոչ բոլոր արտադրողները կարող են մասնատել իրենց արտադրությունը: 2009-ի սկզբին գյուղատնտեսությունը մտավ հարկային դաշտ, եւ տարեկան 58 մլն դրամից ավելի հարկ վճարողներն արդեն պետք է հարկվեն: Ոլորտի խոշոր գործարարները հարկերից խուսափելու ձեւը գտան, նրանք իրենց մշակման տակ գտնվող հողերը եւ արտադրությունը մասնատեցին ու գրանցեցին մի քանի սուբյեկտների անունով: Այդպիսով` առայժմ խուսափեցին հարկ վճարելուց: Արտադրող ընկերություն ունեցող պատգամավորներից մեկի ասելով, իրենք երբ բոլոր նրբությունները ներկայացրել են նախագծի հեղինակ Հարկային ծառայության ու կառավարության պաշտոնյաներին, նրանք ասել են, որ իրենց համար միեւնույն է, թե որ ընկերությանն են հարկում` ներմուծո՞ղ, թե՞ արտադրող: Այդպիսով պարզ է դառնում, որ իշխանությունները ավելի են ընդլայնում ներմուծողների հնարավորությունները: Գործարարների խոսքերով՝ եթե մի արտադրող ընկերությունում հարկային ծառայող է ներկա լինում, ապա իրացնողները խուսափում են այնտեղ մտնելուց: Իսկ իրացնողի համար միեւնույն է` տեղակա՞ն, թե՞ ներմուծված ապրանքն են իրացնելու: Պատգամավորները հիշեցնում են, որ մի քանի տարի առաջ դոլարի արժեզրկման պատճառով առաջին հարվածը հասցվեց տեղական արտադրողին, այս նախաձեռնությունն էլ եթե դառնա օրենք, ապա նրանք կստանան երկրորդ ուժեղ հարվածը: «Իսկ դրանից հետո մեզ կմնա փակել մեր գործարանները»,- բողոքում էին գործարար պատգամավորները:
Կոնյակ արտադրող «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը վստահ է, թե այդպիսով կառավարությունը պետականորեն է նպաստելու, որ երկրում էլ ավելի զարգանա կոռուպցիան: Նրա կարծիքով՝ գործարարները կփորձեն կաշառել հարկային տեսուչին, որ նա ընդհանրապես իրենց մոտ չգա: Իսկ պատգամավոր Միքայել Վարդանյանն էլ կարծում է, որ միեւնույն է, այս նախաձեռնությունն իրեն չի արդարացնի: Նա կառավարությունից տեղեկացել է, որ այդ գործի համար առայժմ նախատեսված են 60 հարկային ծառայողներ, որոնք ի վիճակի չեն լինի իրականացնել 300 ընկերությունների հսկողությունը: Բացի այդ, գործարարները նաեւ վստահ են, որ այդպիսով իշխանություններն ավելացնում են իրենց վրա ունեցած լծակները: Վստահ են, որ միեւնույն է, արտոնյալ ընկերությունները հարկային դաշտից դուրս իրենց գործը շարունակելու են, եւ նրանց մոտ տեսուչի ներկայությունը ձեւական բնույթ է լինելու: Իսկ շատերի նկատմամբ իշխանություններն այդ լծակն օգտագործելու են պատժելու նպատակով: Մի խոսքով, պատգամավորները կրկին որոշել են դեմ դուրս գալ կառավարությանը, ինչին, իհարկե, շատ թերահավատորեն կարելի է վերաբերվել: Գործարար պատգամավորները երեկ որսում էին իրենց գործընկերներին ու համոզում, որ եթե նրանք չկարողանան դեմ քվեարկել այդ օրինագծին, գոնե բացակայեն քվեարկությունից: Նախագիծն ընդգրկված է այս քառօրյայի օրակարգում ու այսօր կամ վաղը քննարկվելու է: «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու: Նախագծին դեմ են նաեւ ՀՅԴ եւ ԲՀԿ, ինչպես նաեւ՝ ՀՀԿ խմբակցությունների մի շարք պատգամավորներ: Դա, իհարկե, ամպնեւին չի նշանակում, թե քվեարկության պահին նրանք դեմ կքվեարկեն, քանի որ իշխանությունները լավ գիտեն նրանց հետ առանձին-առանձին «բացատրական աշխատանք» տանելու ձեւերը: