Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի շենքի մոտ հավաքված «Օրինաց երկիր» կուսակցության անդամները, որոնք եկել էին Երեւանի ավագանու իրենց թեկնածուի, իսկ ավելի ստույգ` իրենց «շեֆի»` Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման, ստիպված էին սպասել այնքան, մինչեւ ավարտվեր «Սերը մեծ քաղաքում» ֆիլմը:
Ֆիլմի ավարտի եւ ՕԵԿ-ականների հանդիպման միջեւ ընկած ժամանակահատվածը, ինչպես նկատեց երիտասարդ ՕԵԿ-ականներից մեկը, շատ քիչ էր: «Ե՞րբ ա կինոն պրծնելու, շեֆն արդեն գալիս ա, ո՞նց պիտի անենք: 5 րոպեի ընթացքում մենք չենք հասցնի 3 հատ սեղան, ջրեր դնենք ու պլակատ կպցնենք»,- դահլիճը հսկող աղջիկներից մեկին դիմելով` ասաց նա: «Բա ինչպե՞ս են մյուսները հասցնում, կհասցնեք»,- եղավ պատասխանը: Հետո իր շեֆին անհամբեր սպասող երիտասարդը` մոռանալով «պլակատը», ջրի շշերն ու սեղանները, սկսեց անհանգստանալ այլ թեմայի շուրջ. «5 րոպեում 600 մարդ ո՞նց պիտի լցվի դահլիճ»: Երիտասարդ ՕԵԿ-ականի հասակակից կինոթատրոնի աշխատակցուհին ստիպված եղավ տղային հանգստացնել` ասելով. «Կհասցնեք լցվել, կլցվեք»: Սակայն ամենաուշագրավը եղավ քիչ ավելի ուշ. իհարկե` ոչ թե 5 րոպեում, բայց, այնուամենայնիվ, սեղանները, ջրերը դրեցին, «պլակատը» կախեցին, դահլիճում լրացուցիչ լուսավորություն ապահովելու հարցը լուծեցին, երիտասարդ ՕԵԿ-ականները դահլիճ մտնելուց առաջ պայուսակներից արագ հանեցին կուսակցական «մայկաները», հագան, բայց այդպես էլ Արթուր Բաղդասարյանը չեկավ: ՕԵԿ լրատվական ծառայության ղեկավար Սուսաննա Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք մինչեւ վերջին պահը սպասում էին Ա. Բաղդասարյանին, սակայն «վերջին պահին անակնկալ հանդիպում է եղել» եւ նա չի հասցրել գալ հանդիպման: Ա. Բաղդասարյանի փոխարեն, սակայն, մի երկու րոպեով դահլիճ մտավ նրա որդին` Վահան Բաղդասարյանը` իր ընկերներով, ու շատ արագ էլ հեռացավ: Թերեւս Ա. Բաղդասարյանի չգալն էր նաեւ պատճառը, որ դեռեւս հանդիպումը չսկսված դահլիճից հեռացավ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:
Իսկ այդ ժամանակ արդեն ելույթ էր ունենում ՕԵԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող տնտեսագիտության դոկտոր Գրիգորի Վահանյանը, ու դժգոհում էր, թե` ուշադիր լինելու դեպքում բոլորն էլ կտեսնեն, որ համարյա թե բոլոր ուժերն էլ մեկը մյուսին քննադատում են: «Շատ դժվար է 10 տարի լռել եւ ոչինչ չանել: Իսկ գիտե՞ք` ինչն է գիտության մեջ ամենաբարդ եւ անպատասխանատու գործողությունը. այն, որ եթե գիտնականն ունի գիտելիքներ եւ այդ գիտելիքները չի օգտագործում, նշանակում է` նա չունի գիտելիքներ: Այսինքն` եթե դու ունես ասելու բան, եթե դու ունես գաղափարներ, ծրագրեր եւ չես կիսում ժողովրդի հետ, նշանակում է` դու միտք չունես: Իսկ եթե ունես եւ չես իրականացնում` ի՞նչ է նշանակում, եզրակացություններն ինքներդ արեք»,- ասաց նա, որի ակնարկը, դահլիճում հավաքված ՕԵԿ-ականների կարծիքով` վերաբերում էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այնուհետեւ Գ. Վահանյանը դարձյալ անուղղակի քննադատեց իշխանություններին` ասելով, թե նրանք համայնքային միջոցները վատնում են ոչ արդյունավետ: Ապա` անդրադառնալով Կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին, ասաց. «Չնայած մեր ղեկավարները շինարարության ոլորտը գնահատում են որպես շարժիչ ուժ, քաղաք Երեւանում այն բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Եթե 2008թ. շինարարության ծավալը մոտավորապես կազմում էր 736 մլրդ դրամ, ապա 2009թ. նախատեսված է 64 մլրդ: Գրեթե 10 անգամ պակաս է: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ գումարի մեծ ծավալը ներդնում էին սեփականատերերը, հիմա չեն ներդնում: Ինչո՞ւ, չէ՞ որ եղել են բիզնես-ծրագրեր»: Այնուհետեւ ելույթ ունեցավ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը: Նախքան առողջապահական խնդիրների մասին խոսելը, նա անդրադարձավ Հյուսիսային պողոտային` այն որակելով որպես «քար ու բետոնե սառնություն» ունեցող պողոտա: «Ամեն քաղաք պետք է զարգանա, գեղեցկանա, բայց մենք չենք տեսնում, որ մեր Կենտրոնը գեղեցկացել է: Եթե վերածենք թղթի, դրանք կարող է շատ սիրուն շենքեր են: Բայց երբ անցնում ես Հյուսիսային պողոտայով` քար եւ բետոն, սառնություն է ուղղակի, չես կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ դու գտնվում ես Կենտրոնում: Այնպիսի տպավորություն է, որ ուրիշ քաղաքում ես գտնվում: Այն դեպքում, երբ Կենտրոնը շատ կանաչ տարածքներ ուներ»,- ասաց նա: «Կիսաընդդիմադիր» այս ելույթներին եկավ լրացնելու Հեղինե Բիշարյանը, ու հայտարարեց, որ, այո, ինքը «Հեղինեի կախովի այգիներ» է սարքելու շենքերի տանիքներում, ու կանանցով բարձրանալու են այնտեղ սուրճ խմելու: «Մենք ունենք քարերի համայնքներ, այնքան բազմահարկ շենքեր են կառուցում: Այո, ես կախովի այգիներ եմ կառուցելու տանիքներում, որպեսզի հարեւաններով բարձրանանք այնտեղ ու սուրճ խմենք: Ի՞նչ է` չենք կարո՞ղ: Իհարկե կարող ենք»,- ի պատասխան իր այս նախաձեռնությունը հեգնողների` ասաց Հ. Բիշարյանը: Եվ չնայած նրան, որ դահլիճում ներկա էին հիմնականում (ըստ երեւույթին` ամբողջությամբ) ՕԵԿ-ականներ` տարբեր համայնքներից, ելույթ ունեցողները, այդ թվում` Հ. Բիշարյանը, չգիտես ինչու` դահլիճում հավաքվածներին դիմում էր` «սիրելի Կենտրոն համայնքի բնակիչներ» նախաբանով: Նա խոստացավ իրենց հաղթանակի դեպքում այնպես անել, որ Երեւանն ապրի առանց չքավորների, ինչպես նաեւ «ջրի գնով սեփականաշնորհված» ձեռնարկություններն աշխատացնել ու աշխատատեղեր ստեղծել: «Եվ ինչո՞ւ չեն բացում այդ աշխատատեղերը: Գիտեք, երկնքից չենք իջեցնելու աշխատատեղեր: Մենք առաջարկում ենք հետեւողականություն, բացել այն ձեռնարկությունները, որոնք այսօր փակված են, բռնել այն ձեռքը, որը թույլ է տալիս այսօր հսկա սուպերմարկետներ կառուցել եւ փակել մանր եւ միջին ձեռներեցների ստեղծած աշխատատեղերը»,- ասաց ՕԵԿ փոխնախագահը:
Ըստ Հ. Բիշարյանի` իր կատարած «մուտք առ մուտք, շենք առ շենք» այցերի ընթացքում պարզել է, որ գրեթե բոլոր բազմաբնակարանային շենքերի բնակիչները դժգոհություններ ունեն եւ տանիքների հետ կապված պրոբլեմներ, եւ մուտքերի: «Եվ ես լսում եմ, որ գործողները (խոսքը հավանաբար համայնքի ղեկավարների մասին է.- Լ.Ս.) ասում են, որ մեկ տարում ամեն ինչ կանեն: Եղբայրներ, ձեզ տարիներ շարունակ հնարավորություն է տրված եղել դրանք կատարելու, իսկ ի՞նչ է եղել, այդ տարիների ընթացքում հնարավորություն չի եղե՞լ, թե՞ երկնքից բազմաթիվ պարկերով գումարներ են իջնելու: Եվ ձեզ նո՞ր են տալու հնարավորություն, իհա՛րկե ոչ»,- հայտարարեց նա` մեկ անգամ եւս կրկնելով, որ «այստեղ կնոջ ձեռք է պետք»: Ի դեպ, նա խոստացավ բոլոր համայնքներում այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի, ինչպես ինքն ասաց` «որ չասենք` իջնենք Կենտրոն մի բաժակ սուրճ խմենք»: Իսկ վերջում` դիմելով ներկաներին, հարցրեց. «Դուք եղե՞լ եք Դուբայում»: Դահլիճի լռությունից անակնկալի գալով, նա չգիտես ինչու պատմեց, թե ինչպես է Դուբայում ամեն թուփ ու ծաղիկ առանձին խողովակով ջրվում: