Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երեւանում սկսեցին ծաղկապատվել ոչ միայն սիզամարգերը, այլեւ կամուրջները, որն առավել գրավիչ եւ ներկայանալի է դարձնում մայրաքաղաքը: Ապրիլի 1-ից մեկնարկած մայրաքաղաքի կամուրջների ծաղկային ձեւավորման ծրագրի արդյունքում մայրաքաղաքի 8 կամուրջներ արդեն ծաղկապատվել են: Ծաղկային ձեւավորում են ստացել «Հաղթանակ» եւ «Կիեւյան» կամուրջները, Մյասնիկյան եւ Իսակովի պողոտաների 2-ական կամուրջները, ինչպես նաեւ Խանջյան-Չարենց-Կորյուն խաչմերուկում գտնվող երկու վերգետնյա անցումները: Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի տեղեկացմամբ, Երեւանի քաղաքապետի այս նախաձեռնությանը արձագանքել են 5 մասնագիտացված ընկերություններ, որոնց առաջարկներն ու նախագծերը քաղաքապետարանի կողմից հաստատվելուց հետո սկսվել են ձեւավորման աշխատանքները: Ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է սահմանված ժամանակացույցի համաձայն` մայիսի 15-ին: Ծաղկատեսակներն, ի դեպ, ներկրվել են Հոլանդիայից, եւ հիմնականում 5 ծաղկատեսակներ են, որոնք հատուկ են Երեւանի կլիմայական պայմաններին: Ծաղկային ձեւավորում ստացած կամուրջները մեծ ոգեւորություն են առաջացրել մեր համաքաղաքացիների մոտ: «Ես եղել եմ մի քանի եվրոպական քաղաքներում եւ պարզապես հաճույք եմ ստացել տեղի ծաղկային ձեւավորումներից: Անչափ ուրախացա, երբ տեսա, որ մենք էլ արդեն հպարտանալու առիթ ունենք»,- ասաց մեր զրուցակից Հասմիկ Կարապետյանը: Իսկ ուսանողուհի Անուշիկ Սիմոնյանը կոչ արեց պահպանել մայրաքաղաքին շքեղ տեսք հաղորդող ծաղիկները. «Նկատել եմ, որ ծաղիկների տեղադրումից անմիջապես հետո, որոշ մարդկանց թեթեւ ձեռքով ծաղիկներն օրեցօր պակասում են, այն դեպքում, երբ Երեւանն ավելի ջերմ ու գունեղ է դարձել»: Ծաղիկների խնամքով զբաղվում են Երեւանի թաղային համայնքների կանաչապատման ընկերությունների մասնագետները: Դրանք ջրելու եւ ընդհանրապես խնամելու համար օգտագործվում են մասնագիտացված տեխնիկական միջոցներ: Գ. Բեգլարյանի կողմից պատասխանատու կառույցների առջեւ խնդիր է դրվել` ծաղիկների պահպանման ամենօրյա խնամք իրականացնել: