Հարկային մարմնի կողմից 2009թ.-ի մարտին Հայաստանի ամենախոշոր 325 հարկ վճարողների մոտ կատարվել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 55 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ` 207.6 մլն դրամի չափով: Այս ցուցանիշը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 21.7 %-ով: Այդ մասին ասված է ՊԵԿ-ի երեկ հրապարակած 2009թ. մարտ ամսվա 325 խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծական տեղեկագրում:
Նույն հետազոտության մեջ նշվում է, որ իրացումից հասույթի ցուցանիշը 325 խոշոր հարկ վճարողների մոտ 2009թ.-ի մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 27.7%-ով եւ կազմել 173.1 մլրդ դրամ: Օրինակ «ՀայՌուսգազարդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Ֆլեշ» ընկերությունների իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա մարտին նախորդ տարվա մարտ ամսվա նկատմամբ աճել է 1.4 մլրդ դրամով: Բայց հասույթի աճին զուգահեռ, նվազել են վճարվող հարկերի ծավալները: Այսպես, պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2009թ.-ի մարտին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 13.6 մլրդ դրամ կամ նախորդ տարվա մարտից 5.3 մլրդ դրամով պակաս: ««ՀայՌուսգազարդ», «Ղ-Տելեկոմ», «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2009թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ բյուջե պակաս հարկային վճարումներ է կատարվել 1.5 մլրդ դրամով»,- նշվում է զեկույցում:
Բացառությամբ իրացումից հասույթի` մյուս բոլոր ցուցանիշների առումով (ներմուծման եւ արտահանման ծավալներ, պետական բյուջե վճարված մաքսային վճարներ, հարկեր եւ այլ պարտադիր վճարներ) 2009թ.-ի մարտ ամսին նախորդ տարվա մարտ ամսվա նկատմամբ դիտվել է նվազման միտում: Այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ նվազել են մաքսային վճարները` կապված ներմուծման ծավալների նվազման հետ: Օրինակ «ՀայՌուսգազարդ», «Քաղ Պետրոլ սերվիս» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» ընկերությունները միասին վերցրած 2009թ.-ի մարտ ամսին ՀՀ տարածք «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծել են 12.8 մլրդ դրամի ապրանքներ նախորդ տարվա նույն ամսվա 13.9 մլրդ դրամի փոխարեն, կամ պակաս 1.1 մլրդ դրամով (8%-ով): Այս ցուցանիշի նվազումը ուղիղ համեմատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաեւ ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2009թ.-ի մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 17.4%-ով: Այնուհանդերձ, նվազման առումով ամենաանմխիթար ցուցանիշը վերաբերում է արտահանմանը: 2009թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն նվազել է 40.4%-ով եւ կազմել 11.0 մլրդ դրամ: Այսպես, միայն երեք կազմակերպությունների` «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Քափըր Փրոգրամ» եւ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշնի» կողմից արտահանման ծավալները 2008թ.-ի մարտ ամսվա նկատմամբ այս տարվա մարտին նվազել է 4.4 մլրդ դրամով:
Նույն հետազոտության համաձայն, աշխատողների միջին ցուցակային թիվը այդ 325 խոշոր հարկ վճարողների մոտ 2009թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պակասել է 5.4%-ով: Միաժամանակ, չնայած այս հանգամանքին` աճել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը, ավելին, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների առումով արձանագրվել է 4.6% աճ նախորդ տարվա մարտ ամսվա նկատմամբ: