Ստեփանակերտին դպրոց պետք չէ՞

20/07/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Անցյալ տարվա նոյեմբերին, երբ ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը մասնակցում էր
Արցախին նվիրված հեռուստահանգանակությանը, Նյու Յորքից բարերարուհի Անուշ
Մաթեւոսյանը ցանկություն էր հայտնել 275-300 հազար դոլար հատկացնել
Ստեփանակերտում դպրոց կառուցելու համար: Դեկտեմբերին այդ գումարը
փոխանցվել է Հայ օգնության ֆոնդին (ՀՕՖ), որի միջոցով էլ այդ գումարը պետք
է մտներ Ստեփանակերտ: Մայիսին բարերարուհին անակնկալ հետ է կանգնել իր
որոշումից եւ այդ գումարը հատկացրել համալսարանական կրթավճարին: Մեր
տեղեկություններով՝ ՀՕՖ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գառնիկ
Նանագուլյանն ինքն է Անուշ Մաթեւոսյանին համոզել գումարը չներդնել դպրոցի
կառուցման համար, քանի որ «դպրոցի կառուցման բյուջեն ավելի մեծ է»: Բանն
այն է, որ այս պահին ԼՂ իշխանությունները դեռ տեղյակ չեն, որ
Ստեփանակերտում այդ դպրոցը չի կառուցվելու:

Տեղեկացնենք նաեւ, որ անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, երբ Գառնիկ
Նանագուլյանը դարձավ ՀՕՖ-ի տնօրեն, սա լինելու էր ՀՕՖ-ի առաջին ծրագիրը:
ՀՕՖ-ի Հայաստանյան գրասենյակի մամուլի քարտուղար Լեւոն Լաճիկյանը
վստահեցրեց, որ համալսարանական կրթավճարներն ավելացել են, բայց ոչ այն
գումարից, որը նախատեսված է Ստեփանակերտի դպրոցի համար: Նա նաեւ
ավելացրեց, որ դպրոցի կառուցման ծրագիրը ոչ թե չեղյալ է համարվել, այլ
հետաձգվում է, քանի որ «վերջնահաշվի հետ կապված ֆինանսական խնդիրներ
ծագեցին»: