3300 որոշում` երկու ամսում

21/05/2009

Վերջին երկու ամսում Երեւանի քաղաքապետարանի կողմից ճանաչվել է ավելի քան 3300 ընտանիքների սեփականության իրավունքը իրենց տների նկատմամբ: Համեմատության համար նշենք, որ 2009թ. հունվար-մարտ ամիսներին քաղաքապետարանից, ինչպես նշում է այս կառույցի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը, քաղաքացիները ստացել են իրենց սեփականության իրավունքների վերականգնումը հաստատող մոտ 600 դրական որոշում: Թվերի համեմատական դինամիկան ցույց է տալիս, որ Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ նշանակվելուց հետո անշարժ գույքի անհատույց օրինականացման գործընթացը քաղաքապետարանում մեծ տեմպով է իրականացվում:

Նշենք, որ մայրաքաղաքում մինչեւ 2001թ. կառուցված անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքների ճանաչումը հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից է: Այս խնդիրն առկա է Երեւանի մի շարք թաղամասերում` Սարի թաղ, Նորագյուղ, Ներքին Չարբախ, Նորագավիթ եւ այլն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի իրականացման շրջանակներում 2008թ. հուլիսից ուժի մեջ մտած «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ անցյալ տարի օրինականացվել է 1177 գույքային միավոր, 2009թ. (մայիսի 20-ի դրությամբ)` մոտ 3900: Անհատույց օրինականացման վերաբերյալ դեռեւս նախորդ տարվանից քաղաքապետարան ուղղված բազմաթիվ դիմումների պատասխանները ժամանակին չէին տրվել, ինչը Գ. Մելքումյանը պայմանավորում է գործընթացում ներգրավված պետական տարբեր կառույցների ինչ-որ տեղ չհամաձայնեցված աշխատանքով: «Նախկինից կուտակված դիմումներին պատասխանելու համար քաղաքապետ Գ. Բեգլարյանի կողմից ժամկետ էր սահմանվել մինչեւ մայիսի 15-ը, բոլոր դիմումներին հիմնականում արդեն տրվել են պատասխաններ»,- տեղեկացրեց Գ. Մելքումյանը: Նրա խոսքով՝ մնացել են սակավ թվով չպատասխանված դիմումներ` պայմանավորված իրավական խոչընդոտներով: Խոսքն այն դեպքերին է վերաբերում, երբ առկա են համասեփականատերերից մեկի անհամաձայնության, հանրապետությունից բացակայելու, ժառանգության հետ կապված եւ նմանատիպ այլ խնդիրներ: Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գույքի անհատույց օրինականացման վերաբերյալ 1300 դիմում է ստացվել: Քաղաքապետ Գ. Բեգլարյանի կողմից խիստ հանձնարարական է տրված, որպեսզի նշված դիմումների պատասխանները տրվեն օրենքով սահմանված ժամկետում: Սեփականության իրավունքների անհատույց վերականգնման գործընթացն իրականացվում է նաեւ իրացման գոտի համարվող տարածքներում: Ըստ Գ. Մելքումյանի՝ մինչ օրս Կոնդ, Կոզեռն եւ 33-րդ թաղամասերում մոտ 900 գույքային միավորի նկատմամբ ճանաչվել է քաղաքացիների սեփականության իրավունքը:

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ