Վերջին ամիսներին հայ-թուրքական բանակցությունների ակտիվացման համատեքստում հետաքրքրական էր պարզել, թե ինչպե՞ս է Երեւանի բնակչությունը վերաբերվում այս գործընթացին, ինչպե՞ս է Թուրքիան ընկալվում մեր բնակչության կողմից:
Այդ հարցերի պատասխանները ստանալու համար Երեւանի 663 բնակիչների շրջանում մայիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում APR Group-ը իրականացրեց իր հերթական հեռախոսային հարցումը:
«Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-թուրքական բանակցությունների վերջին զարգացումներին» հարցին մեր համաքաղաքացիների 50.5 %-ը պատասխանել են դրական, բացասական` 32.4%-ը, դժվարացել է պատասխանել` 17%-ը:
Թուրքիային «Բարեկամ պետություն» համարում է երեւանցիների 4.7%-ը, Հայաստանի հանդեպ «Չեզոք պետություն» համարում է 35.1%-ը, իսկ 40.1%-ը Թուրքիային դիտարկում է որպես «թշնամի պետություն»: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվողների 20.1%-ը:
Որպեսզի առավել ակնհայտ լինի հայ-թուրքական հարաբերությունների կարեւորությունը մեր բնակչության համար, հարցը դիտարկեցինք նաեւ այլ հիմնախնդիրների շարքում: Այն հարցին, թե «Ստորեւ թվարկված ո՞ր հիմնախնդիրներն են Ձեզ ավելի շատ անհանգստացնում», պատասխանները բաշխվեցին հետեւյալ կերպ.
Հարցվողներն իրավունք ունեին թվարկվող ցանկից 2 տարբերակ ընտրել, կամ առաջարկել իրենց տարբերակները: Տվյալները ներկայացվում են միջինացված տեսքով:
Ստացված պատասխանների տրամաբանությունը առավել ցայտուն երեւում է ներկայացված հարցերի խաչաձեւ վերլուծության (հարցերի, պատասխանների համեմատության) արդյունքներում:
Հայ-թուրքական բանակցությունների վերջին զարգացումներին բացասական վերաբերվող հարցվողների (32.4%) 20.7%-ը Թուրքիային դեռ շարունակում է ընկալել որպես թշնամի պետություն: Իսկ հայ-թուրքական բանակցությունների վերջին զարգացումները դրական համարող հարցվողներից (50.5%) 25.8%-ը Թուրքիային դիտարկում են որպես Հայաստանի նկատմամբ չեզոք պետություն:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ անհանգստացած հարցվողները հիմնականում մեկնաբանում էին իրենց պատասխանը բանակցությունների վերաբերյալ տեղեկատվության պակասով, կամ նշում, թե լսել են, որ հայ-թուրքական սահմանի բացումը կապված է Լեռնային Ղարաբաղի տարածքների զիջման հետ:
Այսպիսին է պատկերն՝ ըստ հետազոտության արդյունքների:
APR Group