Տարօրինակ սեփականություն

21/05/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Լրագրողներին խորհուրդ տվողները քիչ չեն: Այս կամ այն միջոցառման ընթացքում ցանկացած մեկը կարող է մոտենալ ու սկսել խորհուրդներ տալ: Ինչի մասին եւ ինչ թեմայով գրել: Վերջին շաբաթներին ամենաշատը փորձում են ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ տարիներ շարունակ կայացած ավանդույթ է դարձել բուհական ընդունելության քննությունների շեմին փոխել Կրթության ու գիտության նախարարին: Լրագրողներից շատերը կհաստատեն, որ պատահաբար որեւէ ուսուցչի կամ դասախոսի «ձեռքն ընկնելուց» հետո երկար ժամանակ պրծում չունես: Նրանք ժամերով պատրաստ են փաստարկելու, որ նախարարափախությունը տարիներ շարունակ կազմակերպում է նույն կոռումպացված կլանը: Նոր նախարարը քննությունների նախօրեին չի հասցնի ծանոթանալ համակարգին ու կլանը կհասցնի իր սեւ գործն անել: Ու այսպես՝ տարիներ շարունակ: Նման վերլուծություններ լսելիս ես այնքան էլ չեմ ոգեւորվում: Որովհետեւ վստահ եմ, որ եթե պատահաբար անկաշառ որեւէ անձ նշանակվի նախարար, ոչինչ չի փոխվի: Կոռուպցիան մեր իրականության մեջ շատ ավելի խոր արմատներ ունի, որ որեւէ անկաշառ (ու պատահական) մեկը կարողանա դրա դեմն առնել: Մի քանի օր առաջ շփվեցի մաթեմատիկայի ծերունազարդ մի պրոֆեսորի հետ: Պրոֆեսորը սկսեց նույն ավանդական տեքստով. «Գրում եք, կարդում եմ, բայց մի հրատապ տնտեսական թեմայի ուշադրություն չեք դարձնում»: Թեմայի հրատապությունը չգիտեմ, բայց ինքնատիպությունն ապահովված էր: Պրոֆեսորը մի քանի տարի շարունակ հետեւել էր Հայաստանում անցկացվող ընտրություններին: Հատ-հատ արձանագրել էր, թե որ ընտրության ընթացքում ում որքան քվե է անհրաժեշտ եղել հաղթելու համար: Պարզ ասած` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը քանի ձայնով են նախագահ դարձել: Որքան ձայն է անհրաժեշտ եղել՝ մեծամասնականով, որքան՝ համամասնականով ԱԺ պատգամավոր դառնալու համար: Որքան ձայն հավաքելով են Հայաստանում քաղաքապետ ու համայնքապետ դառնում: Հետո հնարավորինս փորձել էր պարզել, թե քվեով ապահովված աշխատանքային տարիներին տվյալ անձը որքան փող է աշխատում: Խոսքն աշխատավարձի մասին չէր: Բնականաբար: Մաթեմատիկոսը մամուլի հրապարակումներից, ունեցվածքի պաշտոնական հայտարարագրերից, ծանոթ-բարեկամ փորձագետներից փորձել էր պարզել, թե նախագահության, Աժ պատգամավորության, քաղաքապետ աշխատելու շրջանում տվյալ անձը որքան փող է աշխատում: Պրոֆեսորը վստահ էր, որ իր թվերը խիստ հարաբերական են: Բայց պնդում էր, որ դրանք մոտ են իրականին: Մեծ թվերի օրինաչափության մաթեմատիկական օրենքի համաձայն: «Բայց ինչո՞ւ եք հաշվել ուրիշի փողերը» հարցին նա առանց սրտնեղելու պատասխանեց՝ նշելով, որ ընտրական ձայնը մեր երկրում վաղուց սովորական ապրանք է: Առքուվաճառքի ենթակա պարզ ապրանք: Եվ, որ իր նպատակն է՝ պարզել այդ ապրանքի շուկայական գինը: 5 հազարանոց «ընդունված» ընտրակաշառքը չափազանց փոքր թիվ է: Պրոֆեսորի կարծիքով` վաճառականի բարի համբավ ու տաղանդ ունեցող հայ մարդուն վայել չի խաբվելը: Խաբվել ու ունեցած սեփականությունն այդքան էժան վաճառելը: Ըստ մաթեմատիկոսի՝ ցանկացած ընտրվող «պարտավոր» է քվե ստանալու համար նախապես բաժանել իր ապագա եկամտի մինչեւ 50 տոկոսը: Այս դեպքում ընտրակաշառքը պիտի կազմի 250-400 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ամեն քվեի համար: Չափը պայմանավորված է ընտրության միջոցով ապահովվող մանդատով: Պրոֆեսորը վստահեցնում էր, որ հիմա ինքը հաշվարկում է Երեւանի քաղաքապետի ընտրության քվեի արժեքը: Հաշվարկում ու զարմանում է, որ մայրաքաղաքի ղեկավարի պոստը ՀՀ նախագահի պաշտոնին համարյա համարժեք ֆինանսական հնարավորություններ է ընձեռում ապագա քաղաքապետին: Հետեւաբար՝ ընտրակաշառքի գինը մոտավորապես պիտի հավասարվի 400 դոլարի: Իմ հուսահատ հակադարձումը, որ այդ դեպքում ընտրությունից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները կբարձրանան` պրոֆեսորին անակնկալի չբերեցին: Նա վստահ էր, որ դրանք միշտ էլ ընտրություններից հետո թանկանում են: Անկախ ամեն ինչից: Որպես հայաստանյան հետընտրական կայուն ավանդույթ: «Չի կարելի ավելի էժան վաճառել սեփական ապրանքը` քվեն»,- համոզում էր պրոֆեսորը: Ու ինձ` որպես լրագրողի, կոչ էր անում այս ամենը բացատրել ընթերցողներին: Նրա խնդրանքը, կարծես, կատարեցի: Բայց ինձ չի լքում մտատանջությունը, թե ինչո՞ւ են ընտրողներն իրենց սեփականություն համարվող ընտրական ձայնը ընդհանրապես վաճառում: Վաճառելուց էլ` այդքան էժան: Գուցե վստահ, որ այն ոչինչ չի որոշում: Կամ էլ հաստատ գիտեն, որ ընտրական ձայնն իրենց սեփականությունը չէ: