Գրված օրենքի չգործող կարգը

21/05/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անցած շաբաթ մեր խմբագրության գրած նամակներից մեկում մանկավարժ թոշակառու կինը դժգոհություն էր հայտնել կենսաթոշակի ստացման նոր կարգի վերաբերյալ: «Ես թոշակս ստանում եմ ՎՏԲ բանկից: Այս մայիսի 1-ից նոր կարգ է կիրառվում` առանց անձնագրի պատճենի թոշակ չեն տալիս: Այդ մասին գրված է նաեւ բանկի դռներին»,- գրում է թոշակառու կինը` հետաքրքրվելով, թե ի՞նչ նպատակով է դա կիրառվում: Դա փորձեցինք պարզել «ՎՏԲ-Հայաստան» բանկի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալեքսանդր Ավետիսյանից: Նա նշեց, որ ընդհանրապես ցանկացած գումար ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ: «Այդ կարգը գործել է միշտ ու կգործի»,- նշում է Ա. Ավետիսյանը: Մեր նամակագրի հարցին պատասխանեց նաեւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արեն Ափիկյանը: Ըստ նրա` կենսաթոշակների վճարման ծառայության ընթացքում հաճախորդի անձանագրի պատճենն անհրաժեշտ չէ: «Միեւնույն ժամանակ հնարավոր է, որ կոնկրետ հաճախորդի սպասարկման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նրանից պահանջել անձնագիրը կամ պատճենը»,- ասաց նա` մեր նամակագրին խորհուրդ տալով հարցերի համար զանգահարել հաճախորդների սպասարկման հեռախոսային կենտրոն, որտեղ իրենք բոլոր հարցերին կպատասխանեն: Ավելի ուշ նույն բանկում փորձեցինք գտնել այն հայտարարությունների թերթիկը, որի մասին գրվել էր նամակում, սակայն` ապարդյուն: Սրա փոխարեն գտա մի հայտարարության տեքստ, որը ինձ պարզապես զարմացրեց: Այն, որ կենսաթոշակ ստանալու ժամկետները հանված են եւ պետք չէ այլեւս հերթերի մեջ ժամանակ վատնել: Մինչդեռ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նույն բանկի մասնաճյուղում, որը գտնվում է Շինարարների փողոցում, ականատեսն էի հակառակ երեւույթին` կենսաթոշակառու կնոջ ուշացման պատճառով` թոշակը ետ էին ուղարկել Կենսաթոշակային հիմնադրամ: Այս հարցի առնչությամբ Արեն Ափինյանը տեղեկացրեց, որ առայժմ այդ կարգը լիովին չի գործում: «Կենսաթոշակ ստանալու ժամկետների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայումս այն Կենսաթոշակային հիմնադրամի պահանջով (համաձայն ծառայություններ մատուցելու պայմանագրի) սահմանափակվում է ամեն ամսի 20-ով, որից հետո Բանկը չվճարված գումարները վերադարձնում է Կենսաթոշակային հիմնադրամ»,- նշեց Ա. Ափիկյանը: Վերջինս կրկին առաջարկեց իրենց բանկի բոլոր հաճախորդներին առաջացած խնդիրների դեպքում դիմել իրենց (հեռախոսահամարն է` 8787, այն աշխատում է 9:30-ից մինչ 18:00-ն):