ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել են Բրյուսել, որտեղ երեկ մասնակցել են «28+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին: Ըստ Արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի, Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի հետ: «Պարբերական բնույթ է կրում հանդիպումը. սա առաջին հանդիպումն է 28+1 ձեւաչափով` նախկինում եղել է 26+1 ձեւաչափով, քանի որ ՆԱՏՕ-ի անդամների քանակը 26 էր: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի հիմնական նպատակը Հայաստան-ՆԱՏՕ նորացված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) քննարկումը եւ հաստատումն է, եւ այդ նպատակով են Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ժամանել Բրյուսել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Բալայանը: