Թուրքական Սարդարակ գյուղի հարեւան հայկական Երասխավանում մարդիկ ապրում են առանց առավոտների: Նրանց համար կյանքը դարձել է մի սեւ գիծ, որի վրայով, ուզած-չուզած, քայլում են, հոգնում ու չեն հանգստանում, ինչպես գյուղ մտնող խմելու ջուր վաճառող մեքենան:
Արդեն 50 տարի է, ինչ Արարատի մարզի Երասխավան գյուղում մարդիկ խմելու ջուր չունեն: Այստեղ մեկ դույլ ջուրը (մոտ 15 լիտրանոց) արժե 40 դրամ: «Էս ապրիլի 1-ից են թանկացրել: Առաջ 20 դրամ էր»,- ասում է Գոհար տատը: Նա մանրամասն ներկայացնում է, թե շաբաթվա ընթացքում խմելու ջուր վաճառող մեքենան քանի անգամ է գյուղ մտնում: «Գյուղի բնակիչները միշտ էլ ջուրը գնել են: Կիրակի որ եկավ, մեկ էլ էրկու օր հետո կգա: Դե՛, շաբաթվա մեջ դառնում ա երեք անգամ»,- մատների վրա հաշվում է գյուղացի կինն ու հետաքրքրվում, թե ի՞նչ գործ ունեմ իրենց անապատում: «Աղջիկ ջան, մեր մասին լրիվ մոռացել են: Չէ, մեկ-մեկ էլ տեսար մի լրագրող ա գալիս, մեր մասին գրում ու կորում»,- նշում է գյուղացի կինը, ում աղջիկը` տիկին Սուսաննան, ուղղում է մոր խոսքերը: «Էդ մեր մասին չեն գրում: Գալիս են մեր թշվառությունը տեսնում, հետո գնում, մեր թշվառությունն իրենց ծառայեցնում: Լրիվ էլ էդպես են` ասում են, բա ո՜նց, գալու ենք, օգնելու ենք, բայց հետո կորում են, կորումգ»,- նշում է 5 երեխաների մայրն ու ջրակալած աչքերը հառում պատուհանից դուրս: Իսկ փոքրիկ աղջիկը` Նաիրան, շապիկած տետրերն է թերթում ու հաշվում բոլոր գնահատականները: «Գիտե՞ք, սա Երասխավան չէ, սա Թշվառավան է: Մեր ամբողջ գյուղում դժվար թե մի երկու լավ ապրող գտնեք: Ում էլ գտնեք` ուրեմն հող ա մշակում: Բայց էս գյուղում հող էլ չկա: Թե ի՞նչ կա` գազ չկա, ջուր չկա, լույսն էլ, մեկ էլ տեսար, անջատում են»,- ասում է բազմազավակ ընտանիքի մայրը, ով շաբաթվա ընթացքում ստիպված է նվազագույնը 500 դրամ խմելու ջրի համար վճարել, իսկ մնացած դեպքերի համար բազմանդամ ընտանիքը հարկադրված է օգտվել տան բակում գտնվող հորից: Սակայն արտեզյան այս ջուրը, ըստ տնեցիների, շատ աղի է ու վնասակար: «Էս ջրով չես էլ կարա օճառ օգտագործես: Հես ա, մի քանի ժամ առաջ եմ «Այնայով» լվացել գլուխս»,- նշում է գյուղացի կինը:
Մասիսին նայող Թշվառավանում
Խորհրդային ժամանակների Երասխավանը գյուղի բնակիչների համար դարձել է լեգենդ: Այս մասին վկայում են գյուղի նախկին գործարանների կիսաքանդ շենքերը: «Այ, հեն ա, էն գինու գործարանն էր, էն կողքինը պարկետի գործարանն էր, գյուղապետարանի մոտ էլ ջրերի գործարանն է: Իսկ էն էլ կոլխոզի գոմերն էին»,- գործարանի շենքը մատնացույց անելով` նշում է գյուղի բնակչուհի տիկին Նունիկը, ով ապրում է նախկին ճաշարանի շենքում: Բակում փռած լվացքի համար կինը ներողություն է խնդրում` ասում է` վայ, ամոթ է, բայց ի՞նչ անեմ: Միայնակ կինն ապրում է մի սենյակում, որի մթության ու ցրտի մեջ նշմարվում է արհեստական ծաղիկների հսկա փունջը: Գյուղացի կինը սկսում է դժգոհել ոչ թե իր պայմաններից, այլ այն զրույցներից, որ լսել է: Նա հետաքրքրվում է, թե ինչո՞ւ են ուզում սահմանը բացել: Իրենց ի՞նչ է տալու սահմանի բացվելը: «Մենք էստեղից էլ պարզ տեսնում ենք, թե էն թուրքերի գյուղում ինչ են անում, իրենք էլ մեզ են տեսնում»,- ասում է տիկին Նունիկը: Մինչդեռ նրա հարեւան բազմազավակ ընտանիքի մայր Լուսինեի համար ամեն ինչ խիստ միեւնույն է: Ալրոտ փեշը թափ տալով` Լուսինեն պատմում է, որ իրենք լավ են ապրում, դժգոհություններ չունեն: «Ճիշտ է, նախորդ տարի մեր տան էն երկու պատն էլ վաճառեցինք, բայց ոչինչ»,- նշում է կինն ու հրավիրում տուն, որի պատերը ներսից մագաղաթի էին նմանվում, իսկ առաստաղից կտորտանքներ էին կախված, սենյակում երեխաների իրերն էին այս ու այն կողմ ցրիվ եկած: «Ո՞վ ասաց, որ ցուրտ է, չէ: Լավ ա, լավ: Ամուսինս քաղաքում չաստնի գործեր է անում: Պատերն էլ շատ ամուր են»,- ասում է Լուսինեն, ում հայացքում ոչ թե ինքնախաբված կինն էր, այլ այն հայ կինը, ով հպարտությամբ է տանում հոգսերի բեռը: 5-ամյա Անդրանիկը փորձում էր հասկանալ` ինչ է կատարվում շուրջը` սեղանին թափված լավաշի փշուրները հավաքելով ու բուռ-բուռ կուլ տալով: Այդ ընթացքում նայում էր մորը, ով պնդում էր լուսանկարվելու համար հագուստը փոխել: Իսկ գյուղի միակ պետական եռահարկ շենքի բնակչուհին` տիկին Թամարան, ցույց է տալիս հայ-ադրբեջանական պատերազմից մնացած պայթած արկի հետքերը, որոնց թողած մեծ անցքերը պարզապես սվաղել-փակել են: Կնոջ համար միակ հոգսը 10 ամսական Անժելիկայի 100.000 դրամանոց վիրահատությունն է: «Մի քանի ամիս առաջ էր: Բժիշկներն ասում են, որ արյունը հավաքվել ա, ու եթե 100.000 դրամ տանենք, իրենք կվիրահատեն ու էս մեծ խոցը կհեռացնեն: Բայց որտեղի՞ց տանենք: Էրեխեն ստիպված ա տենց մեծանա»,- ասում է նա` չհավատալով, որ ինչ-որ մեկը կարող է օգնել Անժելիկային:
Գյուղացու մշտական հոգսերը
Երասխավանում շրջելիս իմ տեսած սակավաթիվ մշակված հողատարածքները գտնվում էին գյուղապետարանի դիմաց, անմիջապես մայրուղու մոտ: Հողակտորներից մեկի սեփականատեր պարոն Աղաջանը ծիծաղում է հարցերիս վրա ու հետաքրքրվում, թե ի՞նչ գործ ունեմ իրենց ջրազուրկ ու լքված անապատում: «Պատկերացնում եք, Երեւանին էսքան մոտ ենք, բայց էնքան հեռու ենք ամեն ինչով: Գյուղում մի քանի հոգի են հող մշակում: Էդ էլ թանկ հաճույք է` սերմեր, պարարտանյութ, բա ջո՞ւրը: Ես մենակ խաղող եմ աճեցնում, էն էլ էս տարի գործերը շատ վատ են,- նշում է գյուղացին, ում կանխատեսումներով՝ այս տարի խաղողն ու ծիրանը թանկանալու են: «Դե նայեք, նախորդ տարի մենք Արարատի գինու գործարանին էինք ծախում մեր խաղողը` 130-140 դրամով ընդունում էր, հիմա էլ էնքան քիչ է: Ես գիտեմ, գործարանն էս տարի էլ էդպես կընդունի: Բայց ա՛յ, ծիրանը դառնալու ա 2500-3000, ոնց որ անցած չէ՝ անցած տարին»,- ասում է գյուղացին` ուղեւորվելով դեպի դաշտ:
Դաշտի դիմաց գտնվող խանութներից մեկում էլ արմաշցի վաճառողը պատմում է, որ ինքն այսպիսի գյուղ չի տեսել: «Էս գյուղում տենց մարդ չկա, որ պարտքով ապրանք չտանի: Տետրակներ չէ, արդեն եսիմի՞նչ հաստությամբ դավթարներ են պետք պարտքերը գրանցելու համար: Սա ամենաաղքատ գյուղն ա»,- ընդգծում է վաճառողը: Իսկ խանութի մոտ հավաքվածները հետեւում էին փողոցի անցուդարձին: «Հեն ա, էն Սոնյան ա: Էլի տանջվում ա: Բաքվից փախած ա»,- պատմում են տղամարդիկ: Սոնյայի պատմությունը գյուղում բոլորն էլ գիտեն: Կինն ասում է, որ ինքը փախել է ու էլ չի վերադառնա իր ծննդավայրը: «Էստեղ լավ ա: Ոչինչ, ես չեմ հոգնում, որ ջուր եմ տանում: Համ էլ ինչի՞ պիտի հոգնեմ` հո շալակած չե՞մ տանում, դնում եմ տաչկայիս վրա»,- պատասխանում է Սոնյան ու քայլում. դեռ մի 1000 մետրի չափ ճանապարհ պիտի անցնի: Երիտասարդների համար Սոնյան արդեն գյուղի մի մասն է կազմում: «Գնում ա խանութներ ա մաքրում` 200 դրամով: Գլուխը պահում ա, էլի»,- ասում են նրանք: Վերջիններս էլ ինձ ուղեկցեցին դեպի թուրքական գյուղի սահմանագիծ, որից քիչ հեռու Մասիսն էր նայում: «Ես ամեն ինչ կտամ, որ էս գյուղից դուրս գամ: Հոգնել եմ ամեն ինչից: Մարդիկ կան, ովքեր ասում են` ամեն ինչ կտամ, մենակ Մասիսի դիմաց ապրեմ, ես չեմ երազում, ես հոգնում եմ»,- նշում է Մելինեն` վիրավորված հայացքը թաքցնելով Մասիսից: Իսկ գյուղում կյանքի ընթացքի մասին միակ վկան, ինչպես գյուղացիներն են ասում` «էլեկտրիչկան» է, որն ամեն առավոտ ժամը 6:00-ին շարժվում է դեպի Երեւան` տանելով «բիզնեսով» զբաղվող գյուղացիներին ու նրանց հույսերը: