«168 Ժամը» եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը շարունակում են ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «The Economist» պարբերականի Թուրքիայի լրագրող Ամբերին Զամանի հոդվածը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մայիսի մեկին ներկայացրեց կառավարության նոր կազմը՝ երեւան բերելով 9 նոր նախարար եւ հրաժեշտ տալով նախկին 8-ին: Վաղ է խոսել, թե ինչպիսի ազդեցություն կունենա այս փոփոխությունը ներքին եւ արտաքին քաղաքականության վրա: Արդյո՞ք լքող խումբն ավելի պահպանողական է: Թե՞ այս վերադասավորման նպատակն է՝ վերադառնալ վաղ բարեփոխմանը հակված մոտեցմանը:
Ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը հիմնավոր պատասխան չեն տալիս: Իր նշանակությամբ դրամատիկ այս վերադասավորումը ցույց է տալիս Էրդողանի կուսակցության ներսում տեղի ունեցող տարբեր, հաճախ մրցող մոտեցումների բալանսավորման սիմվոլիկ ռազմավարությունը: Ամենամեծ անակնկալն է Բուլենթ Արինչի պաշտոնի բարձրացումը մինչեւ վարչապետի առաջին տեղակալ, ով հանդիսանում էր Խորհրդարանի նախկին դյուրագրգիռ խոսնակը եւ գլխավորում է Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) պահպանողական/կրոնական թեւը: Նրա վերադարձը հետին պլանից վառ ցույց է տալիս, որ Էրդողանի մոտ մտահոգություններ է առաջացրել մարտի 29-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) Սաադեթ (Երանություն) կուսակցության հաջողությունները: Բացահայտորեն բարեպաշտ Արինչը երկար ժամանակ բողոքում էր ԱԶԿ-ի մեջ եւ շուրջ տիրող կաշառակերության դեմ: Էրդողանը հաշվի առավ նաեւ այն, որ տաղանդավոր հռետոր Արինչն ԱԶԿ մյուս առաջնորդների համեմատ վայելում է մեծ համբավ: Կառավարության կազմի մեջ Արինչի ներառումը հնարավորություն կտա տարածել Էրդողանի ազդեցությունը ԱԶԿ իսլամիստ ընդդիմադիրների վրա:
Որպես նվեր ազգայնականներին, Ջեմիլ Չիչեկը պահպանեց իր երկու պաշտոնները՝ որպես փոխվարչապետ եւ պետական նախարար: Նրա բանավոր արտահայտությունները ոչ-մահմեդական փոքրամասնությունների, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման, Կիպրոսի հարցի շուրջ եւ ընդհանրապես ԵՄ-ի կողմից նախանշված բարեփոխումների իրականացման դեմ բացասական ազդեցություն ունեն: Չիչեկը, անշուշտ, կշարունակի մոբիլիզացնել ԱԶԿ-ի համախոհ ազգայնականներին՝ որեւէ զիջման դեմ հանդես գալու համար:
Լիբերալներին հանգստացնելու համար Էրդողանը տեղափոխեց Նիմեթ Չուբուկչուին Կանանց հարաբերությունների նախարարությունից դեպի մեծ նշանակություն ունեցող Կրթության նախարարություն: Նրան նախորդող Հուսեյն Չելիկը դարձել էր քննադատության առարկա աշխարհիկ երկրի ջատագովների կողմից, քանի որ փորձում էր օրինականացնել իսլամիկ կրթությունը: Մասնագիտությամբ իրավաբան Չուբուկչուն հայտնի է որպես աղջիկների կրթության պաշտպան: Մինչ ԱԶԿ-ին միանալը նա գլխավոր ընդդիմադիր, աշխարհիկության կողմնակից Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) Ստամբուլի մասնաճյուղի անդամ էր: Նրա ուղղորդողների մեջ է Այշե Բոհյուրլերը, ով ԱԶԿ-ի ազդեցիկ հիմնադիրներից է եւ նրա գործադիր խորհրդի անդամ: Այշեն ԱԶԿ-ի այն խմբի մեջ է մտնում, ովքեր հասարակայնորեն քննադատում են Էրդողանին: Բոհյուրլերը կրում է իսլամական ոճի գլխաշոր, որը բացառում է նրա մասնակցությունը Խորհրդարանի աշխատանքներին:
Ֆինանսական հասարակության համար լավագույն նորությունն է հանդիսանում Ալի Բաբաջանի վերադարձն արտգործնախարարի պաշտոնից դեպի տնտեսության նախարարի պաշտոնին: Նրա հատկությունները այդ պաշտոնին ավելի հարմար են: Այս անգամ Բաբաջանը ստանձնում է երկրի տնտեսությամբ ղեկավարելու ողջ ղեկավարությունը: Հուսադրող, երիտասարդ եւ բարյացակամ Բաբաջանը ունի շատ լավ հարաբերություններ արեւմտյան բանկերի հետ: Նրա առաջնային գործը կլինի համոզել Էրդողանին՝ Միջազգային արժութային հիմնադրամի (IMF) հետ նոր համաձայնության գալու անհրաժեշտությունը, որը շատ կարեւոր գործիք է արտաքին ներդրումային վստահության համար:
Արտաքին աշխարհի համար ուշադրության կենտրոնում էր արտգործնախարարի պաշտոնում Էրդողանի գլխավոր արտաքին քաղաքականության խորհրդատու Ահմեդ Դավութօղլուի նշանակումը: Նա միակ նորեկն է, որը չունի խորհրդարանական նստատեղ, ոչ էլ ԱԶԿ-ի պաշտոնական անդամ է: Լուրերը, թե նախկին գիտնականը կփոխարինի Բաբաջանին, որոշ ժամանակ շրջում էին: 2007թ. Աբդուլլահ Գյուլի՝ արտգործնախարարի պաշտոնը լքելուց եւ նախագահ դառնալուց ի վեր համեստ Դավութօղլուն էր հանդիսանում թուրքական արտաքին քաղաքականության ուղղորդողը, թեպետ ոչ բացահայտորեն:
Թուրքիայի արեւմտյան ընկերները, հատկապես նախկին Բուշի ադմինիստրացիան, նրան կասկածանքով ընդունեցին՝ Համասի առաջնորդ Խալեդ Մեշաալի հետ կապեր հաստատելու փորձեր անելու համար: Դավութօղլուին համարում են, որ նա է աջակցել 2006թ. հունվարին Համասի հաղթանակից հետո Մեշաալի այցը Անկարա կազմակերպելուն: Դավիութօղլուին համարում են նաեւ Արեւմուտքից Թուրքիան հեռացնելու ջատագով:
Այսօր Դավութօղլուին է վստահված առաջ տանել Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունը ոչ միայն պահպանելով կապերը Իրանի եւ արաբական հարեւանների հետ, այլ ազդեցիկ քայլեր անելով Աֆրիկայում եւ Ասիայում: Դավութօղլուի բազմակողմանի նախաձեռնողական դիվանագիտությունը (ոմանք այն անվանում են «նեոօտտոմանիզմ») նպատակ ունի բարձրացնել Թուրքիայի դերը մինչեւ գլոբալ ուժի: Առաջին քայլն է հանդիսանում ունենալ «զրոյական խնդիրներ» հարեւանների հետ, ինչպես նաեւ օգնել այդ հարեւաններին ունենալ միմյանց միջեւ «զրոյական խնդիրներ»: Թուրքիայի միջնորդությունը Սիրիայի եւ Իսրայելի հարաբերություններին (բանակցությունները հօդս ցնդեցին, երբ Իսրայելը կազմակերպեց հարձակում Գազայի վրա) Դավութօղլուի մոտեցման վառ օրինակ է: Երկրորդ քայլն է հանդիսանում՝ միջնորդել Իսրայելի ու իր հարեւան թշնամիների (Լիբանան, Իրան եւ Իրաք) միջեւ խաղաղության հաստատման համար: «Զրոյական խնդիրներին» կհետեւի «մաքսիմալ համագործակցությունը», որը կբերի տնտեսական, քաղաքական եւ մշակութային ցանցի առաջացմանը` Թուրքիան այդ ամենի կենտրոն ընդունելով:
Ոչ մի համընկնում պետք չէ փնտրել նրա մեջ, որ ռադիկալ Իրաքի շիա հոգեւորական Մոքթադա ալ-Սադրը որոշեց հանդիպել իր շիա ընկերակիցների հետ Ստամբուլում` վերջին երկու տարվա ընթացքում հասարակության աչքից հեռու մնալուց հետո: Թուրքիան հպարտանում է Իրաքի տարբեր էթնիկ եւ կրոնական խմբավորումների հետ կապեր ունենալու համար, որոնցից շատերի հիմքն է դրել հենց Դավութօղլուն: Նոր արտգործնախարարը Վաշինգտոնում հարգանք է վաստակել եւ ոգեւորված խոսում է «ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ոսկե դարաշրջանի» մասին, որտեղ երկու կողմերի տարածաշրջանային շահերը համընկնում են: Դավութօղլուն գտնում է, որ ամերիկյան ուժի եւ թուրքական միջնորդության շնորհիվ տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել:
Քիչ հավանական է, որ Օբամայի ադմինիստրացիան ցանկանում է գործարքի մեջ մտնել Թուրքիայի տարածաշրջանային դերի շուրջ: Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահը իր առաջին երկկողմանի այցի համար (չհաշված Կանադան) ընտրեց հենց Թուրքիան: Սակայն կա մի քանի մտահոգություն: Դրանցից մեկն այն է, որ Դավութօղլուի՝ Թուրքիան գլոբալ խաղացող տեսնելու ցանկությունը չի համընկնում ԵՄ անդամ պետության ցանկության հետ, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:
Դավութօղլուն պնդում է, որ ԵՄ անդամակցությունը մնում է Թուրքիայի գլխավոր նպատակներից մեկը՝ հասկանալով, որ հենց Թուրքիայի ԵՄ թեկնածության ստատուսի եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ կապերի շնորհիվ է, որ Անկարային լրջորեն են վերաբերվում աշխարհում: Մյուս մտահոգությունն այն է, որ Դավութօղլուն սովոր է լինել անկուսակցական, ինչը կարող է խնդիրներ առաջացնել ճնշումներին հարմարվելու գործում որպես նախարար, որը պետք է հաշվի առնի իր ստորադասների կարծիքները: Որպես խորհրդական՝ Դավութօղլուն կարողանում էր հաջող կերպով սողոսկել Գյուլի ու Էրդողանի երբեմն իրար հակասող քաղաքական մոտեցումների միջեւ: Վերջերս տեղի ունեցած այդպիսի օրինակ է հանդիսանում Գյուլի աջակցությունը Դանիայի նախկին վարչապետ Անդերս ֆող Ռասմուսսենի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածությանը: Մինչդեռ Էրդողանը բացահայտորեն դեմ էր դրան: Որպես արտգործնախարար՝ Դավութօղլուն կշարունակի համագործակցել Գյուլի հետ, բայց վերջին խոսքը կլինի Էրդողանինը:
Սա, իր հերթին, առաջ է քաշում հետեւյալ հարցադրումը. «Դեպի ո՞ւր» է տանում Էրդողանը Թուրքիան»: Նոր կառավարության կազմը հուշում է, որ նա կհասնի այն բալանսավորված գործողությանը, որի համաձայն՝ կփնտրի ազգայնականներին եւ լիբերալներին սանձահարելու միջոց, ինչպես նաեւ՝ ԵՄ անդամակցության թափ տալու ուղղությամբ՝ պահպանելով կապերը ԱՄՆ-ի, Արաբական աշխարհի եւ այլ երկրների հետ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Էրդողանի մրցակիցները, հատկապես գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) եւ ծայրահեղ աջակողմ Ազգայնական գործողություն կուսակցությունը (MHP) վեճի մեջ են մտել եւ մեղադրում են կառավարությանը «մեր ազերի եղբայրներին» ծախելու համար: Երկրով մեկ անցկացված ՏԻՄ ընտրությունները նույնպես չօգնեցին: Էրդողանի ԱԶԿ-ն հավաքեց ձայների 39%՝ ի տարբերություն հզոր 47%-ի, որին նա արժանացել էր 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Խնդիրն այն է, թե արդյո՞ք Էրդողանն իրոք խախտում է իր խոստումը, թե՞ նրա ազգայնական աղմուկը նրա ռազմավարության մի մասն է, որը նպատակ ունի Հայաստանից հասնել որոշ զիջումների Ղարաբաղի հարցում՝ մինչեւ Երեւանի հետ համաձայնագիր ստորագրելը: Զիջումները կարող են ընդգրկել ադրբեջանական որոշ գյուղերից հայկական զորքերի դուրսբերումը: Թուրքական պետական անձինք հույս ունեն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդպիսի պարտավորություն կստանձնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մայիսի 6-ին ԵՄ հանդիպման ժամանակ: Նման մեղադրանքներ էին հասցեագրվել Սարգսյանին Հայկական Սփյուռքի ծայրահեղականների կողմից: Ղարաբաղի հարցում որեւէ զիջում կարող է ռումբ դնել Սարգսյանի լեգիտիմության տակ: Ոմանք նույնիսկ գտնում են, որ դա կարող է Սարգսյանին կյանքի գին արժենալ: Կա ծայրահեղ ընդդիմություն Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առումով։ Ղարաբաղյան պատերազմի զենք կրող Վետերանների Հզոր Լոբբիի շարքերում կա Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործին ծայրահեղ ընդդիմություն: Այդպիսի նախապայմանները կարող են լինել չափից մեծ, սակայն, հայտարարելով Թուրքիայի հետ առանց նախապայմանների պաշտոնական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, դրանից ավելի Հայաստանն անել չի կարող: Ավելին, Ղարաբաղյան բանակցությունները միջնորդավորվել են (ճիշտ է, ցածր արդյունավետությամբ) Մինսկի խմբի կողմից, որի համանախագահներն են ՌԴ-ն, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: Թուրքիայի ոչ բացահայտ կարծիքներն առ այն, որ Մինսկի գործընթացը մեռել է, միայն բորբոքեց ԱՄՆ-ին: Մշտական խաղաղությունը կարող է իրականություն դառնալ միայն Ռուսաստանի օրհնության դեպքում:
Ամեն դեպքում, ինչքան երկար Թուրքիան ուղարկի տարբեր ազդակներ, այնքան էլ հավանական է, որ ազգայնական ընդդիմությունը Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում ավելի կաղաղակի ու վերջապես կհասնի հաջողության: Էրդողանի նախանշած «զրոյական խնդիրների» քաղաքականությունը Թուրքիայի հարեւանների հետ կդատապարտվի անհաջողության, մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված հակամարտության վտանգը կրկին կնշմարվի: Տարածաշրջանային խաղաղության պատմական հնարավորությունները կորսված կլինեն: Օբամայի ադմինիստրացիայի առաջ երեւան եկած մարտահրավերը պահանջում է ճնշում գործադրել բոլոր կողմերի վրա` հիշեցնելով նրանց, որ հակառակ դեպքում նրանք կընկնեն ագրեսիվ Ռուսաստանի ճանկերը:
Թարգմանությունը` Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ