Բրայեն Էրլս «Նախաբան»

21/05/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

«Ներմղումը թունելում» ակնարկը հայտնվեց 1951 թվականին «Էնվոյ» ամսագրի Ջեյմս Ջոյսին` Դուբլինի ամենահայտնի գրողին նվիրված հատուկ համարում: Ակնարկի հեղինակը` Բրայեն Օ՚Նոլանը, ով գրում էր «Ֆլեն Օ՚Բրայեն» եւ «Մայլս-նա-Հոփալին» կեղծանուններով, հայտնի էր Դուբլինի գրական աշխարհում որպես ֆելիետոնիստ, որ վարում էր «Այրիշ թայմսի» հումորիստական սյունակը, եւ որպես արձակագիր, ճիշտ է, մինչեւ պատերազմը լույս տեսած նրա երկու վեպերը հեղինակին մեծ փառք չբերեցին: Այդ վեպերից ավելի ուշ շրջանում ստեղծվածը` «Ընչազուրկները», գրված էր իռլանդերեն եւ այդ շրջանում մոդայիկ գյուղական ինքնակենսագրության ժանրի ծաղրերգությունն էր: Իսկ առաջին վեպը` «Ջրերի վրա ապրողները», լույս տեսավ 1939 թվականի մարտին, երբ հեղինակն ընդամենը քսանութ տարեկան էր: Այժմ, կես դար անց, այդ վերին աստիճանի յուրօրինակ գիրքն ընկալվում է որպես պոստմոդեռնիզմի նախագուշակ: Այդ երկի էջերում հեղինակը հմտորեն անխոնջ ծանակում է գրական շաբլոններն ու պայմանականությունները: «Ջրերի վրա ապրողները» կառուցված է «վեպ՝ վեպի մեջ» սկզբունքով, գործողությունը տեղի է ունենում մեկ միջնադարյան Իռլանդիայում, երբ հերոս է դառնում խելքը թռցրած ոտանավոր թխող արքա Սուինին, ում տեղաբնակ սուրբը զայրույթի մոլուցքի մեջ վերածում է թռչնի, եւ մեկ էլ մեր օրերում` այդ գլուխներում ընթերցողը ծանոթանում է Դուբլինի ուսանողական կյանքին, ինչպես նաեւ Ամերիկայից Դուբլինի արվարձան բերված կովբոյական պատմություններին: Օ՚Բրայենի վեպը կառուցված է 30-ական թվականների ընթերցողի համար բավական թափանցիկ` հին իռլանդական էպոսի հերոս Ֆինն Մաքոլիի կամ Իռլանդիայով մեկ դեգերող Սուինիի պոետական ֆանտազիաների եւ ժամանակակից Դուբլինի կյանքի ամենատաղտկալի եւ անհրապույր մանրամասների հակադրությամբ, ինչը, որոշ առումով, այն հնարքի զարգացումն է, որով էլ կառուցված է «Կիկլոպ» հատվածը «Ուլիսում»: Ի դեպ, Ջոյսը, ում Օ՚Բրայենը Փարիզ էր ուղարկել իր վեպի մի օրինակը, բարձր կարծիքի էր այդ երկի մասին եւ մինչ ի մահ, որը վրա հասավ 1941 թվականին, քիչ բան չի արել Օ՚Բրայենի հաջողությանն աջակցելու համար:

Չնայած (իսկ գուցե շնորհիվ) այն ազդեցության, որ Բրայենի վրա թողել է Ջոյսը, «Ներմղումը թունելում»-ի հեղինակի վերաբերմունքը մետրի հանդեպ միշտ էլ երկդիմի է եղել: Ասում են, որ երբ Սեմյուել Բեքեթը հայտնեց Օ՚Բրայենին, որ Ջոյսը հաճույքով ընթերցել է «Ջրերի վրա ապրողները», նա բացականչել է` «Հա, Ջոյսը, էն, որ խոհանոցային պատմություններ է թխում»: Անբարեհաճության հասնող Բրայենի զսպվածությունն իր ուսուցչի հանդեպ կարող է եւ վառ օրինակ ծառայել այն բախման, որը ամերիկացի գրաքննադատ Հարոլդ Բլումը բնութագրում է՝ որպես «ազդեցության վախ»: Յուրաքանչյուր գրողի ճակատագիրը, պարզաբանում է Բլումը` իր ուսուցչին դիմակայելն է, ում նվաճումները նա պետք է միաժամանակ թե յուրացնի, եւ թե հաղթահարի: Իակ ինչ վերաբերում է Օ՚Բրայենին, ապա Ջոյսի իր մեկնաբանությունը` պաշտպանական հակազդեցության պես մի բան է, որը «Ջրերի վրա ապրողների» հեղինակի մեջ առաջացել է այն բանից, որ Դուբլինի գրականագետները մշտապես հիշեցնում էին նրան Ջոյսին նմանվելու մասին, ընդ որում, այդ նմանությունն ընկալվում էր՝ որպես կախվածություն, եւ ոչ թե ստեղծագործական ժառանգորդություն:

Օ՚Բրայենի վերաբերմունքի երկդիմությունը Ջոյսի հանդեպ նկատելի է «Անցումը թունելում» ակնարկում, որը թե՛ անեկդոտ է առօրյա ալկոհոլային թեմայով, եւ թե՛ գրաքննադատական վարժանք, իր ողջ կանխակալությամբ հանդերձ՝ այդ վարժանքը գրված է շատ կենսաթրթիռ տրամադրությամբ եւ ակնառու հնարամտությամբ: Ի տարբերություն Ջոյսի մասին հետագայում ստեղծվածի, Օ՚Բրայենի ակնարկը հիշվում է նաեւ այն բանով, թե ինչ հանդուգն անպատշաճությամբ է գրողը դիմում իր սկանդալային հայտնի ուսուցչի ժառանգությանը: Թեեւ զավեշտալի պատմությունը փակ վագոն-ռեստորանի գինարբուքների մասին` որոշելու, եւ ինչ-որ տեղ՝ նաեւ Ջոյսի նշանակությունը սահմանափակելու փորձ է, սակայն այդտեղ զգալի է նաեւ իր մեծ հայրենակցին արժանին մատուցելու ձգտումը: Իռլանդիայում գրողի վիճակի մասին Օ՚Բրայենի ծավալած փոխաբերության մեջ կռահվում են Ջոյսի խոսքերը, ով ժամանակին իռլանդական արվեստը բնութագրել էր՝ որպես «աղախնի ճաքած հայելի»: Այդ իմաստով «Ներմղումը թունելում» ընթերցվում է նաեւ որպես բանավեճ Ջոյսի դեմ, ում փոխաբերությունը ոչ միայն անտեսանելիորեն առկա է Օ՚Բրայենի ակնարկում, այլ նաեւ քննադատաբար վերագնահատվում է: Իր անձնական փոխաբերությամբ Օ՚Բրայենը ոչ միայն վերաիմաստավորում է Ջոյսի փոխաբերությունը, այլ նաեւ այն ներմուծում է մոդեռնիզմի գրականության համատեքստի մեջ, ավելին, նա այնտեղ ընդգրկում է, ընդ որում, բավական անբռնազբոս, հենց իրեն` Ջոյսին:

Իռլանդացի գրողի վիճակը չափազանց հետաքրքրում էր եւ՛ Ջոյսին, եւ՛ Օ՚Բրայենին: Ջոյսի կերպարը, ինչպես նաեւ իր հետնորդի կերպարը, կարելի է դիտարկել՝ որպես իր նախորդների հաշվին ինքնահաստատվելու փորձ: «Աղախնի ճաքած հայելին» անգլերեն գրված 19-րդ դարի իռլանդական գրականության սիմվոլն է, որը գրվում էր բրիտանական գրքի շուկայի պահանջները բավարարելու համար, սակայն այդ սիմվոլը ոչ մի կապ չունի իռլանդերեն գրված իռլանդական գրականության հետ, որի գոյության մասին Ջոյսը գիտեր, բայց որի հանդեպ ոչ մի հետաքրքրություն չէր տածում: Բազում դարերի ընթացքում այդ գրականությունն իր յուղով էր տապակվում եւ, իր ողջ հարստությամբ եւ արտահայտչականությամբ հանդերձ, նույնպես բավարարվում էր աղախնի առավել քան համեստ դերով:

Իռլանդական արվեստի համապատկերի ստեղծման մեջ Օ՚Բրայենը գնում է իր ուղով, սակայն նրա փոխաբերությունը Ջոյսի փոխաբերությունից սակավ չի «կաղում»: «Ներմղումը թունելում»-ի հեղինակի վերաբերմունքն առ մոդեռնիզմ, որպես աշխարհից կտրված խելապակասի, եւ հենց Ջոյսի հանդեպ` որպես «սրբազան սարսափով համակված կաթոլիկի»` լավագույն դեպքում կիսաճշմարտություն է, եւ դրանից զատ, անշուշտ, նաեւ պարզեցում: Ըստ Օ՚Բրայենի կենսագիր Էնթոնի Կրոնինի, «Ներմղումը թունելում» երկի հեղինակը չի կարողացել լիովին տեսնել Ջոյսի հումանիզմը, նրա ոչ միայն մարդկային փորձի, այլեւ բանաստեղծական ապրումի սահմաններն ընդլայնելու տենչը, կյանքն իր ողջ լիությամբ ընդունելու գրողի պատրաստակամությունը: «Ներմղումը թունելում»-ը կարելի է դիտարկել նաեւ որպես Իռլանդիայում Ջոյսի հանդեպ վերաբերմունքի փուլ, չէ՞ որ, երբ Օ՚Բրայենը գրում էր իր ակնարկը, Ջոյսի շատ ժամանակակիցներ դեռեւս ողջ էին, եւ քաղաքն էլ, որը նա նկարագրել է, դուբլինցիների ձգտումներն ու հոգսերը դեռեւս չէին ենթարկվել էական փոփոխությունների: Եվ թեպետ Դուբլինում չէին կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ Ջոյսի միջազգային հեղինակությունն անշեղորեն աճում է, նրա համերկրացիները, ի տարբերություն նախավերջին պարբերության մեջ հիշատակված ամերիկացիների, լեցուն էին մետրին չափազանց լուրջ չընդունելու հաստատակամությամբ: Ահա թե ինչու Ֆլեն Օ՚Բրայենին, եթե նա նույնիսկ ինչ-որ տեղ թերագնահատել է Ջոյսին, չարժե չափազանց խիստ դատել: Այն ամենը, ինչ գրում է Օ՚Բրայենը Ջոյսի մասին (կամ Եյթսը` իռլանդական ժողովրդական ավանդապատումների, իսկ Ջորջ Մուրը` Իռլանդիայի հերոսական անցյալի մասին), ընթերցողն առավել շատ բան է իմանում հեղինակի եւ իր խնդիրների մասին, քան` նրա հետազոտության առարկայի:

Ֆլեն Օ՚Բրայեն «Անցումը թունելում»

Ջեյմս Ջոյսն արվեստագետ էր: Նա ինքն էլ դա չէր ժխտում: Ստեղծագործող, ում համար արվեստն ավելին արժեր, քան կյանքը: Նա ազդարարեց, որ կիրագործի իր առաքելությունը, եթե նույնիսկ դրա համար հավերժություն տեւող պատիժ կրի: Ինչից էլ հետեւում է, որ Ջոյսը հավատում էր դժոխքին, եւ ուրեմն` դրախտին եւ Տեր Աստծուն:

Այս ակնարկը, եթե այն Համլետը գրեր, ամենայն հիմնավորմամբ կարելի էր կոչել` «Արդյոք Ջոյսը խելագար էր»: Այդուհանդերձ, օրինաչափ է եւ մեր վերնագիրը:

Որոշ մտածողներ (բոլորը` իռլանդացիներ, բոլորը` կաթոլիկներ, շատերը՝ ձեռնադրված) ստիպված էին խոստովանելու, որ Ջոյսի եւ Սատանայի միջեւ որոշ նմանություն կա: Դե ինչ, նմանություն իրոք որ կա: Երկուսն էլ, օրինակ, այլ անուններ ունեին, Ջոյսը` Սթիվեն Դեդալ, Սատանան` Լյուցիֆեր, ինչը որ տառացիորեն նշանակում է «լուսակիր», այդ կապակցությամբ էլ, պետք է ենթադրել, հետագայում ծագեց «Խավարի իշխան» փոխանունը: Թե մեկը, թե մյուսը լավ էին սկսել, երկուսն էլ շնորհաշատ ուսուցիչներ ունեին, երկուսն էլ շատ հպարտ էին, երկուսն էլ` անկյալ: Եվ, այդուհանդերձ, մի, ընդ որում՝ շատ էական, տարբերություն Ջոյսի եւ Սատանայի միջեւ կա: Չէ՞ որ Սատանան երբեք չի ժխտել Արարչի գոյությունը, ավելին, մարտահրավեր նետելով Նրա հզորությանը, նա հենց դրանով ընդունեց Նրա գոյությունը: Իսկ Ջոյսն ի լուր ամենքի հայտարարում էր, թե Աստված չկա, ապացուցելով դա այն բանով, թե որքան էլ նա անարգել է Աստծուն, որքան էլ անպատշաճ բաներ է ասել, դեռ ոչ մի անգամ գետնի տակ չի անցել:

Մի անգամ ինձ մեկն ասաց, որ տանել չի կարողանում աստվածանարգանքը, ընդ որում, ղեկավարվելով ամենառացիոնալ նկատառումներով: Եթե Աստված չկա, խորհրդածում էր նա, աստվածանարգանքն ամենայն իմաստից զուրկ է, իսկ եթե կա` վտանգավոր է:

Նույն միտքը, միայն թե՝ ավելի լավ, արտահայտել է Անատոլ Ֆրանսը: Գրողը պատմում է, թե ինչպես մի անգամ համոզված աթեիստը այցելում է իր ընկերոջը, ով աստվածավախ կաթոլիկ էր: Աստվածավախ կաթոլիկը հարբած էր եւ, ընկերոջը ներս հրավիրելով, սկսեց ամենավայելուչ կերպով անարգել Աստծուն: Աթեիստը, վախից գույնը թռցրած, դուրս փախավ: Հետագայում նրանց ընդհանուր ծանոթը նրան իր զարմանքն արտահայտեց.

– Որքան ես ձեզ հիշում եմ, դուք չեք դադարում կրկնել, թե Աստված չկա: Դե ուրեմն, ինչո՞ւ դուք այդպես վախեցաք, երբ Աստծուն, որ գոյություն չունի, անարգեց այլ մեկը:

– Ես հիմա էլ ասում եմ, որ Աստված չկա,- առարկեց աթեիստը,- սակայն մեր ընդհանուր ընկերը նրան հավատում է: Իսկ եթե հանկարծ երկնքից կայծակը զարկեր ու նրան տեղում սպանե՞ր: Այդ դեպքում ես էլ կարող էի վնաս կրել` չէ՞ որ ես նրա մոտ էի կանգնած:

Արարչի դիպուկությանը կասկածելը, իմիջիայլոց, նույնպես անարգանք է: Դե ինչ, այս պատմությունն ավելորդ անգամ հաստատում է այն, որ ագնոստիկները միշտ հավատացյալ են:

Ինչպիսի՞ն է արվեստագետի վիճակն Իռլանդիայում:

Այն բանից հետո, երբ «Էնվոյի» խմբագրությունը ինձ առաջարկեց գրել այդ թեմայով, ես ուղեւորվեցի Դուբլինի փաբերից մեկը` «Սքոթչ հաուս», մի գավաթ գարեջուր խմելու եւ պարապության մեջ խորհրդածելու: Դեռ չէի հասցրել մտքերի մեջ խորասուզվել, երբ իմ առջեւ, վիսկիի բաժակը ձեռքին, հառնեց ինչ-որ միանգամայն անհայտ մի ջենթլմեն, ինձ անունով դիմելով, ջենթլմենը հայտարարեց, որ երբեք չէր մտածի, թե «այդպիսի մարդիկ» փաբ են այցելում: «Սա պոկ չի գա»,- նախազգուշացրեց իմ անխափան ներքին ձայնը, եւ ես պաշտպանական դիրք բռնեցի:

– Իսկ որտե՞ղ կկամենայիք խմել,- հետաքրքրվեցի ես:- Հո չե՞նք գնալու հոթել, որտեղ կաշիներս կքերթեն:

– Դե չէ, ես այդ չեմ ասում: Ես, օրինակ, որ ներմղել եմ կամենում, վագոն-ռեստորան եմ գնում: Ի՞նչ կխմեք:

Ես ասացի, թե մեծ գավաթ, քանզի հասկացա, որ այդ առեղծվածային նախադասությանը անպայման կհետեւի երկարուձիգ բացատրությունը:

– Այստեղի հասարակությունը` բոլորը տականք են, ինքներդ, երեւի, գիտեք,- որպես նախնական դիտարկում՝ ազդարարեց անծանոթը, ինչից հետո իմ առջեւ ցմրուր սիրտը բացեց:

Մի ժամանակ հայրը գարեջրատուն ուներ եւ Դուբլինի մեծ կայարանի մոտ՝ մի մթերային խանութ: Տարվետարի երկաթուղային ընկերությունը վագոն-ռեստորանների համար մթերք էր ձեռք բերում, եւ ամեն տարի ապրանքները գնում էին նրա հոր խանութում: (Պատմողը դա բացատրեց խանութի եւ կայարանի տարածական մոտիկությամբ, եւ համապատասխանաբար, բարձման եւ տրանսպորտային աննշան ծախսերով):

Վագոն-ռեստորանները (հետագայում` վագոնները) սովորաբար քշում էին դեպի պահեստային գիծը, եւ հայրը պետք է որ, ըստ անհրաժեշտության, դրանք բարձեր զանազան ապրանքներով` ձվերով, խոզապուխտով, սառած հնդուհավերով եւ վիսկիով: Իսկ քանի որ այդ մթերքները թանկ էին, այդ ապրանքով բեռնված վագոնների վրա հատուկ կողպեքներ դրեցին: Հայրս բանալի ուներ, եւ աշխարհի երեսին եւ ոչ մի մարդ, բացի նրանից, իրավունք չուներ վագոնի դուռը բացել, մինչեւ վագոնները կազմին կպցնելը: Իմ զրուցակիցը, ի դեպ, հոգ էր տարել այն մասին, որ ինքն էլ բանալի ունենա:

– Այն տարիներին,- վստահությամբ հաղորդեց նա ինձ,- ամեն շաբաթ ներմղում էի վագոնում:

Այստեղ ճիշտ ժամանակն է մի քանի խոսք ասելու իռլանդական երկաթուղիների կարգերի մասին: Առաջին հերթին, իռլանդացի երկաթուղագործներին առանձնացնում է գնացքները նախօրոք «ձեւավորելու» քրոնիկական անընդունակությունը, այսինքն՝ ճշգրտության առավել կամ նվազ չափով ուղեւորների ճշգրիտ թիվը որոշելը: Ամեն անգամ հեռու գնացող գնացքին հինգ քնավագոն եւ վագոն-ռեստորան են կցում, եւ ամեն անգամ ուղեւորվելուց առաջ կառամատույցում հարյուր հիսուն «չպլանավորված» ուղեւոր է հայտնվում: Արդյունքում՝ վագոն-ռեստորանն անջատում են, նրա փոխարեն կցում են վեցերորդ քնավագոնը, եւ հեռու գնացող գնացքը ճամփա է ելնում «անոթի»:

Երկրորդ` իռլանդացի (եւ ոչ միայն իռլանդացի) վագոնակցիչ բանվորները հաստատապես ընդունակ չեն հանգիստ թողնելու պահեստային ուղու վրա կանգնած վագոնները: Նրանք դրանք մշտապես տեղից տեղ են քշում: Ահա թե ինչ էր կատարվում: Ստացվում էր, որ ապրանքով լեցուն վագոն-ռեստորանները մնում էին տեղում կանգնած, ինչը որ իմ բաժակակցին լիովին ձեռ էր տալիս, եւ դա, իր բառերով ասած, «լկտիություն է», «անամոթ ցոփություն»:

Ամեն անգամ, երբ նա ուզում էր կոկորդը թրջել` հետեւյալ կերպ էր գործում: Վաղ առավոտյան հորից գողացած բանալու օգնությամբ նա թաքուն մտնում էր պահեստային ուղու վրա կանգնած վագոնը, սողոսկում էր բուֆետ, ճանկում էր ջրամանը, մի բաժակ եւ մի շիշ վիսկի, եւ կազմ-պատրաստ փակվում էր զուգարանում:

Ուշադրություն դարձրեք, փակվում էր զուգարանում: Եվ դա՝ չնայած այն բանին, որ վագոնը բացարձակ դատարկ էր, եւ բացի այդ՝ ուներ «գերգաղտնի» կողպեքներ: Եվ, այդուհանդերձ, զրուցակիցս անհրաժեշտ էր համարում զուգարանի դուռը կողպեքով փակելը եւս:

Արեւի առաջին շողերի հետ վագոնակցիչ բանվորները գործի էին անցնում: Նապաստակի ետքից ընկած որսաշների պես, նրանք տակնուվրա էին անում ողջ վագոնը` դատարկ, լքված, պահեստային ուղու վրա մենավոր կանգնած, եւ տակից վերեւ ողջ վագոնը քրքրելով, միացնում էին այն շոգեքարշին եւ քշում էին դեպի մյուս պահեստային ուղին, դեպի Լիֆի-Ջանքշն: Այնտեղ մի հինգ ժամ վագոններն անտերունչ էին մնում, սակայն օրվա կեսին «էդ տականքները» (այսինքն` վագոնակցորդները) գտնում էին այն ու քշում էին Ուեյթլենդ-ռոու-սթեյշնի դեպոն:

Մի քանի ժամ անց վագոնը կցում էին Ուեքսֆորդյան էքսպրեսի պոչին, սակայն շուտով անջատում էին` ուղեւորների «չպլանավորված» հոսքի պատճառով:

– Իսկ դուք ողջ այդ ժամանակ նստած եք զուգարանում եւ վիսկի՞ եք տկում,- հարցնում եմ:

– Բնականաբար: Իսկ ձեր կարծիքով՝ էլ ինչի՞ համար են գնացքներում զուգարանները: Նստած եմ, շալվարս իմ վիսկիից ամբողջովին թաց է` դե փորձիր չթափել, երբ էդ տականքները քեզ կցում են մեկ էս, մեկ էն կազմին, մեկ էլ` երրորդին, անիծյալ լինեն:

Նրա վրդովմունքն անսահման էր: Դուք ուշք դարձրի՞ք: Նա ասաց՝ «իմ վիսկին», թեպետ դրա հետ բացարձակապես կապ չուներ:

– Եվ սովորաբար ինչքա՞ն ժամանակ եք դուք այդպես նստում,- հետաքրքրվեցի ես:

– Դա շատ իրավիճակներից է կախված: Ժամացույց, ինչպես տեսնում եք, ես չեմ կրում (որպես ապացույց՝ ցուցադրում է իր մազոտ դաստակները): Ես ձեզ պատահմամբ չե՞մ պատմել, թե ինչպես մի անգամ ստիպված եղա թունելում ներմղել:

– Ոչ, պատահաբար չեք պատմել` պատահմունք չի եղել: Մենք տասը րոպե առաջ ենք ծանոթացել:

– Մի անգամ,- սկսեց նա,- նստած եմ ես պետքարանում, եւ երկրորդ օրն է՝ առանց ուշքի գալու խմում եմ: Իսկ էդ տականքները, դրանցից պրծում չկա, Լիֆի-Ջանքշնից քշում են ինձ մինչեւ Հեյզելհեթչ, իսկ հետո` Հարքորդ սթրիթ: Այդ ընթացքում ես արդեն ծիրան-ծիրան էի, բայց որպեսզի առողջությունս չփչացնեմ, հետեւում եմ, որ մի ամբողջ օրից ավելի չխմեմ: Առավոտյան սկսում եմ` հաջորդ առավոտյան վերջացնում: Ո՞նց եմ ժամն իմանում: Կհարցնե՞ք: Երբ դրսից մութ է` ուրեմն գիշեր է: Լուսավոր է` կեսօր է: պա՞րզ է:

– Պարզից էլ պարզ:

– Դե ահա, նոր էի ես երրորդ շիշը սկսել, մեկ էլ բանվորները` արդեն ուրիշները, ցցվեցին (իսկ արդեն մութ է, երեկոյան ութի մոտ), ինձ կցում են շոգեքարշին եւ քշում են Ֆենիքս Փարքի տակի թունելը: Քշեցին ու անջատեցին: Իսկ ժամացույց ես չեմ կրում: Ինչո՞ւ: Լուսավոր է` կեսօր է, մութ է` գիշեր: Նստած եմ, ուրեմն, թունելում, մթանը շիշը շշի ետեւից խմում եմ ու մտածում` ինչ որ գիշերը շատ երկարեց: Ես արդեն լրիվ ինձ կորցրել եմ, մեկ էլ թունելից ինձ Քինգսբրիջ քշեցին: Հետո մի շաբաթ գլուխս բարձից պոկել չէի կարողանում: Չէ, դուք ինձ ասեք, դուք մեծ տականքների հանդիպե՞լ եք:

– Կյանքում չեմ տեսել:

– Հենց էդ է: Այդ ժամանակից ի վեր ես թունելում ոչ մի անգամ չեմ ներմղել:

Ծիծաղելի՞ է: Սակայն խորհեք` այդպիսին չէ՞ իռլանդացի արվեստագետի ճակատագիրը: Փակվում է զուգարանում, եւ դեռ փակ վագոնում, որում գտնվելու եւ ոչ մի իրավունք չունի, եւ որն անհայտ բանվորներն անդադար քշում են մի պահեստային գծից դեպի մյուսը, եւ աթոռակի վրա բազմած խմում է ուրիշի վիսկին, դռան վրա կախելով ԶԲԱՂՎԱԾ Է ցուցանակը:

Ինձ թվում է՝ այս փոխաբերությունը կիրառելի է նաեւ Ջոյսի պարագայում, նրա տիպիկ իռլանդական աշխարհազգացողության համար, որին համապատասխան` օրինազանցների ամենամեծ ատելությունն առաջացնում են օրինապահները:

Իմ ծանոթներից մեկին մի անգամ, ինչ-որ ճաշկերույթի ժամանակ նստեցրել էին հանրահայտ գիտնականի կողքին, ով պատկերված է «Ուլիսում» (անունը չտամ, այդ գիտնականը դեռ ողջ է): Նրանք, ինչպես սովորաբար լինում է, զրույցի բռնվեցին, եւ իմ ծանոթը հիշատակեց Ջոյսին, եւ այդ կապակցությամբ գիտնական այրը նկատեց, որ «Իռլանդական տոպոնիմիկայի» հեղինակին Իռլանդիան իրոք որ շատ բանով է պարտական: Իմ ծանոթը սկսեց բացատրել, որ նկատի ուներ միանգամայն այլ Ջոյսի, եւ, ի վերջո, գիտնական այրը, հավանաբար, գլխի ընկնելով, թե ում մասին է խոսքը, ընդունեց, որ նրան իսկապես լուրեր հասել են մյուս Ջոյսի մասին: Դա այն Ջոյսը չէ՞, ով մի ժամանակ Փարիզում մի քանի կեղտոտ գրքույկներ էր գրել:

– Բայց հենց դուք դրանցից մեկի կերպարներից եք,- առանց մտածելու արտաբերեց ծանոթս:

Հաջորդ երկու ժամվա ընթացքում մոռանալով գինու եւ սիգարների մասին՝ հանրահայտ գիտնականը կրքոտ բացատրում էր ծանոթիս, որ ինքը չի կարող գրական պերսոնաժ լինել, քանզի մարդ է, կենդանի մարդ, ով նույնպես, ի դեպ, գրքեր է գրում:

– Եթե ես, ինչպես դուք եք պնդում, գրական հերոս լինեի,- հայտարարեց նա,- ապա հիմա ձեզ հետ չէի խոսի:

Այս դրվագը նույնպես կարող է ծիծաղելի թվալ, բայց ահա թե ինչն է հետաքրքիր: Ինքը՝ Ջոյսն, իր կյանքը նվիրել է այն բանին, որ դառնա գրական հերոս: Արբենալով ինքն իրենով, Ջոյսը ստեղծեց անմոռանալի Սթիվենին: Իր գրքերում նկարագրելով իրականում գոյություն ունեցող մարդկանց, նա ապշեցուցիչ կերպով հասավ հակառակ ազդեցության` նրանց վերածեց հորինված գրական հերոսների: Չէ՞ որ հազարավոր մարդիկ հավատում են, որ աշխարհի երեսին մի ժամանակ ապրել է Շերլոկ Հոլմս անունով մի մարդ:

Իր ապստամբության մեջ Ջոյսը Սատանայից հեռու գնաց:

Երկու կերպարներ կան, ովքեր չեն թաքցնում, որ իջել են Թովմա Աքվինացու էջերից` Ջոյսն ու Մարիտենը:

«Ֆիննեգանի հոգեհացում» Ջոյսը հանդես է գալիս որպես Վիկոյի տեսության կողմնակից, որի համաձայն՝ էվոլյուցիան ընթանում է շրջանագծով` թեոկրատիա-արիստոկրատիա-դեմոկրատիա-քաոս:

ԱԵ-ն ենթադրում է, որ քաոսը տիրում է ոչ թե աշխարհում, այլ Ջոյսի գլխում:

ԱԵ-ն սխալվում է` Ջոյսի միտքը բացառապես կարգավորված էր: Չխառնվելու համար նա նույնիսկ գունավոր մատիտներ էր գործածում, եւ նույնիսկ «Ֆիննեգանի հոգեհացը» գրված է խստորեն մտածված, դասական սխեմայով:

Նրա` ամուսնու եւ ընտանիքի անդամի բարոյական կերպարն անթերի էր: Ջոյսի մասին կարելի է ասել նույնը, ինչն, իհարկե, ոչ առանց թույնի, ասվում էր Ջորջ Մուրի մասին` «Նրա բոլոր համբույրները թղթի վրա են»:

Ինչն է Ջոյսի մեջ աննորմալ: Կլոնգոուսում նա, իհարկե, ճիզվիտական կազուիստիկայի բավական մեծ բաժին էր ստացել: Հանուն այդ կազուիստիկայի՝ նա զոհեց իր տնաբույծ իռլանդական աբսուրդիստիկան: Ինչո՞ւ: Ես կարծում եմ, որ անպատշաճության եւ աստվածանարգության տակ թաքնված է բարեպաշտ, սրբազան սարսափով համակված իռլանդացի կաթոլիկը, ով ապստամբում է ոչ այնքան Եկեղեցու դեմ, որքան նրա համարյա թե հերետիկոսական իռլանդական էքսցենտրիկության, առ անսխալականություն նրա հավակնությունների, նրա վարդապետության գռեհկության, նրա պաշտամունքի ծառայողների տխմարության եւ հողակիպության դեմ: Ջոյսի իրի հիմքում շատ վեհանձն ապստամբությունը նրան շատ հեռուն տարավ: Անտառի ետեւում Ջոյսը չկարողացավ նշմարել ծառերը: Եվ, այդուհանդերձ, նա ոչ մի վատ բան նկատի չուներ, ինչպես կարծում ենք մենք բոլորս:

Կասկածում եմ, որ ամսագրի այս համարում ընթերցողը բոլոր հարցերի պատասխանը ստացավ:

Ի՞նչ է «Ֆիննեգանի հոգեհացը»: Տրակտատ անհաղորդ, մռայլ գիտակցության մասին:

Կա տեսակետ, թե Ջոյսը հոգու խորքում անուղղելի իռլանդացի ռոմանտիկ էր, դե Վալերայի խանդավառ երկրպագուն, գրող, ով երազում էր, որ հասուն տարիքում կվերադառնա Դուբլին, որտեղ նրան հանդիսավոր պայմաններում «գրականության դոկտորի» կոչում կշնորհեն` Ազգային, կաթոլիկ վանականների ուրվականներով բնակեցված համալսարանում: Դե ինչ, այդ տեսակետը գոյության իրավունք ունի, դե, թեկուզ այն պատճառով, որ բացատրում է նրա երիտասարդության «աբսուրդիստական» գեղագիտական նախասիրությունները, ինչը, ի թիվս այլ բաների, ստիպում էր կոպիտ վարվել իր մահացող մոր հանդեպ:

Մի խոսքով, աշխարհի չափ հին մի թեմա` բաճկոնի տակ բաբախում է ոսկե սիրտը: Ամեն:

Այս համարում տպագրվող հեղինակների թիվը ստիպված եղանք նվազագույնի հասցնել: Սակայն եւ նրանց մեջ, ովքեր մասնակցում են այս համարի իրագործմանը, չգտնվեց մեկը, ով ուշադրություն չդարձրեց Ջոյսի ամենակարեւոր արժանիքի վրա` նրա հումորի զգացողությունը: Հումորը` վախի եւ տրտմության այդ սատարը, որն առանց բացառության առկա է գրողի բոլոր գրքերում:

Ջոյսը օգտվում է հումորից նույնքան ազատ, որքան Շեքսպիրը, սակայն սակավ ձեւականորեն, նրա նպատակն է՝ վախից ազատել բոլոր նրանց, ովքեր հավատում են Աստծուն եւ անկեղծորեն հավատում են, որ շուտով (կամ ոչ շուտով) հայտնվելու են դժոխքում կամ դրախտում:

Իր ծիծաղով Ջոյսը ցրում է անասելի թախծի զգացողությունը, որը բնորոշ է բոլոր իռլանդացի կաթոլիկներին:

Ճշմարիտ հումորն անհրաժեշտություն է: Ռաբլեն կարողանում է ծիծաղեցնել, սակայն նրա հումորից շուտ ես հագենում: Ռաբլեի հումորին պակասում է ողբերգականությունը:

Ջոյսի, երեւի թե, գլխավոր հմայքը նրա թերասածությունն է, նրա երկիմաստությունը (եռիմաստությո՞ւնը, քառիմաստությո՞ւնը, եւ այդպես շարունակ), նրա աճպարարություններն ու բառախաղերը, նրա խուլիգանական արարքները, նրա ճարտարամիտ գրական վարպետությունը, նրա թուլությունը ամերիկացիների հանդեպ:

Ջոյսի ստեղծագործությունը այն այգին է, որտեղ մեզանից ոմանք կարող են սրտանց կայտռել: «Էնվոյի» այս համարը, որը դուք բռնել եք ձեր ձեռքերում, այդ այգու սոսկ մի փոքրիկ մասն է:

Իսկ Ջոյսն ինքը այդպես էլ կնստի իր թունելում փակված:

Ներմղել եւ չհանձնվել: