Պոետն ու ժամանակը

21/05/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Արեւելքում պոետները համարվում են աստվածային շնորհ ունեցող: Պոետն Արեւելքում վեր է ժամանակից: Նրա ստեղծագործություններն են այն շաղախը, որով ազգային մշակույթն ամրագրվում է համամարդկայինին: Մայիսի 19-ին Երեւանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում գիտաժողով էր: Ներկա պաշտոնական հյուրերի թվում էին ՀՀ-ում հավատարմագրված Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանները: Հայ պաշտոնյաների ու արեւելագետների հետ համատեղ՝ նրանք մասնակցում էին թուրքմենական ուշ միջնադարյան պոեզիայի ամենաակնառու դեմքի` Մախտումկուլի Ֆրագիին նվիրված գիտաժողովին: Մախտումկուլին ժամանակին թարգմանվել է շատ լեզուներով: Հայերեն առաջին թարգմանությունները հրատարակվել են դեռեւս 1959-ին: ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին նման միջոցառումն էր՝ նվիրված թուրքմենական մշակույթին: Կազմակերպիչը ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնն էր: Արեւելագետներից զատ՝ գիտաժողովին մասնակցում էին բնագետներ ու մաթեմատիկոսներ, ովքեր շարունակում են կարդալ ու գնահատել մեծ բանաստեղծին: Մախտումկուլիին հայ գրականագետներն ու արեւելագետները համեմատում են հայ մեծանուն ժամանակակցի` Սայաթ-Նովայի հետ, նշելով, որ թուրքմեն պոետի փոքրիկ բանաստեղծություններում ու քառյակներում թումանյանական ճաշակ ու իմաստնություն կա: Գիտաժողովը, հարկավ, իր արժանի դերը կունենա հայ արեւելագիտության մեջ: Ամենակարեւորը, թերեւս, հայ ուսանողների մասնակցությունն էր: Հենց նրանք թուրքմեներեն, հայերեն ու ռուսերեն հնչեցրին Մախտումկուլիի բանաստեղծությունները: Պոետին ռուսերեն թարգմանել են լավագույն թարգմանիչներ (Ա. Տարկովսկի): 18-րդ դարի դասականը

21-րդում էլ կարողանում է ոգեշնչել երիտասարդներին ու միավորել ազգեր: Արեւելքում պոետները միշտ էլ ուսուցիչ են: Բոլոր ժամանակների ու ժողովուրդների համար: