Ով կշահի

19/05/2009

«Եթե Թուրքիան հավակնում է տարածաշրջանում ազդեցիկ պետության դեր ստանձնել, ապա նա չի կարող հասնել դրան առանց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման. դա բացառված է»: Երեկ նման հայտարարություն է արել «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` միաժամանակ նշելով, թե Թուրքիայի շահագրգռությունը Հայաստանի հետ սահմանները բացելու հարցում շատ մեծ է, քանի որ «սահմանները չբացելու դեպքում այդ երկիրը կարող է կորցնել ավելին, քան ձեռք կբերի Հայաստանը»: Խ. Հարությունյանի խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ սահմանների բացումն ունի ոչ միայն կառուցողական նշանակություն աշխարհաքաղաքական կայունության եւ տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով, այլեւ կարող է երաշխավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդար լուծումներ: Նա դրական է գնահատել այն քաղաքական մոտեցումները, որով առաջնորդվում են ՀՀ իշխանություններն այս հարցի լուծման ուղղությամբ: Ըստ Խ. Հարությունյանի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացումն անհրաժեշտ է եւ երկկողմանի կարեւոր: Ըստ նրա` Ռուս-վրացական պատերազմից հետո որակապես նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում, ինչն իր հերթին նոր պայմաններ է ստեղծում այս հարցի լուծման համար: