Լկտիաբար ստել է

19/05/2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է: «Հանրային հեռուստատեսությամբ ուղիղ եթերով («Ասպարեզ» հաղորդաշար, 17.05.09) հաղորդման ժամանակ, պատասխանելով Ավան համայնքում ՀԱԿ-ի հանրահավաքի թռուցիկները բաժանող կանանց ծեծի ենթարկելու փաստի մասին հարցին՝ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագյուլյանը ասաց հետեւյալը. «Չի կարելի այդ դեպքին միակողմանի նայել, ըստ իմ ունեցած տեղեկությունների, նրանք թռուցիկները բաժանելիս նաեւ հայհոյել են։ Նրանց չի կարելի կին համարել»։ Նա դրանով, ըստ էության, արդարացրեց այն բռնարարքը, ինչից հետո երեք կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Այսպիսով, ԿԸՀ-ի ՀՀԿ-ական քարտուղարը ոչ միայն լկտիաբար ստեց, այլեւ պաշտոնապես եւ հրապարակավ պաշտպանեց ընդդիմության դեմ ուղղված այն բռնարարքները, որ վարչախմբի թեկնածուի օգտին նույն վարչախմբի հանձնարարությամբ իրականացնում է քրեական տարրը։ Սրանից զատ, ԿԸՀ անդամը, խախտելով օրենքը, հանդես է եկել քաղաքական մեկնաբանություններով, ինչը նրա լիազորությունների մեջ չի մտնում: ԿՀԸ-ի ՀՀԿ-ական քարտուղարի այդ հայտարարությունը, ըստ էության, բռնության խրախուսանք է, եւ իր կուսակցության ապօրինությունը արդարացնելու փորձ։ Այսինքն՝ ԿԸՀ-ն ոչ միայն ներքաշված է ընտրակեղծիքներ կատարելու եւ դրանք պարտակելու գործում, այլեւ ծառայում է որպես բռնարարքները խրախուսող գործիք։ Հայ Ազգային կոնգրեսը միջազգային հանրության ուշադրությունն է սեւեռում այն փաստի վրա, որ առ այսօր Ավանում տեղի ունեցած քրեական հանցագործության համար դեռ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, չնայած այն բանին, որ հանցագործները հայտնի են»։