«Գետափի» վարկածը

20/07/2005

Հուլիսի 11-ին Հրազդանի կիրճում բռնկված հրդեհի արդյունքում վնասվել է
մոտավորապես 2,5 հա անտառ: Հրդեհի բռնկման պատճառները ճշտված չեն: Վարկած
կա, որ անտառը հրդեհվել է միտումնավոր՝ կառուցապատման նպատակով: Սակայն
անտառին ամենամոտիկ «Գետափ» ռեստորանի աշխատակիցները հավաստիացնում են, որ
հրդեհները տարվա այս շոգ եղանակին սովորական երեւույթ են: «Հանուն կայուն
մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով`
կանաչ տարածքներում բռնկվող հրդեհներն արդեն օրինաչափ երեւույթ են դարձել:
Տիկին Դանիելյանը երկու պատճառ է մատնանշում. «Նախ՝ որ անտառները չեն
ոռոգվում, եւ հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծված (հաճախ
հրշեջծառայություններն են տարածքն այրում՝ հետագայում վտանգավոր հրդեհները
բացառելու համար, ինչի հետեւանքով վերանում է ոչ միայն հազիվ գոյատեւող
նոսր կանաչ բուսածածկույթը, այլեւ վնասվում է հողի վերեւի շերտը), եւ
երկրորդ՝ կառուցապատման նպատակներով միտումնավոր հրդեհները»: Տիկին
Դանիելյանը անտառների հրդեհման պարագայում մատնանշում է նաեւ
անզգուշության գործոնը. «Չոռոգվող տարածքները կարող են շատ հեշտությամբ
հրդեհվել անգամ սիգարետի մնացորդից»: Ի դեպ, այս վարկածն էին պնդում նաեւ
«Գետափ» ռեստորանի աշխատակիցները, որոնք առաջարկում էին «ապացուցել» իրենց
վարկածը՝ սիգարետի մնացորդները չորացած խոտերի մեջ շպրտելով: Այս
պարագայում կարելի է ենթադրել, թե «օբյեկտներով» շրջապատված անտառների մոտ
օրական քանի հոգի է «ապացուցելու» բան ունենում, եւ մենք որքան
ապահովագրված չենք հրդեհներից:

Ն.Ա.