Ազատ անկումների սարսափից

19/05/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Եվ այսպես, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վերանայված կանխատեսումների` 2009-ին ՀՀ տնտեսության անկումը կլինի 5.8%: Այս մասին ասվում է ԿԲ-ի կողմից հրապարակված «ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր. երկրորդ եռամսյակ» զեկույցում:

Նկատենք, որ ԿԲ-ի կանխատեսած այս անկումը ավելի մեծ է, քան մեկ շաբաթ առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի վերաբերյալ կանխատեսումն էր (ՀՆԱ-ի 5% նվազում): Ի դեպ, գնալով ԿԲ-ն ավելի ու ավելի մեծ տնտեսական անկում է կանխատեսում, եւ շատ հավանական է, որ մեկ-երկու ամիս հետո ԿԲ-ն 2009թ. համար կանխատեսի ՀՆԱ-ի էլ ավելի մեծ անկում: Այսպես, տարվա սկզբին հրապարակված դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրում ԿԲ-ն 2009թ. համար նույնիսկ տնտեսական աճ էր կանխատեսել, հետագայում` մարտի վերջին, հայտարարվեց, թե 2009թ. տնտեսական անկումը կլինի 3%: Նշենք նաեւ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 11-ին ԱԺ-ում կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե ամենավատատեսական սցենարով կառավարությունը նախատեսում է ՀՆԱ 4.5% անկում: «Այո, կա կանխատեսում, որ Հայաստանում կլինի 4,5 տոկոսանոց աճ, զրոյական աճ, կամ 1-2 տոկոսանոց անկում, 4,5 տոկոսի անկում: Մենք այս բոլոր սցենարներն էլ հաշվի ենք առել»,- նշել էր վարչապետը: Այսինքն` ստացվում է, որ չի իրականանում կառավարության նույնիսկ ամենավատատեսական սցենարը: Ինչեւէ, ԿԲ-ի այս վերջին զեկույցում նշվում է նաեւ, որ այդ 5.8% տնտեսական անկումը հնարավոր կլինի ապահովել միմիայն այն դեպքում, եթե կառավարությունը կարողանա իրականացնել նախատեսած հակաճգնաժամային ծրագրերը: «Հարկ է նշել, որ կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային ծրագրերի իրագործման եւ դրան համապատասխան ներքին պահանջարկի խթանման շնորհիվ միայն հնարավոր կլինի արձանագրել տնտեսական անկման 5.8 տոկոս մակարդակ»,- նշված է զեկույցում: Իսկ «Կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային ծրագրեր» ասելով՝ ԿԲ-ում հասկացել են «փոքր ու միջին ձեռնարկությունների խթանումը, արտահանելի հատվածին աջակցությունը, ինչպես նաեւ՝ ենթակառուցվածքներում եւ բնակարանային շինարարության ոլորտում պետական ծախսերի մեծացումը»: Ինչ վերաբերում է տնտեսության ճյուղերին, նշենք, որ ամենաշատ անկում ԿԲ-ն կանխատեսել է շինարարության ոլորտում (15-19% իրական նվազում), այնուհետեւ` արդյունաբերության ճյուղում (4.5-7% իրական նվազում), իսկ գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտում մի քանի տոկոս աճ է կանխատեսել: Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա այստեղ նույնպես վիճակը անմխիթար է: Այսպես` 2009 թ. ակնկալվում է ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալների 5-8% նվազում: Արտահանման նվազումը հիմնականում բացատրվում է արտահանվող ապրանքների (պղինձ, ադամանդ եւ այլն) գների ցածր մակարդակի պահպանմամբ: Իսկ ներմուծման իրական անկումը 2009 թ. համար կանխատեսվում է 25-30%: Ուշագրավ է նաեւ, որ այս տնտեսական ճգնաժամի պարագայում գրեթե բոլոր պետություններում ապրանքների գները կամ շատ քիչ են աճում, կամ էլ նույնիսկ նվազում են, ինչը որոշ չափով մեղմում է սոցիալապես անապահով խավերի վիճակը: Սակայն Հայաստանի բնակչությունը ճգնաժամի այս «դրական» կողմից այդպես էլ չի կարողանում օգտվել: Ավելին, ԿԲ-ն 2009թ. երկրորդ եռամսյակից սկսած կանխատեսում է գնաճի տեմպի ավելացում: «Արդյունքում՝ երկրորդ եռամսյակի ավարտին գնաճը կձեւավորվի 4+-1.5% նպատակային միջակայքի վերին հատվածում եւ, վերոնշյալ գործոնների ազդեցությամբ, կանխատեսվող ժամանակահատվածում մշտապես կգտնվի միջակայքի կենտրոնական արժեքից ավելի բարձր մակարդակում: 2009 թվականի երկրորդ եռամսյակի կանխատեսված գնաճի կենտրոնական արժեքը 4.5% է, իսկ տարեվերջինը` 4.9%»,- նշված է ԿԲ 2009թ. երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: