Բացահայտենք բացահայտը

19/05/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես՝ Հայաստանում ներդրվում է շահերի բացահայտման ինստիտուտ։ Այսինքն՝ մի մեխանիզմ, որը պետք է բացահայտի պաշտոնատար անձանց՝ պատգամավորների, կառավարության անդամների եւ այլոց շահերը եւ թույլ չտա, որ նրանք բիզնեսով զբաղվեն։

Կառավարության վերջին նիստում ուշադրության կենտրոնում հենց այս թեման է եղել, որն ըստ երեւույթին այնքան են կարեւորել, որ կառավարության կայքէջում, պաշտոնական լրահոսում, կառավարության նիստի մասին պատմող հաղորդագրությանը վերնագիր են դրել՝ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ԲԻԶՆԵՍՈՎ։ Մի կողմ թողնենք, որ այս գաղափարը նորություն չէ, ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ այս դեպքում հնչում է Քաջ Նազարի հրամանի պես՝ սարերը պետք է ձորերից բարձր լինեն։ Ավելի լավ է, սակայն, անդրադառնանք բուն նախաձեռնությանը, որն իրենից ներկայացնում է օրենսդրական փոփոխություններ մի շարք օրենքներում։ Կառավարությունը իր վերջին նիստում հավանություն է տվել ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած «ՀՀ Քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Թե կոնկրետ ինչ փոփոխություններ են կատարվել, առայժմ հայտնի չէ. օրինագծերը դեռ ԱԺ չեն ներկայացվել։ Տեղեկության միակ ժլատ աղբյուրն առայժմ կառավարության նիստի հաղորդագրությունն է եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք՝ պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվում է»։ Ստացվում է, վարչապետն անուղղակիորեն խոստովանում է, որ ՀՀ Սահմանադրության տվյալ նորմը ՀՀ-ում տարիներ շարունակ խախտվել է։ Սակայն դա էլ գրելու թեմա չէ, որովհետեւ Սահմանադրության գրեթե բոլոր հոդվածները (առաջինից սկսած) մեր երկրում պարբերաբար խախտվում են։

Այն, որ բիզնեսով զբաղվող պատգամավորի կամ չինովնիկի համար պատժամիջոցների ռեալ մեխանիզմներ չկան, եւ այդ բացը կարելի է լրացնել, լիովին տրամաբանական է։ Սակայն նախաձեռնության վեհաշուք անվանումը՝ շահերի բացահայտման ինստիտուտ, արդեն ծիծաղելի է։ Քաղաքական անցուդարձին տեղյակ այդ ո՞ր հայաստանցին չգիտի, թե որ պաշտոնյան ինչ բիզնես ունի։ Նստեք ցանկացած տաքսի եւ հարցրեք վարորդին, թե որ բիզնեսը ում է պատկանում։

Ի դեպ, վերջերս հետաքրքիր զուգադիպությամբ ուշադրության կենտրոնում էր նաեւ կառավարության մեկ այլ նախաձեռնություն։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ հարկային մարմինը ցանկանում է մշտական ներկայացուցիչ ունենալու իրավունք ստանալ այն ընկերություններում, որոնց նախորդ տարվա հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը։ Այս նախաձեռնության մասին մենք գրեցինք՝ նշելով դրա բացասական կողմերը։ Իսկ սրանից 2 օր առաջ, հեռուստատեսային լուրերով պատահաբար տեսա ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի լսումների մասին մի ռեպորտաժ։ Խոսում էին պատգամավորներ, որոնց նախկինում խոսելիս գրեթե չենք տեսել, օրինակ՝ Ալեքսան Պետրոսյանը եւ Կարեն Վարդանյանը (Հրանտ Վարդանյանի որդին)։ Քննադատում էին հարկայինի այս նախաձեռնությունը, եւ շատ ճիշտ էին անում։ Սակայն այդ պահին մարդ ուրիշ բանի մասին է մտածում՝ բա սրանից էլ լավ շահերի բացահայտման ինստիտո՞ւտ։ Կարելի է գործարար-պատգամավորների շահերին ակնհայտորեն հարվածող օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել եւ տեսնել, թե ով ինչպես է արձագանքում։ Ու բացահայտել շահերը։ Չնայած, այս մեթոդը մի մեծ թերություն ունի. գործարար-պատգամավորներից շատերը մեծ հաշվով թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, չեն էլ կարդում օրենքները եւ կարող են քվեարկել իրենց անմիջական սնանկացմանն ուղղված օրենքների օգտին։ Այնպես որ, ամենաճիշտ տարբերակը, թերեւս, տաքսու վարորդներն են։ Իհարկե, երբ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվի ԱԺ, մենք ընթերցողներին կներկայացնենք, թե ինչ մեխանիզմներով են բացահայտվելու շահերը, եւ ինչպես են պատժվելու Սահմանադրությունը խախտող չինովնիկները։ Վարչապետն էլ խոստացել է, որ այս թեմայի շուրջ քննարկումներ են կազմակերպվելու, որպեսզի հասարակությունն էլ իրազեկված լինի։ Սակայն մի բան հստակ է. իր առջեւ դրված առաջին նպատակին կառավարությունը արդեն հասել է. խոսելու, հեռուստացույցով ցույց տալու բան կա, ՀՀ միամիտ քաղաքացիներն էլ լսում ու հիանում են հայրենի իշխանությունների առաքինությամբ։ Իսկ նիստը ավարտվելուց հետո, կառավարության անդամները (այն կառավարության, որը հենց նոր հավանություն է տվել սեփական շահերի բացահայտման գաղափարին) դուրս կգան, ծխախոտ կկպցնեն, զրուցելով կիջնեն (զրույցը, բնականաբար, պետական շահերի շուրջ է), կնստեն պետական համարանիշերով իրենց սեփական շքեղ մեքենաներն ու կգնան մի կտոր հաց ուտելու՝ ձեռքի հետ փորձելով բացահայտել, թե ով ինչ շահեր ունի։ Ու նաեւ կխմեն նախորդ փառահեղ նախաձեռնությունների կենացը… հոտնկայս։ Մանավանդ այն նախաձեռնության, որը նպատակ ուներ իրենց հոգիներում եւ սրտերում ներքին հեղափոխություն իրականացնել։ Հետո նախագիծը կգնա ԱԺ, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը՝ հանձնաժողովի անդամներ Աշոտ Աղաբաբյանի, Տիգրան Արզաքանցյանի, Աշոտ Արսենյանի, Ալեքսան Պետրոսյանի, Կարեն եւ Միքայել Վարդանյանների եւ մյուս պատգամավորների մասնակցությամբ, կքննարկի՝ արդյո՞ք կառավարության այս նախաձեռնությունը արդյունավետ է, արդռո՞ք դրանով կբացահայտվեն բիզնեսով զբաղվող, իրենց շահերն առաջ քաշող ու Սահմանադրությունը խախտող պաշտոնյաները։ Եթե պետք լինի՝ մի երկու լրացում, առաջարկություն կանեն՝ հանուն պետության շահերի։

Իսկ երբ որոշ ժամանակ անցնի ու այս թեման էլ մոռացվի-գնա՝ ինչպես, օրինակ, կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաներին պատժելու խոստումը, ասպարեզ կգա հերթական բոցաշունչ անվանումով նախաձեռնությանը։ Սրանում կարող եք չկասկածել, որովհետեւ ստեղծագործական պոտենցիալով մեր կառավարությունն իրոք անգերազանցելի է։