Երեկ ԱԺ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հարց բարձրացրեց, թե ազատազրկված պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի ու Սասուն Միքայելյանի ներկայացրած օրինագիծն ինչո՞ւ չի ընդգրկվել քառօրյայի օրակարգում: Այդ նախագծով պատգամավորներն առաջարկում էին փոփոխության ենթարկել անցած տարի մարտին ընդունած ԱԺ որոշումը, որպեսզի հնարավոր լինի փոխել իրենց խափանման միջոցը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ այդ օրինագիծը դեռեւս շրջանառության մեջ է, գլխադասային հանձնաժողովը դեռ եզրակացություն չի տվել, եւ դեռ ժամանակ կա այն նիստերի օրակարգ ընդգրկելու համար: «Եթե գրված է՝ 30-օրյա ժամկետում, ապա դա չի նշանակում, թե մենք անպայման վերջին օրը պետք է դրական կամ բացասական եզրակացությունը տանք: Գտնում եմ, նաեւ մեր խմբակցությունն է այդ կարծիքին, որ սույն որոշման նախագիծը պետք է ներառված լիներ այդ քառօրյայում: Առավել եւս, ուզում եմ հիշեցնել, որ մենք այս ընթացքում խախտել ենք նրանց շատ այլ իրավունքներ: Ինչպես, օրինակ, նրանց չուղարկելով քննարկվող օրինագծերի փաթեթները: Չմոռանանք, որ նրանք տակավին շարունակում են մնալ ԱԺ պատգամավոր եւ կարող են օգտվել ԱԺ պատգամավորի համար սահմանված բոլոր իրավունքներից»,- հայտարարեց Ս. Սաֆարյանը: