Ինչպե՞ս է փոխվում կարծիքը

19/05/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցած շաբաթ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկում էր Կառավարության հեղինակած հարկային ոլորտին վերաբերող մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի անդամները, ովքեր մեծամասամբ գործարար պատգամավորներ էին, տարբեր փաստարկներ ներկայացնելով` դեմ էին արտահայտվում այդ փոփոխություններին: Հիշեցնենք, որ Կառավարության առաջարկությունների համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեն կարող է ամեն օր հսկողություն իրականացնել այն ընկերություններում, որոնք ունեն տարեկան 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն, որոնք նախորդ տարի ունեցել են ամենաքիչը 500 աշխատող, որոնց 3 ամսվա ներմուծման ծավալը գերազանցել է 500 մլն դրամը, եւ որոնք 2 տարի անընդմեջ ունեցել են 50 մլն դրամից ավելի հարկային վնաս, եւ այլն: Կառավարության ներկայացրած հիմնավորումներից պարզ է դառնում, որ այս փոփոխությունների նպատակը բյուջեի հավաքագրումներն ավելացնելն է: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ նույն Տնտեսական հանձնաժողովը եւ դեմ արտահայտվող պատգամավորները դրական եզրակացություն են տվել, որ օրինագիծն ընդգրկվի այս քառօրյայի քննարկմանը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այս կտրուկ շրջադարձը բացատրեց այսպես. իրենք համաձայնել են, որ փաթեթն ընդգրկվի քառօրյայի նիստերի օրակարգ, բայց միաժամանակ Կառավարությանը ներկայացրել են մի շարք փոփոխություններ, որոնք պետք է կատարվեն այդ օրինագծերում: Վ.Այվազյանը հավատացնում է, որ եթե գործադիրը չընդունի իրենց առաջարկությունները, ապա հանձնաժողովի անդամներն ու ինքը դեմ կքվեարկեն այդ փաթեթին: Բայց Այվազյանը նաեւ բացատրում է, որ եթե նույնիսկ հանձնաժողովը բացասական գնահատական տար այդ նախագծին, միեւնույն է, այն ընդգրկվելու էր նիստերի օրակարգ, որովհետեւ Կառավարությունն այն անհետաձգելի է համարել: Այսինքն՝ առանց քվեարկության կամ հանձնաժողովի դրական եզրակացության՝ Կառավարությունն ունի իր ներկայացրած նախագիծը քննարկման դնելու լիազորությունը: Երեկ ԱԺ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարեց, թե ԲՀԿ կուսակցությունը լուրջ վերապահումներ ունի առաջարկվող փաթեթի հետ կապված: «Եթե նախագիծը չքննարկվի, եւ մեր առաջարկությունները չընդունվեն, ապա մեր դիրքորոշումը չի կարող լինել դրական»,- հայտարարեց նա:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ նախագծի մասին իրենց նախնական կարծիքը նույնպես բացասական է: Այսինքն՝ տեսականորեն չի բացառվում, որ եթե Կառավարությունը չընդունի պատգամավորների առաջարկությունները, ապա պատգամավորները նախագծին դեմ կքվեարկեն:

Տնտեսական հանձնաժողովի անդամ «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատեր Հակոբ Հակոբյանն ասում է, թե դեմ չէ պետական վերահսկողության ուժեղացմանը եւ կողմ է ստվերային տնտեսության դեմ տարվող պայքարին: Սակայն դեմ է այն գործիքներին, որով գործադիրն ուզում է վերահսկել տնտեսվարողների գործունեությունը: Փոփոխություններից մեկի համաձայն՝ տնտեսվարողը ապրանքների առաքում կամ բացթողում կարող է իրականացնել միայն ՊԵԿ ներկայացուցչի ներկայությամբ: Պատգամավորը կարծում է, որ խցանման մեջ ընկնելու կամ այլ պատճառով ՊԵԿ ներկայացուցչի ուշացման դեպքում տնտեսվարողի գործունեությունը չպետք է տուժի: Հ.Հակոբյանը գտնում է, որ ձեռնարկություններում պետք է կոնկրետ ժամ նշվի ապրանքի բացթողնման համար, եւ եթե ՊԵԿ ներկայացուցիչն այդ ընթացքում չի կարող ներկայանալ, ապա, միեւնույն է, գործընթացը պիտի իրականացվի: «Հարկավոր է կիրառել այնպիսի մեխանիզմ, որը չի խանգարի տնտեսվարողին իրականացնել իր ընթացիկ գործունեությունը: Արտադրությունը կարող է իրականացվել 24 ժամ, եւ իր արտադրությունը կազմակերպելու եւ ապրանքները թողարկելու մասով տնտեսվարողը չպետք է կաշկանդված լինի հարկային մարմնի ներկայացուցչի բացակայությամբ: Չպետք է այնպես լինի, որ նրա բացակայության պատճառով կանգնի ամբողջ ձեռնարկությունը»,- ասում է Հ.Հակոբյանը: Առաջարկվող նախագծին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, թե այն ավելի շատ ուղղված է տեղական արտադրողի դեմ: Օրինակ, եթե ներկրողը կարող է մի քանի ընկերություն հիմնել, իր ներմուծած ապրանքը բաժանել մի քանի մասերի եւ այդպիսով դուրս մնալ այս փաթեթով առաջարկվող ստուգումներից, ապա արտադրողը չի կարող մի քանի մասերի բաժանել իր հոսքագիծը: Իսկ նախագծի կետերից մեկի համաձայն՝ ՊԵԿ ներկայացուցիչը պետք է հսկողություն իրականացնի նաեւ արտադրական ընթացքի, ֆինանսական գործունեության նկատմամբ: Այս լիազորությանը նույնպես պատգամավորները դեմ են: «Յուրաքանչյուր արտադրություն ունի իր յուրահատկությունը: Արտադրության եղանակները կարող են պարունակել տեխնոլոգիական առեւտրային գաղտնիք: Ի՞նչ նպատակ է հետապնդում արտադրության ներառումը ակցիզային պահեստում, ի՞նչ նպատակ է հետապնդում հարկային տեսուչի մշտական ներկայությունը արտադրական տարածքում: Եթե մեր նպատակն իսկապես վերահսկողությունն է, այլ ոչ թե հարկային տեսուչի միջոցով արտադրական գաղտնիքների տիրապետումը, համոզված ենք, որ լուծումը կարող է այլ կերպ լինել: Պետք է հանել կետը, որ արտադրողի դեպքում ակցիզային պահեստի մեջ է ներառվում արտադրական տեղամասերը»,- ասում է Հ.Հակոբյանն ու ավելացնում, որ եթե կառավարությունն ուզում է հսկողություն իրականացնել արտադրողի բաց թողած ապրանքի վրա, ապա դրա համար կարող է գործարանի մուտքի մոտ իր պահակակետը տեղադրել:

Այն, որ գործարարները փորձում են ընդդիմանալ իրենց բիզնեսի դեմ առաջարկվող փոփոխությանը, իհարկե բնական է: Սակայն ինչ-որ չենք հիշում, որ նույն խանդավառությամբ սույն պատգամավորներն ընդվզեին, երբ կառավարությունը ԱԺ էր բերում մանր ու միջին բիզնեսի շահերին ուղղակիորեն վնասող օրինագծերը: