Մեկ տարվա «աշխատանքի» փոխհատուցումը

19/05/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես արդեն հրապարակվել էր անցած շաբաթավերջին, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի փոխարեն Ազգային ժողովի փոխնախագահ պետք է դառնար ՀՀԿ խմբակցության քարտուղար, Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ինչը եւ տեղի ունեցավ երեկ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե կուսակցության վարչությունը որոշել է առաջադրել Ս.Նիկոյանի թեկնածությունը: «Էլ առաջարկություններ չկա՞ն»,- հարցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ես առաջարկում եմ Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը»,- կատակեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Իսկ Ս.Ալեքսանյանը վերջերս ձեռք բերած սովորության համաձայն՝ երեկ էլ նստել էր խորհրդարանում «Ժառանգությանը» հատկացված աթոռներից մեկին: Եվ այս ուրախ տրամադրությամբ էլ շարունակվեց ու ավարտվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ս.Նիկոյանի առաջադրումն ու ընտրությունը: Ս.Նիկոյանն ինքը շնորհակալություն հայտնեց իր առաջադրման համար ու խոստացավ Հ.Աբրահամյանին օգնել ԱԺ դերի բարձրացման գործում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին այլ հարց էր հետաքրքրում: «Սկզբում եղել եք Ազգային Միացյալ Կուսակցության` հետագայում ՀՀԿ անդամ, միեւնույն ժամանակ 1987թ. ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղն եք ավարտել: Ըստ ամենայնի, դեպի պատմությունը գնացող փիլիսոփայության վերջին ուսումնասիրության ճիգն եք արել: Կարելի՞ է նպատակին ծանոթանալ ավելի մանրամասն»,- հարցրեց Վ.Հովհաննիսյանը` ակնարկելով այն հանգամանքը, թե ինչպես կարող էր խորհրդային կարգերի դեմ պայքարող կուսակցության անդամը համատեղել կրթությունը մարքսիզմ-լենինիզմի համալսարանում: «Դուք ուշադրություն պետք է դարձնեք, որ մինչ այդ ես ավարտել եմ Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: Իսկ այդ ժամանակ արտադրության ղեկավարներին առաջարկում էին սովորել հիշյալ համալսարանում, որովհետեւ ղեկավարների տնտեսական գիտելիքների նորացման անհրաժեշտություն կար»,- փորձեց պատասխանել Ս.Նիկոյանը: «Հարցը քննադատական բնույթ չի կրում, ուղղակի ուզում էի իմանալ Ձեր գիտելիքների ամբողջ պաշարը չէ՞, որ այդ ինստիտուտից է: Այլ աղբյուրնե՞ր էլ են եղել»,- տեղի չտվեց Վ.Հովհաննիսյանը:

Իրավիճակը փրկեց ԲՀԿ-ական պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը. «Ի տարբերություն Վ.Հովհաննիսյանի՝ ես ողջունում եմ դասականների հետ Ձեր բոլոր շփումները: Լինի դա Մարքսը, Էնգելսը, Լենինը թե Գարեգին Նժդեհը: Ձեր կենսագրության մեջ ամենաշատը այդ հատվածն է դուր եկել»:

Այս ուրախ տրամադրությունը մի փոքր մթագնեց, երբ ԱԺ «Ժառանգության» պատգամավորները Ս.Նիկոյանին հիշեցրին իր ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովի գործունեության եւ ազատազրկված պատգամավորների մասին: «Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր, ես կասեի՝ մշտական հանձնաժողովի նախագահն եք: Կցանկանայի իմանալ, իբրեւ ԱԺ փոխնախագահ՝ դուք կարողանալո՞ւ եք զուգահեռել Ձեր երկու գործունեությունները` բացահայտել մարտի 1-ի դեպքերը եւ միաժամանակ աջակցել ԱԺ դերի բարձրացմանը»,- հարցրեց Ստեփան Սաֆարյանը: «Կարծում եմ, այո, դրանք համատեղել կարող եմ: Իհարկե, ես Ձեր վատատեսությունը կամ անեծքը չեմ ընդունում, որ ժամանակավոր հանձնաժողովը մշտական հանձնաժողով է: Բազմաթիվ անգամ ասել եմ, որ մահվան հանգամանքների, ավելի ճիշտ՝ սպանության դեպքերի հետ կապված բացահայտումներից բացի, հանձնաժողովն ունի բավարար հիմքեր իր եզրակացությունը անելու համար: Մենք մինչեւ այժմ սպասել ենք փաստահավաք խմբին` ակնկալելով, որ այդ հարցում մեզ օժանդակություն կտա, սպասել ենք նաեւ նախաքննական մարմնին»,- պատասխանեց Նիկոյանը:

Լարիսա Ալավերդյանն էլ ուզում էր իմանալ, թե Ս.Նիկոյանն ինչպես է պայքարելու բացակայող պատգամավորների փոխարեն քվեարկող պատգամավորների դեմ: Եվ արդեն որպես փոխխոսնակ՝ արդյո՞ք կվերանայի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Խաչատուր Սուքիասյանի եւ Հակոբ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Համաձայն եմ ԱԺ նախագահի հետ, որ պետք է հնչեցնել, թե ով ում փոխարեն է քվեարկել: Կամ` կազմակերպել վերաքվեարկություն»,- պատասխանեց Ս.Նիկոյանը:

Ինչ վերաբերում է պատգամավորների խափանման միջոցը փոխելու հարցին, ապա Նիկոյանը կարծում է, որ պետք է սպասել, մինչեւ նախագիծն անցնի սահմանված ընթացակարգերով եւ նոր ընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում:

Այսպիսով, կեսօրից հետո փակ-գաղտնի քվեարկությամբ` 104 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Ս.Նիկոյանն ընտրվեց փոխնախագահի պաշտոնում: Նրա փոխարեն ՀՀԿ խմբակցության քարտուղար կդառնա երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովը: Արդյո՞ք ճիշտ է այն տեսակետը, թե իշխանություններն այդ պաշտոնը տվեցին Ս.Նիկոյանին իր ղեկավարած հանձնաժողովում ոչ թե մարտի 1-2-ի իրադարձությունները իրականում բացահայտելու, այլ հակառակը` շատ փաստեր թաքցնելու, հանձնաժողովի աշխատանքով ժողովրդի մեջ եղած լարվածությունը կոտրելու համար: «Նախ` չի վերջացել հանձնաժողովի աշխատանքները, սովորաբար նման բան լինում է աշխատանքի վերջում: Մինչեւ Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ լինելը ես կուսակցական եմ եղել, պատգամավոր եմ, խմբակցության քարտուղար եմ: Եթե կա թափուր տեղ, ապա ինչո՞ւ՝ ոչ ես: Հակառակը, ես կարծում եմ, որ որոշ իմաստով սա նաեւ անկախության ավելի բարձր աստիճան է: Ես գտնում եմ, որ սա ավելի շատ կարող է օգնել»,- պատասխանեց Ս.Նիկոյանը: Հաջորդ ամիս կլրանա հանձնաժողովի ստեղծման 1 տարին, արդյո՞ք այդ մարմինը կատարել է իրենից ակնկալվող գործառույթները: «ԱԺ-ն հանձնաժողովի առջեւ խնդիր է դրել գնահատել տեղի ունեցած բռնությունների եւ Ոստիկանության իրավաչափությունն ու համաչափությունը: Հանձնաժողովը ձեռք է բերել բավարար չափով փաստեր, որ կարողանա այդ իմաստով իր գնահատականները հնչեցնել: Նաեւ տալ անհրաժեշտ առաջարկներ, որ նման իրադարձությունների կրկնությունը բացառվի: Հանձնաժողովը չի կարողացել կատարել սպանություն իրականացնողները հայտնաբերելու խնդիրը: Այդ խնդիրը շատ է կախված նաեւ նախաքննական մարմնի գործունեությունից: Դրա բացահայտման համար ակնկալում ենք նաեւ փաստահավաք խմբի օգնությունը: Ակնկալում ենք նաեւ, որ նոր վկաներ ի հայտ կգան»,- եզրափակեց Ս.Նիկոյանը: