Ապամոնտաժում են

19/05/2009

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրել է, որ մայիսի 18-ից «Վառգոս» մոնտաժային ՍՊԸ-ի մասնակցությամբ (այս ընկերությունը «Արմարդմոնտաժ» տրեստի 1-ին մոնտաժային վարչության իրավահաջորդն է եւ, դեռեւս Խորհրդային Միության տարիներին իրականացրել է «Նաիրիտի» մոնտաժային աշխատանքների հիմնական մասը), սկսվել են ս/թ մայիսի 14-ին գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի արդյունքում այրված եւ փլուզված տեղամասի ապամոնտաժման աշխատանքները: Միայն ապամոնտաժման աշխատանքները, ըստ հաղորդագրության, նախնական գնահատմամբ կարժենան մոտ 20 միլիոն դրամ: Հաղորդվում է նաեւ, որ ձեռնարկության մնացած տեխնոլոգիական գծերն աշխատում են, արտադրական պրոցեսները շարունակվում են, իսկ աշխատանքային հատուկ ռեժիմը կպահպանվի մինչեւ քննչական գործողությունների եւ գործարանի մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ավարտը: Նախօրեին տեղի է ունեցել վթարի արդյունքում զոհված աշխատակիցների` Հովհաննես Հովհաննիսյանի, Վահան Ղարիբյանի, Լեւոն Լեւոնյանի եւ Արթուր Կարապետյանի հուղարկավորության արարարողությունը: «Արարատբանկում» «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի արհմիության կողմից բացվել է երկու հաշվեհամար` այդ ընտանիքներին աջակցելու համար հանգանակություն կազմակերպելու նպատակով:

Դրամային հաշվեհամարն է՝ 1510001664630100 (AMD)
Դոլարային հաշվեհամարն է՝ 1510001664630101 (USD):