«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ն մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի բոլոր համայնքներից համամասնորեն ընտրված 1000 բնակիչների շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հարցին` «Մասնակցելո՞ւ եք արդյոք Երեւանի ավագանու ընտրություններին», դրական է պատասխանել հարցվողների 53,8 %-ը, բացասական` 17,3 %-ը: Դժվարացել է պատասխանել հարցվողների 28,9 %-ը: Հարցին էլ, թե` «Ընտրություններին մասնակցության դեպքում ո՞ր կուսակցությանը կտաք ձեր ձայնը», ստացվել է հետեւյալ պատկերը. ՀԱԿ` 37,2%, ՀՀԿ` 14,7 %, «ՀՅԴ»` 7,4 %, ԲՀԿ` 6,2%, իսկ մյուսներից յուրաքանչյուրը` 2%-ից քիչ: Հարցվածների 19,2%-ը չի ասել, թե ում է ընտրելու: Երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ բանավեճի ժամանակ իր հետազոտությունների արդյունքները հրապարակեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Ըստ նրա` եթե ՀՀ իշխանությունները կեղծեն Երեւանի ավագանու ընտրությունները այնքան, որքան կեղծեցին 2008թ. նախագահական ընտրությունները, ապա դարձյալ ջախջախիչ պարտությունն կկրեն ՀԱԿ-ի կողմից. ՀԱԿ-ը կհավաքի ձայների 52%-ը, կամ շուրջ 270 հազար ձայն, երկրորդ տեղում կլինի ԲՀԿ-ն` 22% կամ 120.000 ձայն, եւ երրորդ տեղում կլինի ՀՀԿ-ն` 18% կամ շուրջ 100.000 ձայն: Ա. Արշակյանը նախատեսում է, որ լցոնումներով, կեղծ անձնագրերով, ՀԱԿ-ի ձայները ՀՀԿ-ի օգտին գրելով եւ մյուս բոլոր ընտրակեղծիքներով հանդերձ (եթե դրանք լինեն 2008թ. նախագահական ընտրությունների մասշտաբներով)՝ իշխանությունը կկարողանա ցույց տալ շուրջ 520 հազար մասնակցություն, որը հայտարարված 770 հազար ընտրողների ողջ թվի շուրջ 68%-ն է (նա համոզված է, որ Երեւանում 770.000 ընտրողներ չկան): Իսկ որ ՀԱԿ-ը կհավաքի 270 հազար քվե, Արշակյանը հիմնավորեց այսպես. 2008թ. Նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ պաշտոնական տվյալներով հավաքեց 153.000 ձայն: Այդ ձայներին Արշակյանը գումարեց 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Արթուր Բաղդասարյանին երեւանցիների տրված 70.000 ձայներից 50.000-ը, ՀՅԴ-ին տված ձայներից 15.000-ը, եւ հաշվի առնելով նաեւ այն, որ մարտի 1-ից ու քաղբանտարկյալների խայտառակ դատավարություններից հետո իշխանությունների վարկանիշն ընկել է, ստացավ 270.000 ձայն ՀԱԿ-ի օգտին: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը Երեւանում 2008թ. պաշտոնական տվյալներով ստացել էր 238.000 ձայն, ապա դա, ըստ Արշակյանի, կբաժանվի ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ 120/100 հազար հարաբերակցությամբ: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերին, ապա Ա. Արշակյանը համաձայնեց Ա. Ադիբեկյանի հետ այն հարցում, որ նրանք միասին վերցրած կարող են հավաքել 10%-ից ոչ ավելի, ուստի եւ քիչ է հավանականությունը, որ նրանցից որեւէ մեկը հաղթահարի 7%-անոց արգելքը ու ներկայացուցիչներ ունենա Երեւանի ավագանում: Իսկ Ա. Ադիբեկյանի թվերը հետեւյալն են. 36.5% մասնակցության պարագայում (այդ 36.5%-ը նրանք են, ովքեր նշել են, թե հաստատ գնալու են քվեարկության եւ հաստատ ձայնը տալու են այս կամ այն ուժին) ՀՀԿ-ն կստանա ձայների 55%-ը, ԲՀԿ-ն՝ 21%-ը, իսկ ՀԱԿ-ը՝ 14%-ը: Սակայն Ա. Ադիբեկյանը այս անգամ խճճվեց նույնիսկ իր հրապարակած թվերի մեջ: Այսպես, հարց հնչեց, թե ինչպես պատահեց, որ նույնիսկ պաշտոնական արդյունքներով Լ. Տեր-Պետրոսյանը 2008թ. նախագահական ընտրություններում հավաքեց 21.4%՝ այն դեպքում, երբ հարգարժան սոցիոլոգը ընդամենը 8-9% էր տալիս առաջին նախագահին: Ադիբեկյանը պատասխանեց, թե այդ ժամանակ հարցվածների 13%-ը նշել էր, որ հաստատ կգնա ընտրության, սակայն գաղտնի էր պահել, թե ում է ընտրելու: Այստեղից էլ Ադիբեկյանը եզրակացրեց, որ այդ 13%-ը Լ. Տեր-Պետրոսյանի ձայներն են եղել: Իսկ այս անգամ հարցվածների ո՞ր մասն է նշել, որ հաստատ կգնա ընտրության, բայց չի ասել, թե ում է ձայնը տալու: Ըստ Ադիբեկյանի` այդ մարդիկ կազմել են հարցվածների 18.5%-ը (այդ 18.5%-ը վերը նշված 36.5%-ի մեջ չեն մտնում): Այդ դեպքում տրամաբանական է ենթադրել, որ այս 18.5%-ը ՀԱԿ-ի ձայներն են, եւ եթե դա գումարենք 36.5%-ին, ապա 55% (36.5%+18.5%) մասնակցության պարագայում ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի ձայները մոտավորապես կհավասարվեն` կազմելով ավելի քան 35%, իսկ ԲՀԿ-ի ձայները կկազմեն շուրջ 14%: Սակայն Ադիբեկյանն ասաց, թե այս անգամ այդ 18.5%-ը այն մարդիկ են, որոնք կաշառքով են ընտրում: Այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ տարի առաջ նրանք ընդդիմությանն էին ձայն տալիս, իսկ հիմա դարձան կաշառքով ընտրողներ: «Մենք հարցրել ենք, թե ում է այդ 18.5%-ը ձայն տվել նախագահական ընտրություններին եւ պարզել ենք, որ գերազանցապես ձայն է տվել իշխանական թեկնածուին»,- պատասխանեց Ադիբեկյանը` չնկատելով, թե ինչպես հակասեց 30 վայրկյան առաջ ասած իր մտքին (այսինքն` այն ենթադրությանը, թե «հաստատ կգնամ ընտրություններին, բայց չեմ ասի, թե ում կընտրեմ» պատասխանողները ձայնը տվել են ընդդիմությանը):