Հանրային հեռուստաընկերությունը, պարզվում է, ունի մի մեծ տաղավար, ուր կարելի է բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ քննարկել հասարակությանն առավելապես հետաքրքրող խնդիրները: Խորհրդավոր այդ տաղավարի դռները բացվում են տարվա մեջ երկու անգամ` «Եվրատեսիլ» մրցույթից առաջ: Մրցույթի ավարտից հետո տաղավարի դռները խնամքով փակվում են: Մինչեւ հաջորդ տարի:
Հանրային հեռուստաընկերությունը պիտի որ նման որակի քննարկումների, ավելի ստույգ` նման դատարկաբանության վրա այսքան եթերաժամանակ չվատներ, այդքան մարդու չկտրեր իր գործերից եւ չհրավիրեր տաղավար` անբովանդակ զրույցի: Այն դեպքում, երբ երկրի ներքաղաքական ճգնաժամը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Ղարաբաղի եւ Հայաստանի փոխհարաբերությունների դինամիկան, հասարակությանը պետական մակարդակով ապաբարոյականացնող նախընտրական քարոզարշավը` հարյուրտոկոսանոց ցուցակներով ու նվաստացուցիչ կաշառքներով, կարոտ են հասարակական քննարկումների` լուրջ մարդկանց ու լուրջ աուդիտորիայի մասնակցությամբ: Սակայն քաղքենիությամբ տառապող հասարակության մեծ մասի, այդ թվում եւ` հեռուստաեթերի տերերի համար, էականը շոուն է:
Մի առիթով թարգմանիչ, գրող Վարդան Ֆերեշեթյանը մեջբերեց իր տատի խոսքերը, թե` մեծագույն մեղքերից մեկը սուտ դարդն է: Այսինքն` իրական մտահոգությունները թողած` առանց անհրաժեշտության ու պատճառի դարդ անել դատարկ, սուտ բաների վրա: Սակայն Վարդանի տատի իմաստությունը կարծես մնացել է անցյալում: Այս օրերի սուտ դարդը, որը պատել է հետխորհրդային ճամբարի երկրներին եւ, մասնավորապես, Հայաստանին` «Եվրատեսիլն» է: Մեր ժամանակակից մշակույթի գագաթները` հայ էստրադայի աստղերը, լրագրողները, Հանրային հեռուստատեսությամբ, ամենապիկ ժամին քննարկում են` որքանով է թանձր Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերի շպարը: Ի դեպ, քույրերի իմիջը, հասկանալի է, ոչ անվճար, վստահված էր մոսկովյան «Fresh Art» ընկերությունը ներկայացնող մոսկվաբնակ երեք տղաներին: Հայաստանում, չգիտես` ինչ հիմնավորմամբ, համոզված են, թե այդ տղաներն անթերի իմիջմեյքերներ են: Ինչը խիստ կասկածելի է, եթե հաշվի առնենք նրանց սեփական իմիջի թերությունները`պլաստիկ վիրահատված եւ դեմքի մեծ մասը գրավող շուրթերը, սեփական (եւ ոչ միայն սեփական) արտաքինին եւ հագուկապին՝ տղամարդուն ոչ վայել պեդանտությամբ հետեւելը: Ասենք, շատ հեռուն գնալ պետք չէ. բնականից գեղեցկատես եւ հետաքրքիր արտաքին ունեցող մեր քույրերին սույն իմիջմեյքերները տվել էին սգո արարողությունների ժամանակ լաց լինելու նպատակով հատուկ հրավիրված ագրեսիվ կանանց արտաքին:
Իսկ Հանրայինի եթերում մեր երգիչները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են քննարկել, թե «Եվրատեսիլը» Հայաստանում անցկացնելու համար մեր երկրում կգտնվի՞ անհրաժեշտ 42 միլիոն դոլարը: Սակայն ուղիղ եթերի մասնակիցներին հետաքրքիր են նաեւ այն տափակ սկանդալները, որոնք իր նոթատետրում գրանցել ու հեռուստադիտողներին էր ներկայացնում հաղորդավարը: Պատկերացնո՞ւմ եք, ազգությամբ բելառուս երգիչն ու նրա պրոդյուսերը քնում են հյուրանոցի նույն համարում: Հետո, իհարկե, պարզվեց մի փոքրիկ մանրուք` նրանք… ամուսիններ են, եւ տարօրինակը կլիներ հակառակը, եթե նրանք գիշերեին տարբեր համարներում: Այս սենսացիան չհաջողվեց, հայտնվեց ուրիշը` փորձերի ժամանակ թուրք պարուհիներից մեկն ուշաթափվեց: Սա էլ այն չէր: Հաղորդավարը ընթերցում է հաջորդ տափակաբանությունը. բուլղարացի երգիչը ծեծ է կերել, քանի որ չի զիջել գործընկերներից մեկին: Ավելորդ է ասել, որ այդ լուրն էլ հաջորդ օրը կտրականապես հերքվեց բուլղարական պատվիրակության կողմից: Բայց այս ամենը գրոշի արժեք չուներ այնպիսի էական մի տեղեկատվության կողքին, որպիսին սա էր` Ռուսաստանը ներկայացնող երգչուհու բեմական կոշիկներն ունեն 22 սմ բարձրություն: Ո՞ր լսարանին է հասցեագրված այս ինֆորմացիան ու այս քննարկումն` առհասարակ: Հուսով ենք, որ, ասենք, մաեստրո Տիգրան Մանսուրյանն այդ ժամին քնած էր եւ չի տեսել «Եվրատեսիլին» նվիրված այդ երկար ու տափակ հաղորդումը:
Հետաքրքիր է, որ ի սկզբանե «Եվրատեսիլն» ուներ լրիվ այլ տրամաբանություն եւ մտահղացվել էր որպես ճանաչված, այսինքն` պոպ երգերի մրցույթ: Գաղափարը կարծես հումանիստական էր. Եվրոպայի ժողովուրդներին միավորել երաժշտության միջոցով: Սակայն շատ շուտով երգերի չեմպիոնատը տրանսֆորմացվեց երգիչների մրցապայքարի: Երգչի խարիզմատիկ լինելը դուրս եկավ առաջին պլան, քանի որ սկսած 1997 թվականից` հաղթողի ճակատագիրը որոշում են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ հեռուստադիտողները` sms քվեարկության միջոցով: Եվ այսօր «Եվրատեսիլն» ավելի շուտ շոումեյքերների մրցույթ է: Բացի «Աբբա» խմբից, այս մրցույթի հաղթողներին, որպես կանոն, Եվրոպան մոռանում է մրցույթի արդեն հաջորդ օրը: Այսօր արդեն մրցույթը մի տեսակ ինդիկատոր է, որով որոշվում է այս կամ այն ժողովրդի համակրանքը կամ հակակրանքը միմյանց հանդեպ: Հետեւաբար, այս մրցույթում քվեարկությունն անհամեմատ ավելի հետաքրքիր է, քան բուն մրցույթը: Իսկ թե ով կլինի հաղթողը, արդեն էական չէ…
Այն, որ Արշակյան քույրերը գրավեցին տասներորդ հորիզոնականը, ամենեւին տխրելու կամ մտահոգվելու պատճառ չէ: Քույրերը մեր շոու արվեստի թերեւս ամենաինտելեկտուալ ու գրավիչ երգչուհիներն են: Այն, որ երգը (ոչ թե կատարումը) հաջող չէր, շոուն եւ երգը որեւէ աղերս չունեին, աղջիկների բեմական կերպարն ամենեւին համակրելի չէր, կազմակերպիչների մեղքն է: Նրանք մոլորության մեջ են` կարծելով, թե որքան առատ է երգչի արդուզարդը, որքան վառ ու թանձր է շպարը, որքան մուգ ու կեղտակորույս է հագուստը, այնքան արտիստը գրավիչ է:
Ամեն դեպքում, այս «Եվրատեսիլը» հետաքրքիր էր թեկուզեւ «Հիսուս Քրիստոս` սուպեր աստղ», «Կատուներ» ռոք օպերաների հեղինակ Էնդրյու Լլոյդ Վեբերի մասնակցությամբ, ով հեղինակն էր Մեծ Բրիտանիան ներկայացնող երգչուհու երգի եւ ով անձամբ նվագակցում էր նրան: Հետաքրքիր էր Նորվեգիան ներկայացնող արտիստի հաջողությունը, ով կարողացավ իր երգի միջոցով այնքան մեղմացնել քվեարկողների հոգիները, որ նրանք, այնուամենայնիվ, նախապատվությունը տվեցին «Հեքիաթին»:
Հ.Գ. Մինչ գրում էի հոդվածը, դուռը թակեց մեր միամիտ հարեւանուհիներից մեկը՝ ձեռքին մի բլանկատիպ թերթ, եւ հետաքրքրվեց` կարո՞ղ է մեր ընտանիքի անդամների անունները գրել Գագիկ Բեգլարյանի օգտին «Հարյուրտոկոսանոց ցուցակում»: Սա արդեն «Հեքիաթ» չէր: Սա հայաստանյան իրականություն է, որը բնորոշվում է «Եվրատեսիլում» մեր ներկայացրած երգով` «Ջա՜ն, ջա՜ն»: