Ինչպես մայրաքաղաքի բոլոր համայնքներում, այնպես էլ Արաբկիրում եւ Էրեբունիում ապրիլի 1-ից մեկնարկել է բակերի բարեկարգման համաքաղաքային ծրագիրը: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ առաջին անգամ այս աշխատանքները կազմակերպվեցին 12 թաղապետարանների տեխնիկական եւ մարդկային համատեղ ռեսուրսներով:
Քաղաքապետարանի այս ծրագրի արդյունքում արդեն մեծ ծավալի աշխատանք է կատարվել բակերի բարեկարգման, սանմաքրման, կանաչապատման եւ լուսավորության գծով: Ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետի տեղեկացմամբ, միայն Արաբկիր համայնքից տեղափոխվել է 1700 խմ կենցաղային, 1400 խմ շինարարական աղբ: Իսկ Շինբարեկարգման վարչության պետը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կողմից նաեւ զգալի աշխատանք է կատարվել ասֆալտապատման ուղղությամբ: Մինչ օրս ասֆալտապատվել է շուրջ 36.000 քմ բակային տարածք, անցկացվել է 6.520 գծ/մ ոռոգման ներբակային ցանց: Այս ուղղությամբ աշխատանքները ավարտական փուլում են: Քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ միայն Արաբկիրում շուրջ 600 ծառ երիտասարդացվել է, 1000-ավոր ծառեր կրապատվել են: Ծաղկային տարածքներն ավելացնելու համար քաղաքապետարանը Արաբկիր համայնքին հատկացրել է 350 խմ բուսահող, 40 խմ կարմիր ավազ: Տնկվել է հոլանդական վարդի ավելի քան 1000 թուփ: Սկսվել են շենքերի պատշգամբների ծաղկային հորիզոնական եւ ուղղահայաց ձեւավորման աշխատանքները: Քաղաքապետարանի Բնապահպանության վարչության կողմից հատկացված 400 կգ բարձրորակ խոտի սերմով էլ նախատեսվում է ստեղծել նոր սիզամարգեր: Արաբկիրի բազմաթիվ բակերում, քաղաքապետ Գ. Բեգլարյանի հանձնարարությամբ, անցկացվում է լուսավորության նոր ցանց: 690 նոր հենասյուներ` նույն քանակի լապտերներով, արդեն տեղադրված են: Այս պահին անցկացվել է 11.800 գծ/մ նոր մալուխագիծ: Աշխատանքները դեռ շարունակվում են, եւ Գ. Բեգլարյանի շնորհիվ արդեն շատ շուտով չլուսավորված բակեր Արաբկիրում գործնականում չեն լինի: Լուսավորված բակերին նոր զրուցարաններ էլ են անհրաժեշտ: Դրանցից 10-ն արդեն տեղադրվել է, եւս 20-ը կտեղադրվի մոտ օրերս: Բարեկարգվող բակերին կհատկացվեն նաեւ նոր նստարաններ: Քաղաքապետարանը հատուկ հոգացել է երեխաների մասին. նորոգվել, նոր կարուսելներով են համալրվել բազմաթիվ բակերի խաղահրապարակներ, իսկ համայնքի 3 բակերում կառուցվել են նոր խաղահրապարակներ: Նման ծավալներով աշխատանքներն արաբկիրցիների աչքից չեն վրիպել: Արաբկիրաբնակ Լիլյա Վարդանյանին, օրինակ, զարմացրել է այն, որ աշխատանքները կազմակերպվել են միաժամանակ եւ տարբեր ուղղություններով. «Լուսավոր, ասֆալտապատ ու բարեկարգ բակ ունենք: Այն, ինչին մենք երկար ենք սպասել: Շնորհակալություն Գագիկ Բեգլարյանին այս նախաձեռնության համար»,- նշեց տիկին Լիլյան: Վրեժ Սիմոնյանն էլ գտնում է, որ այսպիսի արդյունավետություն ապահովվեց, քանի որ ծրագիրը քաղաքապետ Գ. Բեգլարյանի նախաձեռնությամբ իրականացվեց բոլոր համայնքների համատեղ ուժերով: «Ֆուտբոլ խաղալու համար այլեւս չենք գնա այլ բակեր: Մեր բակում նոր դաշտ են սարքել»,- ասում է 7-րդ դասարանցի Վարդանը:
Բակերի բարեկարգման համաքաղաքային ծրագիրը Երեւանի քաղաքապետարանի կողմից այժմ շարունակվում է ինչպես մայրաքաղաքի մյուս, այնպես էլ Էրեբունի համայնքում: Սանմաքրման ուղղությամբ Էրեբունու բակերից այս ընթացքում տեղափոխվել է 1700 խմ կենցաղային, 950 խմ շինարարական աղբ, 39.000 քմ բակային տարածք արդեն ասֆալտապատ է: Հատկապես անմխիթար վիճակում էին Էրեբունի համայնքի Նոր Արեշ թաղամասի բակերը, որտեղ նույնպես ասֆալտապատումն արդեն ավարտվել է: Այստեղ էլ լուսավորության անցկացման աշխատանքները թեւակոխել են վերջնական փուլ: Մինչ օրս տեղադրվել են 208 նոր հենասյուներ, շուրջ 250 լուսատուներ, անցկացվել է 9160 մետր նոր մալուխագիծ: Այստեղ էլ ըստ անհրաժեշտության 15 նոր զրուցարաններ եւ 20 նստարաններ են տեղադրվելու: Ընթացքի մեջ է 2 նոր խաղահրապարակների շինարարությունը: Ինչպես բակերում, այնպես էլ պուրակներում ու զբոսայգիներում Երեւանի քաղաքապետարանի այս ծրագրով երիտասարդացվել ու կրապատվել են 100-ավոր ծառեր: Նախատեսվում է ստեղծել նոր ծաղկային տարածքներ եւ սիզամարգեր: 1000 վարդի թուփ արդեն տնկվել է: Նոր Արեշ թաղամասի բնակչուհի Լուսինե Խալաթյանը այդ աշխատանքների կապակցությամբ ասաց. «Մեր թաղի բնակիչները հոգնել ու արդեն ձանձրացել էին անբարեկարգ փողոցներից: Ամենակարեւոր խնդիրը, որ քաղաքապետարանի կողմից կարճ ժամկետում լուծում ստացավ, համայնքային ու բակային փողոցների ասֆալտապատումն էր: Մեքենաները չէին կարողանում մոտենալ շենքերին, ամբողջը քարուքանդ էր: Դրան զուգահեռ՝ մեր բակն է լուսավորվել ու ընդհանուր բարեկարգվել: Բեգլարյանը, փաստորեն, ասեց ու արեց»: Գրիշա Սանթրոսյանն էլ ավելացնում է, որ այժմ արդեն իրենց բակը մարդաշատ է մինչեւ ուշ գիշեր, քանի որ լուսավոր բակում տեղադրվել է նաեւ զրուցարան, անգամ սեղանի խաղերի ներբակային առաջնություն են անցկացնում: Իսկ բակի նորոգված խաղահրապարակում երեխաների համար լիարժեք հանգստանալու բոլոր պայմանները ստեղծված են:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ