Հայ մարդն առանձնահատուկ վերաբերմունք ունի գրի նկատմամբ։ «Գիրս մնա
հիշատակող» կարգախոսով դարեր շարունակ մատյաններն են գրվել։ Իսկ հիմա
հաշվետվություններն են գրվում։ Տնտեսական հաշվետվություններ։ Դրանք
ակնհայտ գրվում են ոչ թե ժամանակակից մարդու, այլ դարերի համար։
Ժամանակակիցը երկրի տնտեսական ցուցանիշները հաշվետվություններով չէ, որ
ընկալում է։ Երկրի տնտեսության վիճակը սովորական մարդը սովորաբար
գնահատում է ամենակայուն չափանիշով՝ սեփական դրամապանակի պարունակությամբ։
Մնացած բոլոր ցուցանիշները դրամապանակից ածանցյալ են։ Իսկ Հայաստանի
տնտեսության պատմությունն ուսումնասիրող սերունդները կարդալու են
տնտեսական պաշտոնական հաշվետվությունները ու զարմանալու, թե ինչ փթթուն
սոցիալ-տնտեսական վիճակ է ունեցել շրջափակված Հայաստանը։
Դատեք ինքներդ։ 2005թ. առաջին կիսամյակի բյուջեն հիմնական բոլոր
ցուցանիշներով կատարված է։ Ավելին՝ եկամուտների մասով գերակատարված է։
Հարկային եւ ոչ հարկային մուտքերի գծով կառավարությունը կիսամյակի համար
պլանավորել էր 148,8 մլրդ դրամ։ Օրերս պաշտոնապես կհայտարարվի, որ այն
գերազանցվել է։ Հավաքվել է նախատեսվածից 4,5 մլրդ ավելի գումար։
Տրանսֆերներ եւս պետությունը նախատեսվածից մոտ 1 մլրդ ավելի է ստացել։ Այս
կատարում-գերակատարում հայտարարվելիք թվերը շատ համահունչ են ստվերային
տնտեսության ու կոռուպցիայի դեմ պայքարի պաշտոնական ծրագրերին։
Կառավարությանը վերջին տարիներին մշտապես հաջողվում է կատարել իր
տնտեսական հիմնական խնդիրը։ Այն, որ բյուջեն միշտ կատարվում է, տեսական
երկու հնարավոր ենթադրություն ունի։ Մեկ՝ որ Հայաստանը կայացած եւ
զարգացած երկիր է (ինչը անգամ տեսական մակարդակում չեն պնդի նույնիսկ
իշխանամետ տնտեսագետները)։ Երկրորդ՝ որ վերջին տարիներին բյուջետային
ցուցանիշներ մշակելիս դրանք ցածրացվում են, որպեսզի կառավարությունը
կարողանա առանց ճիգ ու ջանքի կատարել։ Այս երկրորդ ենթադրությունն առավել
հավանական է, քանի որ վերջին տարիներին բյուջեի մասին խորհրդարանական
քննարկումներն անցնում են հանգիստ մթնոլորտում։ Իրավական տեսանկյունից
հենց խորհրդարանի վրա էլ բարդվում է «համեստ աճի» բյուջեների ընդունումը։
Կառավարությունն անմեղ է։ Ինչ եւ ինչքան հանձնարարում են՝ կատարում է։ Ո՛չ
պոպուլիստ «Օրինաց երկիր»-ականները, ո՛չ սոցիալիստ դաշնակցականները չեն
փորձում նկատելիորեն մեծացնել բյուջեի մուտքերը կամ սոցիալական ծախսերը։
Կիսամյակային կատարողականի միակ թերակատարումը հենց ծախսային հատվածին է
վերաբերում։ Առաջին 6 ամիսների ծախսային պլանը նախատեսված էր 178 մլրդ
դրամի չափով։ Փաստացի այն կատարվել է 151 մլրդ դրամի չափով։ Մոտ 28 մլրդ
դրամանոց շեղումն իրականում բյուջեի թերակատարում է։ Բայց սա դժվար թե
հետաքրքրի որեւէ քաղաքական ուժի։ Բյուջեն սոցիալական լուրջ խնդիրներ չի
լուծում։ Ո՛չ թոշակառուներն են բյուջեի հաշվին ապրում, ո՛չ նպաստառուները,
ո՛չ էլ բյուջետային հիմնարկների աշխատակիցները։ Այսինքն՝ հասարակությունն
ինքը չի արձանագրի բյուջեի ծախսերի թերակատարումը։ Հետեւաբար, պոպուլիզմի
պարարտ հող չկա։ Դա չկա նաեւ շեղում արձանագրած մյուս ոլորտում եւս։
2005թ. առաջին կիսամյակում նախատեսված էր երկրի պարտքը նվազեցնել 4,6 մլրդ
դրամի չափով, եւ սա թերակատարվել է. մարվել է ընդամենը 3 մլրդ դրամ պարտք։
Ոչ ոք փողոց դուրս չի գա «Ինչո՞ւ չեք մարում արտասահմանյան պարտքերը»
կարգախոսով։ Չնայած բոլորն էլ գիտեն, որ իշխանությունները 1,6 մլրդ դրամի
մուծումը հետաձգելով՝ երկրի վրա տոկոս են ավելացնում։ Սա՝ այն դեպքում,
երբ կառավարությունը շարունակում է հայտարարել, որ շատ ավելի հավաքած փող
ունի, քան բյուջեով ենթադրվում է ծախսել։ Բյուջեի կատարողականի մեջ
շարունակում է շողալ «Ավանդ Կենտրոնական բանկում» տողը։ Այս հմայիչ
արտահայտությունը բյուջետային կատարողականում վերջին մեկ-երկու տարվա
նորույթ է։ 2005-ի հուլիսի 30-ի դրությամբ կառավարությունը հայտարարում է,
որ 43 մլրդ 311 մլն դրամ փող ունի Կենտրոնական բանկում։ Դա փաստորեն
ավելցուկ փող է, որը ծախսելու ծրագիր կառավարությունը չունի։ Այս գումարի
30 մլրդ-ից ավելին կանխիկ փող է, մոտ 12 մլրդ՝ զանազան արժեթղթեր են։ Այս
պարագայում արտերկրից փող ներքաշելու իշխանությունների ջանքերը բոլորովին
այլ հմայք են ստանում։ Պատկերացրեք, որքան դժվար է, ասենք, Քըրքորյանին
համոզել «Լինսի» հիմնադրամով 60 մլն դոլար տրամադրելը, երբ ինքդ նստած ես
դրան գերազանցող փողի վրա։ Բայց միանշանակ ասելը՝ իրակա՞ն փողի վրա ես
նստած, թե՞ նկարածի, դժվար է, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը եւ այն
արձանագրող վիճակագրությունը վաղուց են շեղվել դասական պատկերացումներից։
Մեզ այդպես էլ չի հաջողվում հասկանալ, թե ինչպես ենք արդեն 15 տարի ավելի
շատ ծախսում, քան արտադրում (ու ստանում)։ Այսօր փորձագետների համար
քննարկումների լուրջ թեմա է՝ մենք ՀՆԱ-ից ավելի՞ ենք ծախսում, թե՞ պակաս։
Հատկապես, որ ազգին առայժմ հաջողվում է ՀՆԱ-ից ավելի ծախսելու պարագայում
խնայողություններ անել։ Չե՞ք հավատում, ծանոթացեք բանկային պաշտոնական
հաշվետվություններին։ Յուրաքանչյուր բանկ ամեն տարի հրապարակում է
բնակչության ավանդների աճ։ Այնպես որ, բոլորս վարվում ենք ճիշտ ու ճիշտ
մեր կառավարության նման։