Սպանվել է ԱՄՆ քաղաքացի

19/05/2009

Անցած շաբաթավերջին Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում, ճամփեզրի ձորակում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացի, «ԼԻԼ-ՆԱՐ» ընկերության տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով: ՀՀ Ոստիկանության օպերատիվ ամփոփագրի համաձայն, դիակը հայտնաբերվել է մայիսի 15-ին` Ոստիկանության եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ: Բերբերյանի ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Դեպքի առթիվ մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «սպանություն»: Քննությունը վարում է Երեւանի Քննչական վարչությունը: «Նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարածների անունները չեն հրապարակվում»,- նշված է Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում: