Պատմությունը կրկնվում է

19/05/2009

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկարաձգել գազի մատակարարման համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2012թ.: Այդ մասին շաբաթ օրը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Արեւմուտքի ուղղությամբ Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գործող համաձայնագիրը, որը ստորագրվել է 1986թ., լրանում է 2012թ.: Մենք պայմանավորվել ենք անհապաղ սկսել այդ պայմանագրի երկարաձգման գործընթացը»,- ասել է Էրդողանը: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին ընդհանրապես, ապա եւ՛ Պուտինը, եւ՛ Էրդողանը հայտարարել են, որ 2 կողմերն էլ ցանկանում են ավելի խորացնել դրանք: Որպես վկայություն՝ նշվել է նաեւ այն հանգամանքը, որ ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայում կառուցել ատոմային էլեկտրակայանի 4 բլոկ: