Մեր թերթի նախորդ համարներից մեկում մենք մանրամասն անդրադարձել էինք ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղում տիրող բարքերին, մասնավորապես՝ նույն բուհի դասախոս Ֆեմիդա Դավթյանի ձերբակալմանը: Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին մարտի 27-ին` ուսանող Էդգար Ամիրյանից կաշառք վերցնելու պահին:
Այս «բեմադրության» ու դրամատիկ այլ իրավիճակների մասին մենք արդեն խոսել ենք: Սակայն մինչ օրս խմորումները շարունակվում են: Հոդվածի տպագրությունից ուղիղ մեկ շաբաթ հետո, մայիսի 21-ին առավոտյան ինձ զանգահարեց ձերբակալված դասախոսի քույր Նունե Դավթյանը: Վերջինս համարյա լացակումած սկսեց պատմել հոդվածից հետո Իջեւանում առաջացած աժիոտաժի մասին` նշելով, որ թեեւ իրեն սպառնում են իր ասածների համար ու պահանջում են հերքում գրել, բայց ինքն, այնուհանդերձ, պատրաստ է նոր տեղեկատվություն տրամադրել մեզ: Սակայն, քանի որ մեր հեռախոսազրույցը ձայնագրված չէ, ուստի ձեռնպահ կմնանք այն մանրամասն հրապարակելուց:
Ձերբակալված դասախոսի քրոջ հետ խոսակցությունը բավականին ծանր էր, հատկապես, երբ Ն. Դավթյանն ասաց, որ այդ հոդվածի պատճառով իրեն էլ սպառնում են ազատազրկել: «Հիմա էլ ինձ պարտադրում են, որ հերքումներ տամ: Ասում են` գնա ասա, որ ճիշտ չէ, թե չէ գործ կհարուցենք քո դեմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասում էր նա:
Ի դեպ, հենց հոդվածի լույս ընծայումից մեկ օր առաջ ինձ զանգահարեց նամակագիր աղջիկներից մեկի` Սվետլանա Փաշինյանի հայրը` Արտակ Փաշինյանը: Վերջինիս ասելով, այս պատմության մեջ կա նաեւ, այսպես ասած` երրորդ կողմ, որի մասին նա խոստացավ պատմել ավելի ուշ: Չնայած այս խառնաշփոթին, փորձեցինք այլ մանրամասներ պարզել: Եվ այսպես. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատմեց, որ շուրջ երկու տարի առաջ կրկին կանխվել է կաշառակերության դեպք։ Խոսքը արտասահմանյան գրականության դասախոս Կառլեն Մատինյանի մասին է: Ճիշտ է, ըստ Ա. Սիմոնյանի` նրա դեպքը տարբեր է Ֆեմիդա Դավթյանի դեպքից, որովհետեւ Կ. Մատինյանի մոտ չէին գտել վերցրած փողերը, բայց փոխարենը փաստերի ծանրակշռությամբ ապացուցվեց Կ. Մատինյանի մեղավոր լինելը: Իսկ դատաքննության արդյունքը եղավ այն, որ Կ. Մատինյանը ազատազրկվեց 6 տարով: Ըստ Ա. Սիմոնյանի` Կառլեն Մատինյանը եզակի մասնագետներից է, ով գերմանական գրականությունը մատուցում էր գերմաներենով: Ռեկտորը նույն ափսոսանքով խոսեց նաեւ Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի նախկին դեկան Արտակ Ճաղարյանի մասին, ով եւս, նրա համոզմամբ` հեռանկարային մասնագետներից էր: Իսկ ինչ վերաբերում է Ֆեմիդա Դավթյանին, ապա ԵՊՀ ռեկտորն ասաց, որ ինքը չի ճանաչում այդ դասախոսին, բայց լսել է, որ տարիներ առաջ Ֆ. Դավթյանը նամակներ էր ուղարկում նախկին պրոռեկտոր Էդվարդ Չուբարյանին: «ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի երջանկահիշատակ տնօրենը` Շավարշ Մարգարյանը, նրան ազատել էր աշխատանքից: Գիտեմ նաեւ, որ նա անընդհատ նամակներ էր գրում, որ իրեն հանիրավի ազատել են: Հետո նրան վերականգնեցին, որովհետեւ այն ժամանակ մեծ անհրաժեշտություն կար բուհը ապահովել տեղական կադրերով: Իսկ ինքը նաեւ գիտությունների թեկնածու էր ու տեղացի»,- նշեց ԵՊՀ ռեկտորը` ավելացնելով, որ ինքն այլ մանրամասնություններ չգիտի: Իսկ ԵՊՀ դասախոսներից Դավիթ Հայրապետյանը, ով շաբաթը մեկ անգամ դասավանդում է նաեւ Իջեւանի մասնաճյուղում, խոսեց տեղի ուսանողների բարձր որակի մասին: Ըստ դասախոսի` այնտեղ կան շատ խելացի ուսանողներ, ովքեր շատ հանգիստ կարող են մրցակցել Երեւանում: Սակայն ուշագրավ էր Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտից ստացած մեր տեղեկատվությունը. պարզվում է` այդ ինստիտուտում երբեւէ Ֆեմիդա Դավթյան անուն-ազգանունով դասախոս չի աշխատել: Ինստիտուտի ռեկտորատից նման պատասխան ստացանք, երբ հետաքրքրվեցինք Ֆ. Դավթյանի մասին: Մինչդեռ Նունե Դավթյանը քրոջ` Ֆ. Դավթյանի մասին պատմելիս ասել էր, որ Ֆ. Դավթյանը հիմնականում լինում էր Երեւանում, դասավանդում էր նաեւ Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, եւ միայն շաբաթական երեք անգամ էր դասավանդում Իջեւանի մասնաճյուղում:
Այսպիսով` մենք պարզեցինք նաեւ հերթական ֆարսը: Սակայն այս պարագայում հետաքրքիրն այն է, որ բոլոր կողմերն էլ ասես խուսափում են հարցադրումներից ու հորդորում են` «մի փոքր սպասել»: