Մայիսի 17-ին մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեւդա Սեւանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրող Սեւդա Սեւանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, բուլղարահայ գրող Սեւդա Սեւանի անժամանակ մահվան մասին: Սեւդա Սեւանը օտարագիր հայ նորագույն գրականության ակնառու ներկայացուցիչներից էր: Նրա ստեղծագործությունը կրում է հայրենազրկման հսկայական ցավի կնիքը, որն ունեն Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հարյուր-հազարավոր հայրենակիցներն ու նրանց ժառանգները: Գրականությունն այն միջոցն էր, որով նա բարձրացնում էր ճշմարտության ձայնն ընդդեմ ուրիշի ցավի նկատմամբ աշխարհի լռության ու անտարբերության: Նա ձգտում էր խոսքի ուժով ամրացնել մարդկության դիմադրությունը նմանօրինակ ոճիրների կրկնության հանդեպ: Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երկար տարիներ պաշտոնավարելով որպես մեր երկրի ներկայացուցիչ եղբայրական Բուլղարիայում, նա իր ավանդն էր բերում հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, մեր ժողովուրդների ու մշակույթների փոխադարձ հարստացմանն ու ճանաչողությանը: Սեւդա Սեւանը անմնացորդ սիրում էր Հայաստանն ու Արցախը: Նա մեր երկրի, հայ եւ բուլղար մշակույթների անմնացորդ նվիրյալներից էր, ում գործերը հավերժ հիշեցնելու են մեր ժողովրդի վերապրած ողբերգության եւ վերածննդի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում անվանի գրողի հարազատներին, մերձավորներին ու նրա գրականության երկրպագուներին»: